«Աշխատողը ճորտ կամ ստրուկ չէ եւ պետությունը ուղղակի պարտավորություն ունի կանգնել աշխատողի կողքին»
Արխիվ 16-20
«Իրավունքը» բազմիցս առիթներ ունեցել է անդրադառնալու մեր երկրում, ցավոք, մշտապես ակտուալ մնացող մի թեմայի, որի հետ առնչվում են աշխատողների մի ստվար զանգված: Երբ աշխատող-գործատու հարաբերությունների հետ առնչվող խնդիրներին` մատը մատին չեն խփում պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները: Իսկ, նման դեպքերը, ցավոք սրտի, գնալով մեր երկրում շատանում են, երբ աշխատողը աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի, որից էլ պատեհ առիթի օգտվում են հենց գործատուները:
Նմանատիպ քաղաքացիական գործի օրերս հանդիպեցինք Dataleks դատական տեղեկատվական համակարգում, որը քննվել է Երեւաի կենտրոն Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում: Սույն գործի նյութերից պարզ է դառնում, որ քաղաքացիներ Նելլի Հակոբյանը, Զոյա Հակոբյանը, Գեւորգ Ամիրզադյանը, Բորիս Ալավերդյանը, Արթուր Վազգենի Ոսկանյանը, Նարինե Սիմոնյանը, Հայկ ՄՆացականյանը եւ էլի մի շարք քաղաքացիներ աշխատել են «Էվոլա» ՍՊԸ ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիրում` առանց աշխատանքային պայմանագրի եւ այլ իրավական հիմքերի: Բայց փաստի առաջ են կանգնել այն ժամանակ, երբ մի օր հյուրանոցային համալիրը այլեւս դադարել է իր գործունեությունը: Գործատուն էլ, չգիտես ինչու, թերացել է իր պարտականությունները կատարելուց` չվճարելով համապատասխան աշխատավարձերը: Արդյունքում, վերոշհիյալ քաղաքացիները ընկել են դռնեդուռ` մուրալու իրենց օրենքով հասանելիք գումարները, որը գործատուն պարտավոր էր օրենքի ուժով վճարել: Վերջիներս երկար ժամանակ փորձել են գործատուից, այսպես ասած, մուրալով ստանալ իրենց աշխատավարձերը, բայց ապարդյուն: Տեսնելով, որ այլեւս անզոր են գործատուի անօրինությունների դեմ` դիմել են դատական պաշտպանության: Մի մասը չունենալով աշխատանքային պայմանագրեր ստիպված են եղել դատարանում ներկայացնել բազմաթիվ փաստերը, որով, որ կապացուցեին, որ աշխատել են տվյալ հյուրանոցում եւ որպես աշխատող կատարել են իրենց պարտավորությունները պատշաճ կերպով` ի տարբերություն իրենց անբարեխիղճ գործատուի:
Բարեբախտաբար վերջիներս բախտը դատարանում բերել է` հունվարի 12-ին դատարանը վճիռ է կայացրել հոգուտ հայցվորների, որով բավարարվել է աշխատողների արդարացի պահանջը` գործատուին պարտավորեցնելով վճարել վերջիներիս հասանելիք գումարները:
Տեղեկացանք նաեւ, որ սույն գործով հայցվորների շահերը դատարանում պաշտպանել է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակը: Iravunk.com-ի հետ զրույցում «Լեւ Գրուպ» փաստաբնական ընկերության հիմնադիր տնօրեն ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՅՆԸ անդրադառնալով վերոհիշյալ գործին փաստեց, որ այ՛ո, դատարանը վճիռ է կայացրել ի նպաստ հայցվորների, միեւնույն ժամանակ տեղեկացնելով.
- Գործատուն, սակայն Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել: Պետք է փաստեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ մեր գրասենյակը առնչվում է նմանօրինակ իրավահարաբերությունների հետ, երբ աշխատողը բացառապես չունի որեւէ իրավունք գործատուի հանդեպ, մինչդեռ աշխատանքային օրենսգրքով այն հստակ ամրագրված է: Բայց, երբ հանկարծ աշխատողը հանդգնում է իր իրավունքները պաշտպանել` գործատուն միանգամից աշխատողին ցույց է տալիս դռան տեղը եւ հայտարարում, որ ազատված է աշխատանքից կամ էլ աշխատացնելուց հետո հրաժարվում է գումար վճարել: Այն ինչ աշխատողը ճորտ կամ ստրուկ չէ եւ պետությունը ուղղակի պարտավորություն ունի նման դեպքերում կանգնել աշխատողի կողքին: Լիազոր մարմինը չպետք է թույլ տա, որպեսզի աշխատող քաղաքացին ստիպված լինի թակել տարբեր դռներ, վարձի փաստաբան, որպեսզի իր շահերը եւ իրավունքները պաշտպանի դատարանում:
Հ.Գ. Հուսանք, որ մեր հրապարակում մեկ անգամ եւս հիմք կհանդիսանա պետական լիազոր մարմնի համար, որպեսզի ուշադրություն սեւեռվի վերոհիշյալ խնդրին եւ ի վերջո գա մի օր, որ արմատախիլ լինեն նմանօրինակ դեպքերը մեր հասարակությունում առհասարակ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=54783&l=am/