Երանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵ
Մշակութային«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, հրապարակագիր, նկարիչ ՆԱՆԵԻ (Նելլի Նազարյանի)՝ «Հայաշունչ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:
— Ցուցադրվող նկարները նկարելիս ո՞րն է եղել Ձեր ներշնչանքի աղբյուրը:
— Զբաղվածության պատճառով երկար ժամանակ ցուցահանդեսներ չեմ ունեցել, այդ պատճառով ցանկացա տարբեր ժամանակների, տարբեր տրամադրությունների գործեր ի մի բերել: Եվ ահա դրանք տարբեր հոգեվիճակների արտահայտություններ են՝ տարբերվող նաեւ իրենց գունային, ոճային լուծումներով: Նախկինում ամեն հոգուս ծանրացած կամ հոգիս թեւավորող ապրում, վիճակ փորձում էի գեղանկարի վերածել, գույն եւ տեսք տալ. բանաստեղծության տարածքը նեղ էր, չէր հերիքում: Նկարներ ունեի Ցեղասպանության թեմաներով, Սումգայիթի եւ այլն: Բայց նկարչությունն էլ, կարծես, բավարար չափով հնարավորություն չէր տալիս կամեցածս ասելիքը տեղ հասցնել, եւ անցա արձակին, հրապարակագրությանը: Այդտեղ արդեն լիուլի կարողանում եմ արտահայտվել եւ նկարներում այլեւս թեմաների կարիք չեմ զգում, ավելի շատ բնաշխարհ է, դիմանկարներ, գույնե՜ր... գույնե՜ր...
— Ովքե՞ր էին ցուցահանդեսի այցելուները:
— Եթե հնարավոր լիներ մեր երկրի համար այս լարված օրերին ես չէի կենտրոնանա նկարների ցուցադրության վրա, դա կթողնեի ավելի հանդարտ ժամանակների: Բայց ցուցահանդեսի օրը ամիսներ առաջ էր ամրագրված, եւ այլ ելք չունեի: Միտքս այս երկրային վիճակների վրա` մի կերպ կարողացա նաեւ ցուցադրության դժվարություններին դիմանալ: Անգամ մի փոքր քաշվում էի ծանոթներիս հրավիրելիս: Բայց նաեւ համարում եմ, որ պետք է ամուր լինենք, եւ դա պետք է երեւա մեր ամենօրյա պահվածքում՝ զինվորի հոգեվիճակում, մենք նաեւ մեր գործերը պետք է անթերի իրականացնենք: Դա ուժեղ ազգի դիմագիծ է, իսկ մենք պարտավո՛ր ենք այդպիսին լինել. չկոտրվել երբեք եւ հույսով նայել առաջ: Ցուցահանդեսը կայացավ, եւ այցելուները հիմնականում գրողներ էին, արվեստագետներ, նկարիչներ, գրող-նկարիչներ, բժիշկներ, հարազատներ, ընկերներ, ինձ անծանոթ մարդիկ:
— Ինչպե՞ս անցավ Ձեր գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:
— Հենց միայն այդքան հարազատ, հոգեհարազատ մարդկանց միատեղ լինելն արդեն տոն էր: Հայերիս ամենամեծ բացը` դժվար միավորվելն է: Թող որ դա գաղափարի շուրջ չէր, այլ գույն ու երանգի, բայց միասին էինք, նույն հույզերին տրված, մի որոշ ժամանակ մոռացած այս գլուխը կորցրած աշխարհը:
— Եթե փորձեք գույներով արտահայտել մեր այսօրվա վիճակը, ո՞ր գույները կընտրեք:
— Երեւի սպասում եք, որ ես մռայլ գույներ թվարկեմ: Բայց ես իմ երանգապնակի փոփոխություններից կխոսեմ ժամանակի ընթացքում: Նախկինում նկարում էի ավելի գորշ, մռայլ գույներով: Մի փոքր շեղվեմ. ուսանողության օրերին մեր դասախոսներից մեկի հետ այցելեցինք Հակոբ Հակոբյանի արվեստանոց. մեղմ գույների վերաբերյալ հարցին նկարիչը շատ կարճ պատասխանեց. «Այլ կերպ չեմ կարող, եթե պատահաբար կարմիր գույն է հայտնվում կտավին, չեմ հանգստանում մինչեւ չեմ մաքրում այն»: Հաճախ եմ հիշում վարպետի այդ խոսքերը, եւ հասկացել եմ, որ նկարիչն իրականում ոչ թե ներկապնակի, այլ իր հոգու, իր տրամադրության ու հույզերի գույներով է վրձնում: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ես ավելի կարողացա ամրանալ: Առաջ անգամ անձրեւային մռայլ օրը պատճառ էր տխրության, այսօր ինքս եմ ցանկանում օրը գունավորել եւ անպայման հնարավորինս պայծառ գույներով՝ ի հեճուկս առկա մռայլ իրականության: Ցեղասպանության թեմաներով որոշ նկարներ, որոնք նախկինում ցուցադրվել էին եւ շատ հետաքրքրություն առաջացրել, ես պարզապես վերացրի՝ դրանց վրա արեւային բնանկարներ, ծաղիկներ նկարելով: Երանի թե կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել…
— Ո՞ր գույնն է պակասում մեր կյանքում:
— Հենց այդ պայծառ գույները, հրճվանքի գույները, նաեւ երկնային գույներն են պակասում, մաքրության գույները՝ երկնաթույրը, ճերմակը, արեւագույնը… Արե՛ւը… Արե՜ւն է պակասում: Որովհետեւ, երբ արեւ կա՝ չքվում է սեւը իր երանգներով, եւ բոլոր թվածս գույները ներկա են…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ