Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. Մարկեդոնով
Միջազգային
Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ամանորյա տոների նախօրեին՝ 2024 թվականի դեկտեմբերին, նախագահ Իլհամ Ալիևը նախանշեց երկու կետ, որոնց շուրջ Բաքուն և Երևանը չկարողացան փոխզիջման հասնել։ Խոսքը վերաբերում էր միջազգային ատյաններում ներկայացված հայցերին, ինչպես նաև պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը։ Այս երկու գանգատներն էլ ուղղված էին հայկական կողմին, քանի որ հենց Հայաստանի տարածքում էր տեղակայվել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ Միջազգային դատարանում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ հայցեր կային։
Ալիևյան այդ հայտարարություններից հետո մոտավորապես երեք ամիս է անցել։ Իսկ այժմ արդեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հրապարակավ հայտարարել է, թե Հայաստանը վիճելի կետերի վերաբերյալ ընդունել է Բաքվի առաջարկները։
Դրանից հետո պաշտոնական խոշովակներով տեղեկություն էր ստացվել Երևանից։ Հայկական կողմը հաստատել է փոխզիջման իր պատրաստակամությունը: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այս դրույթների շուրջ, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի բովանդակությունը կարելի է փոխզիջումային լուծում համարել»։
Հնարավո՞ր է վերջ դնել այս երկարամյա հակամարտության պատմությանը։ Արդյո՞ք երկար սպասված խաղաղությունը ձեռք բերվեց, արդյո՞ք Կովկասը նոր դարաշրջան է թևակոխում: Ցանկալի կլիներ այս բոլոր հարցերին դրական պատասխաններ տալ։ Բայց հիմա էլ որոշակի կասկածներ են մնում ամբողջ խաղաղ կառույցի կայունության վերաբերյալ։
Ըստ երևույթին դրանով է բացատրվում համաշխարհային հանրության բավականին զուսպ արձագանքը Բաքվից և Երևանից եկող լուրերին։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, թե փոխզիջումային համաձայնագրերը պետք է ներառվեն վերջնական տեքստում։ «Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքները հետևյալն են. Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է նախարար Բայրամովը։ Մինչդեռ Երևանում դեռ այլ կերպ էին մտածում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ տարածքային պահանջների բացակայության մասին որոշումը, արդեն լուծել են խնդիրը։ Ինչպես տեսնում ենք՝ այնքան էլ չէ...
Սահմանադրական բախումներից զատ, չլուծված է մնում սահմանների սահմանազատման և սահմանագծման և տխրահռչակ «միջանցքի» խնդիրը։ Դրա մասին հաշտության համաձայնագրի տեքստում չես գրի, բայց գործնականում այդ հարցերի կարգավորումը թերևս ավելի կարևոր է։ Մի խոսքով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, ոչ միայն խոսքեր ու փաստաթղթեր են պետք, այլ գործնական քայլեր են անհրաժեշտ»,- նշել է Մարկեդոնովը։