Հերի՛ք է խաբեք ժողովրդին, գեղեցիկ լոզունգներով տանում եք Արցախը վերջնական կործանման. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Ներքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՍԿԱՑԵ՛Ք, ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ՉԷ»

— Արցախի Ազգային ժողովը կոչով դիմել է ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը: Ըստ Ձեզ` որեւէ արդյունք կարելի՞ է ակնկալել:

— Այս հարցով հազարումի դիմում է հղվել ՄԱԿ անդամ պետություններին՝ 1988 թվականից սկսած: Մինչեւ օրս ՄԱԿ անդամ եւ որեւէ պետություն, կարծես թե, տրամադրված չէ ճանաչելու Արցախի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Եթե այն ժամանակ, երբ Արցախը շատ ավելի լավ վիճակում էր, եւ բանակցային գործընթացում էլ քննարկվում էր կարգավիճակի հարցը, ՄԱԿ-ի որեւէ պետություն Արցախի անկախությունը չճանաչեց, ապա այսօր քիչ թե շատ իրատես քաղաքական գործիչը, փորձագետը հասկանում է, որ սա ֆանտաստիկայի ժանրից է: Պարզ է, որ ՄԱԿ-ը չի ճանաչել եւ չի էլ ճանաչելու: Արցախն այսօր երեք տարբերակ ունի՝ կա՛մ միանալ Հայաստանին, կա՛մ՝ Ռուսաստանին, կա՛մ՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Հայաստանին միանալու տարբերակը, ինչպես տեսնում ենք, արդեն անիրական է, Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողություն սահմանել նշանակում է Արցախի վերջը, հետեւապես մնում է մի տարբերակ՝ դիմել Ռուսաստանին, ինչի մասին բազմիցս ասել եմ: Արցախի իշխանությունները փոխանակ դիմեն սրան-նրան, Արայիկ Հարությունյանը փոխանակ նստացույց անի իր կաբինետի դիմաց, ինչը տարօրինակ վարքագիծ է, պետք է խնդրեն Ռուսաստանին, որպեսզի որպես Խորհրդային միության, ռուսական կայսրության իրավահաջորդ՝ Արցախը վերցնի իր պրոտեկտորատի տակ: Պետք է անցկացնել հանրաքվե Արցախում հենց այս հարցով: Արցախը մտել է Ռուսական կայսրության մեջ Գյուլիստանի պայմանագրով, Խորհրդային միության Սահմանադրության մեջ ֆիքսված է եղել ԼՂ ինքնավար մարզը, ինչը նշանակում է, որ այն համարվել է սահմանադրական սուբյեկտ: Այս ամենն իրավական ու բարոյական իրավունք ու հիմք է տալիս Ռուսաստանին՝ ներգրավվելու այս ամենի մեջ, ինչը եւ արեց՝ զորք մտցնելով եւ փրկելով Արցախի մնացած հատվածը: Այնպես որ, Արցախը եթե անգամ 100 տեղ դիմի, դրանք օդում կոչեր են, որովհետեւ հիմնական տեղը, ում պետք է դիմել, Ռուսաստանն է, որովհետեւ միակ պետությունն այսօր, որ տարածաշրջանում ունի զորք եւ կանգնած է Արցախի ներկայիս սեղմված սահմաններին ու նաեւ Հայաստանում:

— Բայց Արցախում մինչեւ այսօր տեղի ունեցած ակցիաների, հանրահավաքների ժամանակ հնչում են անկախության, ինքնորոշման մասին հայտարարություններ, բայց չի ուրվագծվում այն գաղափարը, ինչի մասին Դուք եք նշում: Ի վերջո, ո՞րն է Արցախի փրկության սցենարը:

— Ես ասում եմ` ինչ սցենար պետք է լինի, որպեսզի փրկվի Արցախը: Բոլոր այլ սցենարները տանում են կործանման: Ինչ վերաբերում է անկախություն եւ ինքնորոշում հասկացություններին, դրանք տարբեր են: Ինքնորոշումը կարող է լինել հենց այն, ինչ ես ասում եմ՝ ինքնորոշվի Արցախը հանրաքվեով եւ դիմի Ռուաստանին: Իսկ անկախ, կներեք, Արցախը ոչ մի անգամ էլ չի եղել: Արցախը եղել է Հայաստանի մի մասը՝ մինչեւ Նիկոլի գալը եւ մինչեւ այն Ադրբեջանին ու Թուրքիային հանձնելը: Հասկացե՛ք, Արցախը չի կարող լինել անկախ պետություն, հնարավոր չէ` նախ դեմոգրաֆիական, տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական վիճակից ելնելով: Արցախը Լյուքսեմբուրգը չէ Եվրոպայի տարածքում, որտեղ մարդիկ շատ հանգիստ ապրում են եւ ցեղասպանություն չի սպառնում նրանց: Երբ մենք ասում ենք՝ «անկախ Արցախ», մանավանդ այսօր, նշանակում է տանել Արցախը ոչնչացման:

«ՉԵՄ ԷԼ ՄԻԱՆԱԼՈՒ «ՀԱՅԱՔՎԵ»-ԻՆ, ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»

— Մի զանգված էլ Արցախի փրկությունը տեսնում է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալը: Եվ երբ այս օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի քանակը հասավ կուլմինացիային, համակարգող Ավետիք Չալաբյանը փակագծեր բացեց, թե համարում են իրենց վերջնանպատակը Արցախի վերամիավորումը Հայաստանին, ուստի՝ եթե ինչ-որ մի իրադարձությունների զարգացման արդյունքում Արցախը հայտնվի Ռուսաստանի կազմում, ՀՀ-ն չպետք է այն ճանաչի… Դուք միացե՞լ եք «Հայաքվե»-ին:

— Չեմ միացել ու չեմ էլ միանալու «Հայաքվե»-ին, որովհետեւ իմիտացիոն գործընթացների չեմ մասնակցում: Չեմ մասնակցում այն գործընթացներին, որոնք փակուղային են, իսկ փակուղին, ինչպես հայտնի է, կործանում է: Եթե խոսում ենք վերամիավորման մասին, ապա հիշեցնեմ, որ ՍԻՄ կուսակցությունն է վերամիավորման գաղափարի հեղինակը եւ իրականացնողը: 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը հե՛նց ՍԻՄ կուսակցության նախաձեռնությամբ է եղել: Եվ այս ամբողջ տարիների ընթացքում ՍԻՄ կուսակցությունը եղել է կողմնակիցը վերամիավորման: Մենք ասել ենք, որ Արցախի անկախության թեզը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը մտցրեց, որպեսզի շեղի մեզ վերամիավորումից, վնասակար է, ինչի հետեւանքը տեսանք: 30 տարի ասում էինք վերամիավորում, բոլորը ասում էին՝ չէ, անկախություն, բայց ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը: Արդյունքում՝ ո՛չ անկախություն եղավ, ո՛չ՝ վերամիավորում: Սա այն թեզն է, որը պետք է ունենանք մենք մեր սրտերում եւ մտքերում, բայց, ցավոք, այսօր Նիկոլի ղեկավարման կործանարար տարիների քաղաքական հետեւանքն այն է, որ արդեն անհնար է իրականացնել Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: Բոլորը սա հասկանում են, եւ պետք է պարզ ասել՝ հերի՛ք է խաբեք ժողովրդին:

— Բայց, կարծես թե, ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիա կա այս նախաձեռնության շուրջ, ինչպե՞ս հասկանալ:

— Նախ` ստորագրություններով դեռ ոչ մեկը ոչ մի սանտիմետր հող ոչ մեկին չի տվել: Երկրորդը՝ այն, որ ֆիքսում է, թե ոչ մի այլ երկրի Արցախը չպետք է միանա, եւ Ռուսաստանին միանալու դեպքում՝ Հայաստանը չպետք է այն ճանաչի, նշանակում է, որ սա Արեւմուտքի կողմից նախաձեռնված գործընթաց է, որի նպատակն է, որ ժողովրդի մեջ տրամադրություններ ստեղծեն, որ Արցախը չգնա իր միակ փրկարար ճանապարհով եւ միանա Ռուսաստանին: Ընդ որում՝ հարցն այստեղ միանալն էլ չէ, որովհետեւ հասկանալի է, որ այսօր Ռուսաստանն էլ դա չի ցանկանա, այլ հարցը ստանալն է ինչ-որ պրոտեկտորատի կարգավիճակ: Սա է միակ իրատեսական տարբերակը, մնացածը, ինչ խոսում են՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, այսօր բլեֆ է, խաբեություն: Կա՛մ Արցախը Ռուաստանին կխնդրի ու կստանա պրոտեկտորատ (ինչի համար շատ ջանքեր պետք է գործադրենք), կա՛մ Ադրբեջանը եւ Թուրքիան կկլանեն Արցախը, եւ վերջնականապես այլեւս կկորցնենք այդ տարածքը: Իսկ հետո կկլանեն Սյունիքը, Գեղարքունիքը:

— Ի դեպ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն վերջնագրերով է խոսում Ռուսաստանի հետ: Վերջերս իր տված հարցազրույցներից մեկում մեկ շաբաթ ժամանակ էր տվել՝ հասկանալու, թե, ի վերջո, ո՞վ ում բարեկամն է:

— Եթե մարդիկ կան, ովքեր միակ փրկիչ երկրին, որը նոյեմբերի 8-ին զորքը մտցրեց եւ փրկեց Արցախի մնացած տարածքն ու Սյունիքը՝ հարձակումից, ասում է՝ տեսնենք՝ դու մեր թշնամի՞ն ես, թե՞ բարեկամը, այդ մարդիկ, իմ կարծիքով, աշխատում են ի նպաստ մեր թշնամիների: Իսկ մեր թշնամիները աշխատում են հիմնականում Արեւմուտքից սնվող ու կարգավորվող գործիչներով: Ցավոք, Հայաստանի քաղաքական էլիտան այնքան է տկարացել ու ամուլ դարձել, որ չի կարող որեւէ մի լուծում տալ, որը չի թելադրված Արեւմուտքի կողմից: Մեծ մասը այս կամ այն չափով ներգրավված է եւ գործում է Արեւմուտքի թելադրանքի ներքո: Յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, թե ինքն ինչքան հայրենասեր է, հայրենասիրական ինչ-որ լոզունգներ է ասում՝ անկախ Արցախ եւ այլն, բայց այդ լոզունգներով տանում են Արցախը վերջնական կործանման: Այդպիսի գեղեցիկ լոզունգներով էլ մենք եկանք, հասանք այս օրվան, որ Հայաստանը չի կարող անգամ իր անկախությունը ռեալ պահպանել: Հայաստանն այսօր դարձել է Արեւմուտքի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի իրականացնողը:

«ԱՄԵՆՈՒՐԵՔ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՄԻ ՇԵՐՏ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆՈՒՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻ ԿՈՐԾԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

— Ամեն դեպքում, կան մարդիկ, ովքեր նեղսրտած են ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստանում կայացած բանակցություններից, այդ թվում՝ Արցախի ԱԳՆ-ն: Վերջիններս ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հայտարարությունը Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության տեսլականի մասին, համարել էին ոչ հավասարակշռված: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նեղսրտած մարդիկ պետք է գնան առաջին հերթին Նիկոլից հարցնեն, որովհետեւ առաջինը նա է ասում՝ Ստեփանակերտ-Բաքու բանակցային գործընթացի մասին: Նիկոլն ասում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ուրիշ երկրներն էլ, բնականաբար, պետք է ասեն՝ եթե դուք ճանաչում եք, էլ ի՞նչ եք ուզում մեզնից: Մենք ուզում ենք, որ ուրիշները մեր փոխարեն՝ կռվեն, կառուցեն երկիր, պահեն սահման, քաղաքական բանակցություններ վարեն, թշնամանան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանի «մեր» (չակերտների մեջ, որովհետեւ Նիկոլը Հայաստանի հետ կապ չունի) փաստացի իշխանությունը պետք է հանձնի տարածքներ, կործանի բանակ, տնտեսություն, համաձայնի, որ Արցախը ադրբեջանական տարածք է, թշնամանա բարեկամների հետ եւ բարեկամանա թշնամիների հետ: Այնպես որ, նեղսրտվածներին պետք է ցույց տալ ճանապարհը, որ առաջին հերթին գնացեք ձեր իշխանությանը փոխեք, ինչպես ժամանակին փողոց էիք դուրս եկել, ասֆալտներին էինք պառկում, շամպայն էիք տրաքացնում: Ինչ վերաբերում է հարցի կոնկրետ քաղաքական ասպեկտին, Ստեփանակերտ-Բաքու բանակցային գործընթաց, իհարկե, պետք է, բայց այն պետք է լինի հավասարը հավասարի հետ: Ադրբեջանը, եթե պատրաստ է, որ այդ բանակցային գործընթացը լինի Ռուսաստանի միջնորդությամբ, շատ նորմալ է: Հասկանալի է, որ ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, եւ դրանք չհաջողելու դեպքում սկսվում է նոր պատերազմ: Ի դեպ, Ռուսաստանը շատ ուղիղ պաշտոնական տեսակետ հայտնեց` ՀԱՊԿ-ի հետ կապված, որ թեպետ այս կառույցը չունի պատասխանատվություն Արցախում, բայց ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը կարող են կանգնել հայ-ադրբեջանական սահմանին՝ լրացուցիչ խթան եւ երաշխիք դառնալով Ադրբեջանից պաշտպանվելու համար: Այս առումով՝ Ռուսաստանն ասում է, որ գնդակը Հայաստանի դաշտում է: Այսինքն՝ կա՛մ ընդունեք ՀԱՊԿ-ի խաղաղապահներին, ճանապարհը սա է, իսկ եթե՝ ոչ, ապա մեզնից ի՞նչ եք ուզում: Ու Հայաստանը պատասխանում է՝ եղած Եվրամիության դիտորդներին ավելացնելով կանադացիներին: Այսինքն՝ շպիոնների թիվը ավելանում է եւ աշխարհագրությունն ընդլայնվում է: Դրան զուգահեռ էլ, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ հերթական վարժանքներին:

— Դրա պատասխանը տվեց Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ավելին էր սպասում, քան` դիտորդական խումբը, խաղաղապահների հարցով էլ հիասթափություն կա…

— Դրա համար էլ հինգ տարի է` ասում եմ, որ Հայաստանի իշխանությունը զավթած անձինք՝ ի դեմս Նիկոլի, եւ Հայաստանի քաղաքական էլիտայի զգալի մասը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի թելադրանքի ներքո տանում են երկիրը կործանման: Հարցն այլեւս Արցախն Ադրբեջանին հանձնելը չէ, որովհետեւ արդեն հանձնել են, այլ վերջանականապես կործանելն է: Հենց ռուսները դուրս գան, ադրբեջանական իշխանությունները վերցնելու են Արցախն ամբողջությամբ: Հիմա ուղղակի ցեղասպանություն կանեն, թե պարզապես կվտարեն հայ բնակչությանը, կերեւա: Միակ գործոնը, որ այսօր պահում է արցախահայությանը, ռուս խաղաղապահներն են: Կա՞ այլ գործոն, թող ասեն, եթե չկա, այդ դեպքում՝ ի՞նչ են գլուխներս հարթուկում իրենց հիմար մտքերով: Ծառայում են Ադրբեջանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին, ի հաշիվ ինչի՞, հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի՞: Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ու ոչ միայն այսօր դավաճանը Նիկոլն է իր քաղաքական շրջապատով, այլ նաեւ դավաճան են նրանք, ովքեր թիրախավորում են խաղաղապահներին, ասում են, որ եթե Արցախը Ռուսաստանին միանա, վերջ, մենք կործանվում ենք եւ այլն: Այս ամենը ցույց է տալիս հայ քաղաքական մտքի ոչ միայն տկարությունը, այլ նաեւ ծախվածությունը: Ցավոք, այս 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ի, Թուրքիայի հատուկ ծառայությունները կարողացան ներթափանցել այնքան խորը մեր հասարակության մեջ, որ երբ մի առողջ ձայն է լսում այս հասարակությունը, ապա չի կարողանում կողմնորոշվել՝ որտեղից է այդ ձայնը՝ ո՞րն է առողջ, ո՞րը՝ անառողջ: Մշակույթում, քաղաքականությունում, բանակում, տնտեսությունում, ամենուրեք ձեւավորվել է մի շերտ, որը պատրաստ է հանուն Արեւմուտքի շահերի կործանել Հայաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

https://iravunk.com/sim/?p=261622&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу