Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով

Վերլուծություն

Վեց տարվա մեջ հայաստանյան քաղաքական միտքը ոչ մի նոր բան չմոգոնեց, քան այն, որ կարելի է կրկնել 2018 թվականին կիրառված արեւմտյան տեխնոլոգիաները՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Կիրանցից մեկնարկած քայլերթ՝ հատուկ գրված երգի ներքո, ճանապարհին շուն ու գառ, շարժման սիմվոլ տատիկ, զուգահեռներ Ազգային հերոս Մոնթեի կերպարի հետ… Ամեն ինչ գծած կրկնվում է: Իշխանության «սազանդար» Պետրոս Ղազարյանն էլ շտապել է հեգնել. «Իսկ Ռադիոտուն մտնելո՞ւ են»: Հարց է ծագում՝ ամերիկացի քաղաքական գիտությունների պրոֆեսոր, աշխարհում պետական ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարի ձեւերի մասին գրքերի հեղինակ Ջոն Շարփն ունի ոչ բռնի գործողությունների համար 198 մեթոդ մշակած, ինչո՞ւ է մեր երկրում հին «պլաստինկի» պես, անընդհատ նույն մեթոդը կիրառվում: Արդյունքում ստացվեց այնպես, որ քայլիստներին մերժելով՝ հիմա էլ այս թեւն է քայլում ու քայլում… Ինչեւէ, երկրին ավեր ու ողբ բերած իշխանությունից ազատվելու համար պայքարողները, կարծես թե, համաձայն են հնարավոր բոլոր մեթոդների հետ, միայն թե հնար լինի ազատվել Նիկոլից ու նիկոլիզմից, բայց թափ առնող շարժմանը ցեցի պես կրծում են տարբեր կողմերից կասկածները, թե՝ այս անգամ ինչակա՞ն է շարժումը ու ի՞նչ հետեւանքների այն կարող է բերել: Լավատեսներն ասում են, որ Աստծով են հաղթահարելու բոլոր խնդիրները, քանի որ առաջնորդողը շարժման բարձրաստիճան հոգեւորական է՝ ի դեմս Բագրատ սրբազանի, վատատեսները՝ վտանգավոր սցենար են տեսնում, իսկ իրատեսները դեռ չեն շտապում շատ ոգեւորվել:

Ի ՎԵՐՋՈ՝ ԻՆՉԱԿԱ՞Ն Է ՄԵԿՆԱՐԿԱԾ ԵՐԹԸ

Հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե արդյոք ինքնաբուխ է այս շարժումը եւ բացառապես ղեկավարվում է եկեղեցականի կողմից, որի առաջնորդությամբ երթով գալիս են Երեւան եւ մայիսի 9-ին լինելու են Հանրապետության հրապարակում: Հատկանշական է այն, որ իշխանական քարոզչամեքենան ո՛չ ավել, ո՛չ պակաս Բագրատ սրբազանին հռչակեց «ԿԳԲ-ի գործակալ» եւ «Կրեմլից ղեկավարվող»՝ դրանով փորձելով գրգռել շարժման դեմ հակառուսներին: Սակայն այս փչած փուչիկը միանգամից պայթում է` զուտ նույն Բագրատ Սրբազանի կենսագրությունը կարդալով: Անգլիայում եւ Կանադայում ուսանած հոգեւորականին, որն արժանացել է Եղիսաբեթ 2-րդի ադամանդյա հոբելյանի մեդալին, «ռսի ագենտ» ասելը միայն ծիծաղ կարող է առաջացնել: Էլ չասենք, որ Բագրատ սրբազանի հետ քայլում է անգամ ԱԻՄ ԿԳԲատյաց առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ռուսաստանին թշնամի համարող ԱԺԲ-ական Ծռերը երթի ուղիղ եթերն են ապահովում, իսկ դեպի Արեւմուտք տենչացող Էդմոն Մարուքյանի կուսակցությունից ԼՀԿ-ական Անի Սամսոնյանն էլ հայտարարում է. «Բագրատ Սրբազանին սպասում ենք Երեւանում» (վերջինի մասով նույնիսկ սոցցանցում կատակում էին, թե՝ Բագրատ սրբազանը երբ իմացել է, թե Երեւանում ինչ «Լուսավոր» ուժեր են իրեն սպասում, շուռ է եկել ու հետ է գնում): Ավելին՝ երբ այս շարժումը դեռ նոր-նոր էր սաղմնավորվում, առաջինը հայտարարություններով հանդես եկան ոչ թե Ռուսաստանի հայերը, այլ՝ սփյուռքյան այնպիսի օջախներից, որոնց ձեն-ծպտունը դժվար է հիշել, թե երբ էինք վերջին անգամ լսել: Այսպիսով՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, ապա Շվեդիայի Հայկական Միությունների համադրող կենտրոնը հանդես եկան խիստ հայտարարություններով ու իրենց աջակցությունը հայտնեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Նշենք նաեւ, որ Ռուսաստանն ավանդաբար չի սիրում փողոցային շարժումներ, դրանք համարելով անկանխատեսելի, ինչը կարող է ամեն պահի պայթեցնել տարածաշրջանը։ Եվ որքան էլ այլեւս չհանդուրժեն Նիկոլ Փաշինյանին, դժվար է պատկերացնել, որ «շիրա» են տալու հերթական փողոցային իշխանափոխությանը: Սրանք զուտ փաստեր են, որոնք մտածելու տեղիք են տալիս, բայց ոչ միանշանակ եզրակացություն: Չէ որ 2018-ի պես, հիմա էլ նույն լոզունգներն են հնչում. «Ով այս շարժումը կապի ինչ-որ անձի կամ ուժերի հետ` թշնամի է», այն ժամանակ էլ ասում էին՝ «Ով թավշյա հեղափոխության հետ չէ, նախկին թալանչի դուրսպրծուկ է»: Մինչդեռ ժամանակն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած 55 պատգամավորը ճիշտ էին, իսկ մի ամբողջ ազգ սխալվեց:

ՀԵՏՈ ՉԱՍԵՆ՝ ԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՉԻ ԵՂԵԼ

Հիմա էլ ասել, թե սխալվելու հավանականությունը զրոյական է, միամտություն կլինի: Առնվազն դժվար է չհամաձայնել Հանրային կառավարման եւ քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ, ով զգուշացնում է. «Հիշեք, որ Նիկոլն ու Ալիեւը կյանքի ու մահու կռիվ են տալու՝ Նիկոլն իր անպետք կյանքի համար, իսկ Ալիեւը՝ անպետքին մեր գլխին պահելու: Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգեւորությունը՝ նույնպես: Հաղթել եք ուզում, պատրաստվեք եւ կազմակերպվեք: Ոչ բռնի պայքարի գործընթացը շուտով ակտիվ փուլ է մտնելու»: Ինչ խոսք, թե կուլմինացիոն փուլում ինչպես կարող է իրեն դրսեւորել ուղիղ եթերում սեղանին ջուր շփող Նիկոլ Փաշինյանը, հատկապես, եթե երկու բաժակ էլ խմած լինի, բավական անկախատեսելի է: Չմոռանանք, որ 2018-ի իշխանափոխությունը ոչ թե թավշյա, այլ արյունոտ կարող էր լինել, եթե այդ ժամանակ երկրի վարչապետ, ՀՀ երրորդ նախագահի համար սկզբունքային հարց չլիներ սեփական ժողովրդի վրա չկրակելը: Իսկ յուրաքանչյուր վատատեսական սցենար, գցելու են եկեղեցու «ջեբը»: Մանավանդ, որ Բագրատ սրբազանը շեշտել է. «Առանց Վեհափառ հայրապետի օրհնության, մենք չենք գործում։ Հայոց Հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»: Թերեւս, այս սցենարի մասին է զգուշացնում նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը. «Պետական հասարակարգում եւ մարմիններում ուրույն տեղ զբաղեցրած, որոշակի ճանապարհ անցած գործիչները եւ ուժերը, որոնք անմիջական պատասխանատվություն ունեն պետության ներկայի եւ գալիքի համար՝ լուռ են, ստվերում են: Այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. փոխանակ իրենց՝ հոգեւոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի: Այո՛, հոգեւորականներին ի վերուստ տրված կոչումն է նաեւ ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգեւոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ եւ ինքնե՛րդ գործեցեք: Վե՛րջ տվեք պետական դավադրությանը, որը, ահա, այսքան տարիներ խարխլում է հիմերը Հայոց պետականության…»:

ՀԱՍՆԵԼՈՎ ԵՐԵՎԱՆ՝ Ո՞ՒՄ ՁԵՌՔԸ ԿՍԵՂՄԻ ՍՐԲԱԶԱՆԸ

Իհարկե, հասկանալի է, որ մարդկանց համբերության բաժակը լցված է եւ այս իշխանությունից ազատվել՝ այն էլ օծված արքեպիսկոպոսի ձեռամբ, իսկական օրհնություն է թվում: Այս առումով տեղին է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ դիտարկումը. «Եթե ուզում եք դուք ձեզ подножка չտաք, իր կողմից առաջնորդվող պայքարում Բագրատ Սրբազանին մի սարքեք փրկիչ, սուրբ, մեսիա... Քանզի փրկիչներից, սրբերից ու մեսիաներից հրաշքներ են ակնկալվում, պահանջվում, մինչդեռ քաղաքական, գոյաբանական այս հայտի մեջ պայքար է պետք, կռիվ եւ ոչ մի հրաշք... կոշտ ու անզիջում պայքար, քանի որ պատրաստ պետք է լինեք բախվելու գործողների հետ, որոնք իշխանություն որեւէ կերպ չեն զիջելու անգամ բազմաթիվ զոհերի գնով: Իսկ այ, եթե հանկարծ զիջեցին, այ դա ուրեմն այլ, հետաքրքիր թեմա է... եռաչափ կոնսենսուսի ֆորմատով, ինչպես մոտավոր 2018-ին էր...»: Ա. Ղեւոնդյանը եւս մի ուշագրավ դիտարկում է արել՝ ընդգծելով, որ կարեւոր է այն, թե Բագրատ Սրբազանը, հասնելով Երեւան, ում ձեռքը կսեղմի։ Մոտավորապես նույն դիտարկումն արել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը «Իրավունք»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ՝ «2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով»:

Ակնհայտ է, որ եթե այս իրադարձությունները չեն կառավարվում արեւմտյան որոշ դեսպանատներից, ապա առնվազն նրանք փորձելու են «կրակից» շագանակներ քաղել եւ լավագույն դեպքում՝ «Նիկոլ-2» բերել մեր գլխին: Մինչդեռ «Մեկ առողջություն» կոալցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ավելի վատատեսական սցենարի մասին է զգուշացնում. «Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով»: Բնական հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հանկարծ հավաքական Արեւմուտքին եւ Միացյալ Նահանգներին սկսեց խանգարել Նիկոլ Փաշինյանը՝ յուր «ուսապարկերով»: Բանն այն է, որ Նիկոլն արդեն վարկաբեկում է ոչ միայն ինքն իրեն, այլ այդ նույն Արեւմտյան կառույցներին: Փաստ է, որ իր ռեպրեսիվ դրսեւորումներով նա արդեն վաղուց կարմիր գծեր է անցել, ինչին Արեւմուտքն, ուղղակի, երկար աչք փակել չի կարող, որքան էլ ցանկանա: Այս դեպքում զոհասեղանին դրված է իրենց հեղինակությունը, մինչդեռ նույն Արեւմուտքը մեր տարածաշրջանում երկարաժամկետ ծրագրեր ունի: Իրենք շատ լավ տեսնում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները, վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը զրոյացվում է, չունի այլեւս ժողովրդի աջակցությունը: Իսկ նման ֆիգուրը իրենց համար խնդրահարույց է, հատկապես, երբ վերջինս փայլուն քանդող է, բայց ոչ կառուցող, ասենք՝ եթե վաղը Հայաստանը որոշեն կառուցել ՆԱՏՕ-ական երկիր: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դարձել է օրակարգային, իսկ արեւմտամետների հանկարծ հականիկոլական դառնալը պայմանավորված է հենց դրանով: Արեւմտամետ մի շարք ուժեր այս օրերին մի կողմից քաստինգ են անցնում Արեւմտյան դեսպանատների ուշադրության ներքո, մյուս կողմից դաշտը լցնում իրենցով, որ ամեն դեպքում հակառուսական կուրսը երկրում կարողանան պահել՝ Նիկոլով, թե՝ առանց Նիկոլի:

ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼԻՆ ԲՈԼՈՐ ՄԵՐԺՈՂՆԵՐՆ ԵՆ ԴԱՇՆԱԿԻՑ

Այնուհանդերձ, այսքանով հանդերձ էլ դժվար է չհամաձայնել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել սրբազանի հետ, ով, անդրադառնալով դեպի Երեւան շարժվող երթին, ասել է. «Ես մաղթում եմ, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռետեսությանը։ Ես այստեղ ուզում եմ պարտություն գրանցել, մե՜ծ ցանկություն ունեմ պարտություն գրանցելու»: Իսկ թե ով կպարտվի, ով՝ կհաղթի, արդյոք ոգին կհաղթի «դուխին», պարզ կդառնա շատ շուտով: Համենայնդեպս, այն ցայտնոտը, որ սկսվել է իշխանական գրպանային ուժերի մոտ, հիստերիկ ջղաձգումները, որոնք առկա են նիկոլական քաղտեխնոլոգների շրջանում, որոշակի հույսեր են արթնացնում: Իսկ իշխանական խորտակվող նավից այնպիսի դեմքեր են մազապուրծ եղել ու հայտարարել, որ միանում են Բագրատ սրբազանին, որ, իսկապես, ազգային եւ քրիստոնեական արժեքներ կրողների մոտ դիսոնանս է: Օրինակ, ինչպե՞ս քայլել Նիկոլի «հեղափոխության պահապանների» հետ, մի՞թե այս մարդիկ դարձի են եկել, թե՞ ժամանակին պղտոր ջրում էին ձուկ որսում, հիմա էլ պարզ ջուրն են եկել պղտորեն, դե եթե ձուկ էլ բռնեցին, շատ ավելի լավ: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է դառնալ Բեթմենը եւ փրկել այդ խորտակվող նավը: Նա հայտարարել է, որ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին, ինչ վերաբերում է մեկնարկած երթին, նշում է. «Ես չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»: Թե ի՞նչն է առաջարկը, երթի առաջնորդները, իսկապես, փակագծեր դեռ չեն բացում, բայցեւ իշխանություն գրավելու նկրտումներ էլ, համենայնդեպս, մինչեւ այս պահը ոչ Բագրատ սրբազանի, ոչ այլ հոգեւորականի շուրթերից չի հնչել:

Բնական է, որ շարքային քաղաքացիները նաեւ ուշիուշով հետեւում են քաղաքական ուժերի վարքագծին, թե ովքեր են միանում, ովքեր են ավելի զուսպ: Բայց այս առումով էլ կողմնորոշվելը հեշտ չէ: Չէ որ նույն 2018 թվականին քոչարյանականներ կային, որոնք շամպայն էին գմփցնում՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի առթիվ, ԱԺԲ-ն ընդհանրապես երդում էր տալիս կրծքով պաշտանել Նիկոլի իշխանությանը, էլ չասենք, թե ինչպիսի մեծ ծառայություն մատուցեցին ՀՅԴ-ականները, այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու մնացյալը, որոնք այսօր էլ հանդես են գալիս այս շարժման ամենաթունդ պաշտպանի դիրքերից ու էլի պրոցեսների զարգացման կիզակետում են: Այս առումով ավելի քան պարզ ու հստակ ընդգծել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը. «Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին մերժում են, իմ դաշնակիցը չեն, ամեն մեկն իր նպատակն ունի Նիկոլին մերժելու, հրահանգավորված մերժում ինձ պետք չէ, իմ պայքարը Նիկոլի դեմ չէ, որպես կերպար, իմ պայքարը նիկոլիզմի դեմ է՝ որպես երեւույթ, իսկ նիկոլիզմի մեջ գլոբալ առումով նաեւ ԱԺԲ-ն է մտնում եւ որոշ այլ ուժեր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282744&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ