Զարմանք
ԶարմանքՀիշո՞ւմ եք, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ասում էր. «Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ»: Դե մոռացեք, Դանիայում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկման ընթացքում` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով, Փաշինյանը զարմանալիորեն անկեղծացել է. «Ցավոք, չենք կարող ասել, որ մեզ հաջողվել է վերացնել կոռուպցիան Հայաստանից»: Ստացվում է, որ եթե կոռուպցիա կա, Փաշինյանն էլ տեղյակ է դրանից, բայց չի կարողանում վերացնել, ուրեմն` ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին դժվար օրեր են սպասվում: Չէ՞ որ նա ասում էր. «Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանն է կոռուպցիոն սխեմաներում»:
Իսկ Երեւանի փոխքաղաքապետ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ աչքի է ընկել ՔՊ բոլոր պատգամավորներին հաղթող սարկազմով` ուղղված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: «Ուզում եմ հասկանալ` երբ դուք ցանկանում եք ստանձնել իշխանություն, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք։ Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այս կամ այն հարցում։ Տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ։ Լուրջ տե՞նց եք պատկերացնում, այդպե՞ս է պրոցեսը գնալու, եւ ինչ-որ մեկը ձեզ այդ պահին ադեկվա՞տ է ընդունելու», - ասում է Գրիգորյանը, բայց մոռանում, որ իր կուսակցության ղեկավարն ու իր սրտի վարչապետը, որն ինչ-որ հրաշքով ստանձնել է այդ պաշտոնը, ժամանակին ասում էր. «Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք»: Այնպես որ, եթե նրան այդքանից հետո ադեկվատ են ընդունել, ապա ցանկացած մեկը մեր օրերում կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը:
Ոչ պակաս ուշագրավ է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հայտարարությունը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու մասին: Այսօր արդեն «Հաղթանակ» կուսակցության նախագահ հանդիսացող Մնացականյանը ամեն ինչից խոսել է` բացի նրանից, թե` ի վերջո, ինքն է՞լ է պահանջում Փաշինյանի հրաժարականը, թե` ոչ: Չմոռանանք, որ նա երբ պաշտոնը թողնում էր, վստահեցնում էր, թե իր որոշումը չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում: «Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը: Տեսնես, հիմա՞ էլ է շնորհակալ Մնացականյանը Փաշինյանից:
Իսկ այն, որ թուրքերը վստահաբար շնորհակալ են հայ կարմիրբերետավորներից, արդեն իսկ ցավալի փաստ է: Երեկ ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ: Իսկ կարմիրբերետավորները բերման ենթարկելիս բռունցքով հարվածել են նրան: Տղերք, դուք պատմության դասերից մի՞շտ եք թռած եղել: Տեղի ունեցածին դիպուկ է արտահայտվել սահմանադրագետ Վահե Գրիգորյանը. «Համբիկ Սասունյանին հարվածած կարմիր ֆեսկավորին կշնորհվի «Էնվեր փաշա» հուշամեդալ»:
Զարմացած է «ԻՐԱՎՈՒՆՔԸ»