«Պատահական չէր, որ դեպքերից երկու օր առաջ ասիախաչատրյանները Հայաստանից հասել էին Թիֆլիս» (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Հանրության ուշադրության կենտրոնում են վերջին օրերին հարեւան Վրաստանում տեղի ունեցող դեպքերը: Ստեղծված իրավիճակի, մեզ վրա հնարավոր հետեւանքների մասին էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:
«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԻՆՔՆԱԲՈՒԽ ԼԻՆԵԼ»
– Պարոն Չախալյան, Վրաստանում տեղի ունեցան զանգվածային ակցիաներ, եւ այսօր էլ դեռ իրավիճակը լարված է: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իրավիճակը բավական մտահոգիչ է: Վրաստանը ոչ միայն մեր հարեւանն է, այլեւ մեր բնական դաշնակիցն է: Ինչպես գիտեք, տարածաշրջանում միայն Վրաստանն է, որ քրիստոնյա ժողովուրդ ունի` վրացիները, նաեւ գաղտնիք չէ, որ մեր միակ ճանապարհն է անցնում այնտեղից: Ավելին` կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր զարկերակն այդտեղից է անցնում: Հետեւաբար մենք ցանկանում ենք, որ միմիայն խաղաղություն տիրի Վրաստանում, եւ կայունություն լինի: Ուստի` կոչ ենք անում բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը, թող Վրաստանից հեռու խաղան:
– Իսկ ովքե՞ր են այդ ուժերը...
– Միանշանակ ասել չի կարելի, բայց ինչքան էլ ոմանք փորձում են սա ներկայացնել ինքնաբուխ ակցիա, մենք տեսնում ենք, որ այն դեռ օրեր առաջ էր կազմակերպված: Այսպես ասած` սորոսական թեւի ներկայացուցիչներ ե՛ւ Հայաստանից էին Թիֆլիս գնացել, ե՛ւ Ադրբեջանից: Իհարկե, սորոսական գրասենյակ պաշտոնապես Ադրբեջանում չի գործում, բայց այնտեղ էլ իրենք իրենց ազդեցության գործակալներն ունեն: Այնպես որ, չէին կարող ուղղակի ինքնաբուխ լինել այդ ակցիաները: Թե կոնկրետ ով է կազմակերպել, վստահ չենք կարող ասել, բայց կարող ենք ենթադրել` ում է պետք, որպեսզի Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվեն, մանավանդ, որ, ինչպես գիտեք, այդ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Հազար ու մի խնդիրներ կան` սկսած նրանից, որ Վրաստանում ՌԴ-ն դեսպանություն չունի: Այս վերջին տարիներին քիչ-քիչ փորձ է արվել հարթել իրավիճակը, այսինքն` ավիաչվերթները վերականգնել, վրացական գինիներ էին սկսել ռուսական շուկա գնալ, ռուս զբոսաշրջիկներն էին սկսել այցելել Վրաստան, արդեն խոսակցություն կար, որ նաեւ Վրաստանի քաղաքացիները ՌԴ կարող է հնարավորություն ունենային գնալ` առանց վիզայի, դրանք պետք է հանվեն, քանի որ վիզա ստանալը շատ բարդ գործընթաց է: Մի խոսքով` բավականին դրական ընթացք կար, բայց մի օրվա մեջ հարաբերությունները շատ արագ լարվեցին, եւ նորից շատ մեծ հակառուսական տրամադրություններ բարձրացան Վրաստանում:
«ՋԱՎԱԽՔԸ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ «ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ»
– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին: Բայց իրականում սա՞ էր զանգվածային ակցիաների հիմնական պատճառը:
– Գիտեք, Ասյա Խաչատրյանը (նկատի ունի ադրբեջանասիրություն քարոզող հայտնի կապտամազին, - հեղինակ) երկու օր առաջ չէր գնա հասներ Թիֆլիս, որովհետեւ երկու օր հետո ռուս պատգամավորը պետք է նստեր ԱԺ նախագահի աթոռին, եւ ինքնաբուխ փորձեին գրավել Վրաստանի պառլամենտը: Ավելին ասեմ` չեմ ուզում անուններ տալ, բայց մի շարք ասիախաչատրյաններ Հայաստանից հասել էին Թիֆլիս: Հետեւաբար, չեմ կարծում, որ սա էր բուն պատճառը: Ըստ իս, սա կանխավ մտածված սադրանք էր, որը, ափսոս, չկարողացան կանխել Վրաստանի իշխանությունները:
– Ի՞նչ տրամադրություն կա ջավախահայերի շրջանում:
– Բացարձակապես Ջավախքը կայուն է: Ջավախքը չի փորձում խառնվել, «կրակի վրա յուղ լցնել», ինչպես իրենց հայտարարությամբ «Սասնա ծռերը» փորձեցին մեկնաբանել: Ընդհանրապես անհասկանալի էր «Սասնա ծռերի» հայտարարությունը, թե կոչ են անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել, ռուսական «ծուղակը» չընկնել, դե ձեռքի հետ էլ ջավախահայությանը դիտարկում են ռուսամետության դաշտում: Այսինքն` շատ սահուն կերպով փորձում են լեգիտիմացնել տարիներ շարունակ Սահակաշվիլու կողմից ջավախահայությանը հնչող մեղադրանքները:
– Ձեր կարծիքով` սրանով ո՞ւմ ջրաղացին էին փորձում ջուր լցնել «Սասնա ծռերը»:
– Սա պետք է իրենց հարցնել, բայց միանշանակ կրկնում եմ` Ջավախքում կայուն են, ջավախահայության շրջանում անգամ ակցիաներին մասնակցելու փորձ անգամ չի եղել: Այդ ամենին ընդամենը մեկ-երկու հայ է մասնակցել, որոնք բացարձակապ կապ չունեն ջավախահայության հետ: Ջավախահայությունը սրանից շատ ավելի ծանր վիճակներում է կարողացել շատ ճիշտ իր քաղաքացիական դիրքորոշումը պահել եւ չնպաստել Վրաստանի անկայունացման որեւիցե մի գործընթացի, եւ վստահ եմ, որ ապագայում էլ չի մասնակցելու: Եվ հիմա կանգնել եւ ջավախահայությանը նման կոչ անել, բացարձակապես անընդունելի եմ համարում: Մյուս կողմից էլ, «Սասնա ծռերն» իր հարցերը Հայաստանում լուծե՞լ են, որ հիմա էլ ջավախահայության հարցերն է լուծում: Լուրջ չէ: Եթե այս մասին անդրադառնայի Ֆեյսբուքում, մի հատ սմայլիկ կդնեի ու վերջ:
«ՔԹՆԵՐԻՍ ՏԱԿ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱ»
– Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու մասին. նա շատ ոգեւորված էր Վրաստանում տեղի ունեցող դեպքերով եւ հայտարարում էր, թե սա շարունակությունն է Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:
– Սահակաշվիլին ինքն իր կերպարով շատ մեջընկան տիպ է: Կապ չունի` իր կարիքն ունե՞ն, թե` ոչ, իրեն հրավիրում են, թե` ոչ, նա մեջ է ընկնում: Դրանից ելնելով` չգիտեմ, ինքն ունեցե՞լ է մասնակցություն այս ամենին, թե` ուղղակի այս դեպքերը եղել են, ինքն էլ առիթից օգտվում է, իրեն մեջ է գցում: Ինչեւէ, միանշանակ հստակ է, որ ինչ որ եղավ, այս ամենից Վրաստանը տուժեց: Եվ ես չեմ կարող հասկանալ որեւիցե մի քաղաքական գործչի, ով ուրախանում է մի գործընթացից, երբ սեփական երկիրը տուժում է: Ցավոք, փոքր ազգերի հիմնական խնդիրը սա է, որ քաղաքական գործիչների մեծամասնությունը պետականամետ զգացողություն չունի: Կարեւորն իրենց աթոռը լինի, թքած, թե պետությունը վարի չի գնա: Այս նույն տրամաբանությամբ` Սահակաշվիլին ուրախանում է, նա կուրախանար նաեւ, երբ այս լարվածությունն էլ ավելի թեժանար, երբ, ասենք, զոհվածների թիվը ոչ թե մեկ լիներ, այլ մի քանի տասնյակ:
– Տարածաշրջանում մի կողմից` Իրանում է լարված վիճակ, մյուս կողմում` Վրաստանում, Հայաստանում դեռ զբաղված են ներքին հաշվեհարդարներով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին ուժեղանում է թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանի սահմանին: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում, եւ ինչպե՞ս պետք է դիմակայենք:
– Ինքս էլ շատ մտահոգ եմ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով: Օրերս «Կամքը» հայտարարություն տարածեց` համախմբման, ինչը հենց այս վտանգները հաշվի առնելով էինք արել: Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ պարտավոր ենք համախմբվել` անկախ մեր քաղաքական ճաշակից, անկախ մեր կրոնական պատկանելությունից: Այդ սեւերի եւ սպիտակների բաժանելու պրոցեսը շատ վտանգավոր է մեր պետականության համար, եւ արդեն կապ չունի` դու սեւերից ես, թե սպիտակներից: Եթե արդեն դու այդ բաժանարար գծերի մեջ ես մտել ու խաղում ես, արդեն քո պետությանը վտանգավոր գործընթացի մեջ ես ներքաշում: Այս առումով անընդունելի են ե՛ւ սեւերը, ե՛ւ սպիտակները: Մենք բոլորս սեւ ենք, սպիտակ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, եւ Հայաստանի պետական շահը մեզ համար առաջին տեղում է: Դատաարտելի են ոչ միայն այդ բաժանարար գծերը, այլ դրանք ավելի խորացնելը եւ կապ չունի, թե կողմերից որ մեկն է դա անում: Դրա համար օր առաջ մենք պետք է համախմբվենք, միանշանակ այսօր տարածաշրջանում վիճակը շատ բարդ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արցախյան ճակատում կուտակումներ կան, ինչպես նշեցիք, զորավարժություններ են տեղի են ունենում` կես տարվա ընթացքում արդեն 13-րդն է տեղի ունեցել: Այս պարագայում մեր ռեսուրսը վատնենք, մեկս մեկիս դեմ պայքարելով, ոչնչացնելով, բավականին անհեռանկար պահվածք է եւ, ցավոք, այդ մոտեցման համար տուժելու է ոչ միայն այդ պահվածքը դրսեւորողները, այլ բոլորս: Մենք դրան դեմ ենք եւ կոչ ենք անում համախմբման: Այո՛, քաղաքական քննադատություն պետք է լինի, պետք է երեւույթները քննադատել, ողջունել, բայց քթներիս տակ պատերազմ կա...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.