Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի մայրիկի` ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
— Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որ ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, սպասում եք բոլորին Ազգային ժողովի դարպասների մոտ: Ի՞նչ է սպասվում, եւ Դուք ի՞նչ եք ակնկալում:
— Նախապատմությունն այն է, որ մեկ ամիս առաջ «Միասին» շարժման մասնակիցներով բանաձեւ ենք ներկայացրել Ազգային ժողով` Արցախի անկախության ճանաչման հարցով: Այս հարցն այսօր ավելի քան առաջնահերթ է: Առաջ Արցախի ինքնորոշման հարցը շատ առաջ չէր մղվում, որովհետեւ կար բանակցային գործընթաց: Այդ ժամանակ ասում էին, որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Իսկ այսօր բանակցային գործընթաց չկա, կա խայտառակ իրավիճակ: Այս բանաձեւը կարող է դառնալ նախ զսպման միջոց, եւ վերջին հաշվով` ամբողջ աշխարհը հարց է տալիս` եթե դուք ինքներդ չեք ճանաչել Արցախի անկախությունը, ապա մեզնից ինչո՞ւ եք պահանջում: Զարմանալի չէ, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ այս բանաձեւին, ինչը սպասում էինք: Հետեւապես, որոշեցինք, որ անենք բողոքի ակցիա` նախ Արցախի անկախության ճանաչման եւ երկրորդ` այս իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Ըստ էության, սա մեկնարկն է, եւ պետք է պայքարենք այնքան, ինչքան պետք լինի, որպեսզի վերջապես մեր երկիրն ազատագրենք այս խունտայից: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բռնակալներին հեռացնելու միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, հանրային, ժողովրդական ընդվզումն է, այլընտրանք, ցավոք, չկա: Հիմա այդ հույսով դուրս ենք գալիս փողոց:
— Մի՞թե կարծում եք, որ բողոքի ակցիաներով հնարավոր է լինելու այս իշխանությանը համոզել, որ Արցախը ճանաչեն անկախ, երբ իրենց օրակարգում նման հարց չկա:
— Իհարկե` ոչ: Նրանք չեն գնա այդ քայլին, բայց մենք էլ չենք կարող անգործ նստել եւ սպասել, թե սրանք ինչպես են մաս առ մաս հանձնում մեր երկիրն ու իրականացնում իրենց ծրագիրը: Շատերն ասում են` անիմաստ է, մեկ է, ոչինչի չեք հասնելու, բայց ես դա չեմ ընդունում: Իմ կյանքի փորձով գիտեմ, որ չկա այնպիսի բան, որ դու իսկապես ուզես, հետեւողականորեն դրա համար պայքարես եւ դրան չհասնես: Ես տեսնում եմ այն կորիզը, ովքեր պատրաստ են ամեն օր կանգնել եւ լինել փողոցում` մինչեւ համազգային ընդվզումը կկայանա: Այդ ժամանակ սրանց այլեւս իշխանության մնալու շանս չի մնա:
— Միամտություն կլինի կարծել, թե մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել` միայն օրվա իշխանությանը հեռացնելով: Ո՞րն է Ձեր տեսլականը` աշխարհաքաղաքական խիստ բեւեռացված այս շրջանում:
— Կոմպլիմենտար քաղաքականությունն ապացուցեց, որ սիրախաղ բոլորի հետ չի լինում: Հստակ կողմնորոշում պետք է ունենալ, պետք է իմանալ` ով է քո բարեկամը, ով` թշանմին, հատկապես այսօր: Այո՛, հրաշք տեղի չի ունենալու, միակ հրաշքը, որ կարող է տեղի ունենալ այն է, որ մենք գոնե այլեւս կանգնեցնենք այս հրեշավոր մեքենայի ընթացքը, գոնե ինչ-որ մի կետում մեր գահավիժումը կանգ առնի: Շատ արագ եթե մոբիլիզացնենք բոլոր արհեստավարժ, նվիրյալ մարդկանց ուժերը, ապա բանակցությունների շնորհիվ, դիվանագիտական խողովակներով, բանակը կարգի բերելով` կարելի է շատ բան անել: Մենք եղել ենք այս իրավիճակում, 90-ականներին նույնն էր, շատերն ասում են` իրավիճակն այսօր այլ է, սրանք հիբրիդային պատերազմներ են, հասարակ զենքով չես կարող կռվել: Այո, որոշակի տարբերություն կա, բայց իրական հաղթանակը գրանցվում է տեղում` գետնի վրա: Մինչեւ գետնի վրա չբերես մարդկանց, չիջեցնես, չես կարող տարածք ազատագրել: Ես չեմ թողնելու, որ թուրքը գա իմ տան մեջ ապրի, մինչեւ վերջ պայքար կտամ դրա համար, թեկուզ մեռնելու հաշվին: Նույնը վստահ եմ` անելու են շատուշատ մարդիկ: Ով էլ չի անի, մեկ է, անիմաստ մորթվելու է:
— Այսօր ոչ պակաս պառակտված է նաեւ ընդդիմությունը: Լիահո՞ւյս եք, որ հնարավոր կլինի մեկտեղել պայքարն ու արդյունքի հասնել:
— Ես, այնուամենայնիվ, հավատում եմ մեր վերջին խելքին: Այն փորձված է դարեդար: Այո, ցավոք, մենք զարթնում ենք ամենաօրհասական պահի վերջին վայրկյանին, բայց եթե զարթնում ենք, ունենում ենք Սարդարապատ: Պետք չէ հուսահատվել եւ ասել, որ այն ժամանակ ունեինք Գարեգին Նժդեհ, իսկ հիմա` չունենք: Կլինեն, կունենանք, ազգը, տիեզերքը այդ պահին կծնի, լինելու է: Եթե ես դրան չհավատամ, ուղղակի, մեկ օր անգամ չեմ ապրի: Այս հողում իմ երեխայի արյունն էլ կա, իմ երեխան զոհվել է հանուն այս երկրի: Մինուճար երեխայիս տվել եմ, իմ մինուճար երկիրը չեմ կարող տալ, ուրիշը չունեմ… Երկիրս էլ է մինուճար, էլի իմ երեխան է… Սա թող չընկալվի որպես պաթոս, այդպես եմ զգում ու վստահ եմ, որ շատուշատ մարդիկ են այդպես զգում: Շատուշատ մարդիկ հասկացել են այս հրեշների ծրագիրը, ուստի կարծում եմ` գարնան գալով նաեւ մարդիկանց արյունը կշարժվի: Չնայած այն սարսափելի հարվածներին, որոնք ամեն օր իջեցնում են մեր գլխին, մենք կզարթնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=252064&l=am/