ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԿԼԻՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ՞ ՈՉ

Վերլուծություն

Ազգային ժողովի  վերջին հարց ու պատասխանը  նմանվում էր  իսկապես,  ինչպես Նիկոլն ասաց, չորրորդ դասարանի մակարդակի  անիմաստ լեզվակռվի: «Հայաստան» դաշինքը փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ նրանք ընդդիմադիրներ են: Սակայն որեւէ լուրջ բովանդակային  քննարկում կազմակերպելու փոխարեն  զոռ տվեցին  լկտի բառապաշարին, ինչով ամբողջությամբ նմանվեցին Նիկոլին ու իր ՔՊ-ականներին, որոնք այս անգամ, ի դեպ, հունից դուրս չեկան: Եվ եթե «Հայաստան» դաշինքի նպատակը հերթական անգամ հրմշտոց սարքելն էր եւ հեռուստացույցով ցույց տալն էր, թե` տեսեք-տեսք ինչքան ենք մենք ընդդիմադիր,  ապա նիկոլականները սովորեցին, որ այդ  խաղը չպիտի խաղան եւ  ավելի շահեկան դուրս եկան: Թեեւ ամենաշահեկանը իրավիճակից դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որն պարզապես չմասնակցեց այդ թատերական ներկայացմանը:

Քոչարյանականները անիմաստ «բազարների » մեջ

 Ամենա «խիզախ տղեն» փորձեց ներկայանալ Ռոբերտ Քոչարյանի որդի` Լեւոնը: Նա  Նիկոլի հետ խոսում էր դու-ով եւ վիրավորանքներ արտաբերում: «Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած: Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Ալիևը թո՞ւյլ է տալիս քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,-ասաց նա:

Մինչ Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք: Պարտվածը դուք եք այս պահին»:

Իսկ վարչապետը, ի պատասխան, ասաց. «Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշել, թե որտեղ եք գտնվում։ Սա ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ՝ հորդորը կրկնելու առիթ չեք տա»:

Պատկերացնո՞ւմ եք բանը հասել է նրան, որ Նիկոլը պարկեշտության դասեր է տալիս եւ ինչքան էլ տարօրինակ էր այդ դասը տեղին էր: Բանն այն է, որ Ազգային ժողովը էժանագին  շուկայանման լեզվակռվի վերածելը  խոսում է այն մասին, որ  թե՛ գլխավոր ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միմյանց  արժանի են ամբողջ պետությունը վերածելով  ցածրոակ «բազառների» մի դաշտի:

Ի պատասխան քոչարյանական դաշինքի  բազմաթիվ հարցերի, որոնցով իբր պետք է խեղճացնեին Նիկոլին, վերջինս ձեռ առնելով  ցինիկ պատասխանում էր, թե «խի՞ եք մոռացել դավաճան, հողատու… շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք»: Եվ, ի վերջո, մեղադրեց  քոչարյանականներին իրենց սկզբունքներից ետ կանգնելու մեջ:

Եվ իսկապես, եթե Նիկոլը  դավաճան ու հողատու է, ապա ի՞նչ իմաստ ունի նրան տալ հարցեր, իր հետ քննարկել ինչ-որ բան: Ի՞նչ ակնկալիքով է դա արվում: Արդյո՞ք այդ քննարկումից հետո Նիկոլը կդադարի լինել դավաճան ու հողատու, կամ արդյո՞ք հարց տալով կամ թեկուզ վիրավորելով հնարավոր է դավաճանին դարձնել ոչ դավաճան: Իհարե` ոչ: Այս դեպքում ո՞րն է «Հայաստան» դաշինքի հարց տալու կամ էլ թե չէ «քոքոզանալու» իրական նպատակը:

Հիմա ո՞վ է թալանչի…

Բազմիցս հնչել է այն գաղափարը, որ խորհրդարանական հիմնական ընդդիմությունը, այսինքն` «Հայաստան» դաշինքը  մնալով խորհրդարանում, մասնակցելով  ԱԺ նիստերին, ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին, գնալով ԱԺ-ից տարբեր գործուղումների եւ այն, ըստ էության, համագործակցության մեջ է Նիկոլի եւ իր թայֆայի հետ: Եվ ամբողջությամբ, այդ դեպքում, կրում է իշխանության հետ հավասար երկրում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բազմիցս հարց է հնչել, թե ինչո՞ւ մինչ օրս  գլխավոր ընդդիմությունը  չի հրաժարվել  մանդատներից, քանի որ դավաճանի ու հողատուի հետ որեւէ հարցի քննարկում, որեւէ ֆորմատով շփումը նշանակում է հանդուրժողականություն այն քաղաքականության, որը այդ դավաճանն ու հողատուն իրականացնում է: Եվ այդ հարցի պատասխանը, թե ի՞նչ է անում  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը խորհրդարանում մինչ օրս, այդպես էլ չի հնչել: Ակնհայտ է, որ եթե «Հայաստան» դաշինքը վայր դնի մանդատները, նույնը կանի նաեւ  «Պատիվ ունեմ»-ը եւ դա կառաջանի խորը քաղաքական եւ խորհրդարանական ճգնաժամ Նիկոլի համար:

Ազգային ժողովում հարց ու պատասխանը քոչարյանականներին ձեռնտու չի նաեւ այն պատճառով, որ տնտեսական հարթության մեջ Նիկոլին հաջողվում է իրեն իբր  մեղադրանք ներկայացնող հարցերը շուռ տալ հենց քոչարյանականների դեմ: Այսպես` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Նազարյանի հարցին «Սպարտակ» մարզադաշտի ու թենիսի կորտերի վերաբերյալ Նիկոլը  մեկնաբանեց այնպես, որ հենց նույն «Հայաստան» խմբակցության ներսում պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ժամանակին  միլիարդավոր դրամներ արժեցող պետական գույքը  զրո դրամով  փոխանցել են  ինչ-որ հ/կ-ների: Ինչքան էլ տարօրինակ է ո՛չ Նիկոլը հայտարարեց, թե կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության ղեկավարը կամ նույն Լեւոն Քոչարյանը չպահանջեցին, որ հրապարակվեն կոնկրետ պատգամավորների անուններ, կոնկրետ գործարքներ, կոնկրետ հասարակական կազմակերպություններ: Երկու կողմն էլ տեղ թողեցին  համագործակցությունը շարունակելու համար եւ կամուրջներ չայրվեցին:

Մյուս կողմից, եթե Նիկոլը  ակնարկում է, որ այդ  միլիարդավոր դրամների գույքը ապօրինի է տրված եղել, ապա ինչո՞ւ է շարունակում այդ ապօրինությունները, չի կանխում դրանք եւ չի պատժում այդ ապօրինութնունները թույլ տված նախկին պաշտոնյաներին: Իր այդ անգործությունը նա  շղարշում է իբր իրավական պետություն լինելով: Այսինքն` ինքն իրեն հակասում է: Եթե գործարքը ապօրինի է, ապա իրավական պետության մեջ այն պետք է ստանա համապատասախան իրավական ընթացք, իսկ եթե գործարքը օրինական է, ապա ինչո՞ւ է  այդ դեպքում Նիկոլը խոսում միլիարդավոր դրամների մասին: Եվ, ընդհանրապես, այդ դեպքում ինչո՞ւ է ամեն քայլափոխին ղժղժում, թե նախկինների ժամանակ եղել է թալան: Այդ արտահայտությունը, իհարկե, դուր է գալիս ժողովրդի համապատասխան մասին, սակայն 6 տարի այն կրկնելով ու ամեն առիթով  հների հետ համեմատվելով Նիկոլը արդեն  համը հանում է: Միայն վերջին հարց ու պատասխանի ընթացքում  նա նախկիններիի հետ համեմատվեց ոչ միայն նշված մարզադաշտի հարցին պատասխանելով, այլ նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների ու բանակում  ոչ մարտական կորուստների հարցերի շուրջ խոսելիս:

Վերադարձ դեպի Արցա՞խ, թ՞ե ինտեգրում ՀՀ-ում

Ի դեպ, կատարյալ շիլա-շփոթ է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մտքերում արցախահայության եւ Արցախի ապագայի վերաբերյալ: Երկու կողմից էլ խոսում են արցախահայերին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելու ծրագրերի անհարժեշտության մասին:

Միաժամանակ Նիկոլը անընդհատ խոսում է արցախահայերի բռնի տեղահանման մասին, իսկ  «Հայաստան» դաշինքի պատգամավորները իրենց առջեւ  դրել են Արցախի դրոշը, որը, ցավոք սրտի, մնացել է միայն իրենց սեղանների վրա եւ որպես լոկ բարի ցանկություն հիշատակում են արցախահայությանը Արցախ վերադառնալու մասին: Սակայն հարց է ծագում, եթե արցախցիները ամբողջությամբ ինտեգրվեն Հայաստանի Հանրապետությունում, ապա էլ ինչո՞ւ են վերադառնալու Արցախ, երբ խիստ մշուշոտ են այդտեղից Ադրբեջանի հեռանալու հնարավոր տարբերակները: Ի պատասխան ընդդիմության պահանջների, թե ապահովեք բնակարաններով արցախահայությանը, Նիկոլը գլուխ գովալով պատասխանում է, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որ ընդունեց 100 հազար փախստական առանց  վրանային ավանների: Իսկ Տավուշի մարզի  սահմանամերձ գյուղերում արցախահայերի համար կառուցվում են տներ:

Այն, որ Նիկոլը ամեն ինչ պետք է անի Արցախը մոռանալու եւ արցախցիներին  այնտեղ չվերադարձնելու համար ակնհայտ է: Սակայն ի՞նչ է իրականում ուզում «Հայաստան» դաշինքը: Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ընդդիմադիր հանրահավաքում, որտեղ  տոն էին տալիս, այսպես կոչված, «Փրկության կոմիտեի» անդամները, Նիկոլից պահանջ էր դրվում ոչ թե պաշտպանել Արցախը, այլ արագորեն այդտեղից տեղահանել արցախահայերին, դրանով դատարկելով Արցախը եւ այն հանձնելով Ադրբեջանի տնօրինմանը:

Եթե իսկապես ուզում ենք վերադարձնել Արցախը, ապա պետք է նայել, թե ինչպես դա իր համար արեց Ադրբեջանը, որը 30 տարի պահպանեց վրանային ավանները եւ բոլոր օտարերկրյա պատվիրակություններին անպայման տանում էր  այդտեղ ցույց տալու, թե ինչպես են «հայերը օկուպացրել» այդ մարդկանց  տները: Այնպես որ կա՛մ Արցախի վերադարձ, բռնի տեղահանվածների համար Արցախում եղած սեփականության վերականգնում եւ Արցախը կրկին հայկական բնակչության ետբնակեցում, կա՛մ  նիկոլական ծրագրեր Հայաստանում արցախցիներին ամբողջությամբ ինտգրելու, իսկ իրականում նաեւ  հնարավորինս Հայաստանից դուրս մղելու վերաբերյալ:

Իսկ Հայաստա՞նը

Սակայն Ացախի հարցը կարծես թե արդեն անցնում է եկրորդ պլան եւ առաջ է գալիս հենց Հայաստանի  ապագայի  կամ ավելի ճիշտ` ապագա չունենալու հարցը: Նիկոլը  ի պատասխան Ադրբեջանի շատ առարկայական պատերազմի սպառնալիքի, մանթրայի նման շարունակում է կրկնել «խաղաղության  պայմանագիր, խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ», իսկապես խղճահարություն առաջացնող թեզերը: Բանակը ուժեղացնելու փոխարեն նիկոլականները  ընդունում են օրենք` փողով բանակ չծառայելու մասին ու հայտարարում, որ այդ հարցում «Հայաստան» դաշինքի հետ եկել են կոնսենսուսի: Եթե այդպես շարունակվի, ապա ցանկացած հանցագործություն ՀՀ քրեական օրենսգրքում պետք է ունենա  պատժի գումարային  էկվիվալենտը: Օրինակ` գողության համար 1 մլն, սպանության համար 10 մլն եւ այլն: Ու ամենատարօրինակն այն է, որ այս ծայրահեղ վտանգավոր  իրավիճակում Նիկոլը շարունակում է  գլուխ գովալ տնտեսական աճի վերաբերյալ, խոսում է բյուջետային մուտքերից ու  հպարտանում, թե քանի դպրոց է կառուցել: Արցախում նույնպես կառուցում էին դպրոցներ եւ խոսում `տնտեսական աճի մասին, սակայն ո՞ւմ մնացին այդ դպրոցները ու ճանապարհները: Եվ քանի կոպեկ արժե այն դպրոցը, որի պատմության դասագրքում չկա Արցախ, չկա հայոց ոգի, չկա հայկականություն:

Այդ գլուխ գովալը հավանաբար Նիկոլի համար արդեն մեկնարկած նախընտրական շոուի մի մասն է: Եվ այս ուղղությամբ նա նորանոր «PR» ակցիաներ է անում: Այդ նախընտրական տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաեւ «Հանրային ձայն» կուսակցության  պառակտումը եւ այդ կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները: Հենց նույն նախընտրական տրամաբանության մեջ էլ տեղավորվում է նաեւ «Հայաստան» դաշինքի հռետորաբանությունը:

Սակայն ընտրությունները կլինեն, թե ոչ, այդքան էլ կարեւոր չէ: Կարեւոր է կլինի՞ Հայաստանը, թե՞ ոչ:

Ա. Հովհաննիսյան

 

https://iravunk.com/sim/?p=274130&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ