Մխիթարյանը գերազանց ֆուտբոլիստ է և հրաշալի մարդ. Գվարդիոլա
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է Ֆասթ Մեդիայի մեկնաբան Արման Աբելյանի` Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին։ Վերջինս մասնավորապես հարցրել է Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակիչի մասին, որտեղ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր «Ինտերին», իսկ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո փոխարինման էր մտել վերջին րոպեներին.
«Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես նրա բացակայությունն ազդեց «Ինտերի» խաղի վրա, պետք է Սիմոնե Ինձագիին հարցնեք։ Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես «Բավարիայում» էի, իսկ նա` Դորտմունդում, Թոմաս Տուխելի օրոք նրա ազդեցությունը թիմին շատ լավն էր։ «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», հիմա` «Ինտեր»․ թոփ-ակումբներ են։ Նրան 2 անգամ եմ հանդիպել Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի, հրաշալի մարդ է։ Նա որակապես բարձր ֆուտբոլիստ է։ Բայց ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչին չմասնակցելու ազդեցության մասով»,- նշել է Խոսեպ Գվարդիոլան։