Ասպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPD
Հասարակություն
ԱՄՆ եւ Ճապոնիայի գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ ասպիրինը նպաստում է ծխողների կրծքի մկանների կորստի ավելացմանը։ Միեւնույն ժամանակ, այնպիսի դեղեր, ինչպիսին են ստատինները, կարող են դանդաղեցնել այդ պրոցեսը։ Հետազոտությունը հրապարակվել է Chronic Obstructive Pulmonary Diseases (COPD) գիտական ամսագրում։
Ներկա եւ նախկին ծխողները հաճախ բախվում են կմախքի մկանների կորստի ավելացման խնդրին, հատկապես եթե նրանց մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքային հիվանդություն (ԹԲՀ), որը ներառում է քրոնիկական բրոնխիտը եւ էմֆիզեման։
Նման շատ պացիենտների նշանակում են ստատիններ խոլեստերինի մակարդակի վերահսկման համար եւ ասպիրին՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Սակայն մինչ այժմ քիչ տվյալներ կան այն մասին, թե ինչպես են այդ դեղամիջոցներն ազդում մկանային զանգվածի վրա։
Գիտնականներն ուսումնասիրել են COPDGene հետազոտության 4 1919 մասնակիցների տվյալները, հետազոտությունն ուսումնասիրել է ԹԲՀ գենետիկական եւ համաճարակաբանական ասպեկտները։ Պացիենտները տեղեկացրել են դեղերի ընդունման մասին եւ ներկայացրել կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները։
«Ներկա եւ նախկին ծխողների մոտ ավելի բարձր է եղել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի հավանականությունը, եւ նրանց սովորաբար նշանակում են ստատիններ եւ ասպիրին այդ վիճակների բուժման համար։ Ուսումնասիրելով այդ դեղերի ազդեցությունը կրծքի մկանների մակերեսի եւ խտության վրա՝ մենք հայտնաբերեցինք, որ ստատինները կարող են պոտենցիալ առումով նվազեցնել կրծքի մկանների կորուստը, այն դեպքում, երբ ասպիրինը կարող է նպաստել կրծքի մկանների կորստի ավելացմանը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Տորու Սիրահատան։
Գիտնականների խոսքով՝ իրենց բացահայտումը թույլ կտա բարձրացնել ԹՔՀ ունեցող պացիենտների բուժման արդյունավետությունը եւ անվտանգությունը՝ հաշվի առնելով նրանց կենսակերպը։