«Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին»». Անատոլի Հովհաննիսյան

Մշակութային

Բուժման նպատակով Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը տպագրության է հանձնել իր «Սա էլ եմ ես». Հարցազրույցներ, հոդվածներ եւ այլ գրություններ» գիրքը: Ներկայացնում ենք գրքում ներառված նրա 2021թ. ապրիլի 4-ի անտիպ հեռավար երկրորդ հարցազրույցը (Գեւորգ Թումանյանի հետ): – Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, սակայն ես կարծում եմ, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց: Դու ի՞նչ ես կարծում: – Ես ծնվել եմ այն հասարակության մեջ, որ խորհրդային մտածողությամբ այլասերված է եղել, անաստված, որ եկեղեցու մասին մտածել է զանազան, հաճախ ձեւական արարողակարգերի մասնակցելիս: Հայրս ասում էր. «Մատաղը պիտի յոթ տեղ բաժանեն, մորթում՝ իրանք են ուտում»: Հայաստանում դատավոր, դատախազին կաշառք տալու նման եկեղեցիներ են կառուցել: Առհասարակ, վախը ստորացնող զգացողություն է, բայց ասում են «Աստվածավախ», «Աստծո զայրույթ», այսինքն, մի սահման, որից այն կողմ մարդը չի կարող անցնել:

Մեր սերնդի համար դարձի զգացողությունը գիտակցաբար է: Երիտասարդները ավելի դյուրությամբ կընկղմվեն հավատի ավազանը: Եկեղեցին, նույնիսկ այսօրվա կաթողիկոսը չէ: Ես առիթ ու բախտ եմ ունեցել Վազգեն Վեհափառի հետ քանիցս զրուցելու, սակայն հայ եկեղեցին նույնիսկ նրա լուսավոր կերպարը չէր: Եկեղեցին Աստծո աջն է, որի տակ հավաքված ենք մենք բոլորս եւ այդ աջը երկնքում է՝ այնքան բարձր, որ տեսանելի է միայն հավատի աչքերով նայողներին: Եվրոպայում ասում են՝ այսինչ պետական գործիչը «սեռական փոքրամասնություն» է, բայց վարք ու բարքի մեջ, այսուամենայնիվ, քրիստոնեական դաստիարակության արմատները երեւում են: Մեր աղավաղված հասարակության՝ «առաջին քրիստոնյաներիս» մոտ հաճախ դա չի պահպանվել: – Ինչո՞վ է զբաղված բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը: – Ես հիմա ինձ բանաստեղծ չեմ համարում, նույնիսկ ընթերցող չեմ: Մի տասը տարի է՝ արհեստական վիճակներում եմ եւ հրատարակածս գրքերը, կատարածս խմբագրական աշխատանքները իներցիայի արդյունք են: Իմ տարեկիցներից միշտ տարբերվել եմ, որ մի քիչ շուտ եմ սկսել, մի քիչ շատ եմ կարդացել: Հիմա դրա հնարավորությունը չունեմ: Լիոնում` «ռուսական» խանութում, պարզվում է՝ ինչ-որ մեկը դասական գրականություն էր բերել, թե. «Մերոնք այս լեզվով այլեւս չեն կարդում»: Կրեցի տարա, ինչպես անձրեւի տակ մնացած, շան ձագին են տուն տանում: Հետո մտածում եմ, ո՞ւմ համար, ինչի՞ համար ես տանում, ախր աչք էլ չունես: – Գրական կյանքին հետեւո՞ւմ ես, քո համար բացահայտումներ եղե՞լ են: – Այս տարիներին շատ «բացվել» է Ներսեսը Աթաբեկյան: Ինքը կամաց – կամաց կարծես թե գրականագիտությունից եկավ, բայց այսօր բանաստեղծություններ ունի, որ կուզենայի ես գրած լինեի: Շատ հավանում եմ Գագիկ Սարոյանին: – Արմեն Շեկոյանի ծննդյան օրն էր: Նա այն քաջերից է, որը չի գրում, չցանկանալով կրկնել իրեն: Ի՞նչ կերպ ես վերաբերվում Արմենին: – Ինձ համար երկու Արմեն կա. մինչեւ «Ճոճքը» եւ հետո: Այն շրջանը, որն ինքն անվանում է «անտիպոեզիա», կարելի է հաճույքով կարդալ, անցնել: Այնքան էլ չեմ սիրում բառախաղային գործեր: Չնայած, ասում են՝ գրականությունը նախ եւ առաջ լեզու է. օտարաբանություններ, հայերենին խորթ արտահայտություններ գործածող Սայաթ-Նովային որեւէ բան խանգարո՞ւմ է լինել հանճար: Ինչպես մաեստրո Քոչարն էր ասում. «Արվեստը ոչինչ էլ չի ապացուցում, համոզում է կամ չի համոզում»: Արմենի «քաջությունը» ինձ համար հասկանալի չէ: Ես գրում եմ, երբ չեմ կարող չգրել, չնայած որքան գրող կա, այնքան էլ գրականություն ստեղծելու մոտեցում: Ներշնչանքը ինչ-որ չափով կարելի է ուղղորդել: Միշտ գրել եմ կես քուն, կես արթուն, հետո ստիպել եմ ինձ արթնանալ եւ թղթին հանձնել: Հիմա, երբ այդ վիճակը «գալիս» է, ես ինձ չեմ ստիպում արթնանալ: Բանաստեղծությունը սոսկալի շատ էներգիա է տանում: Ես այդքան ուժ չունեմ: Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին»: – Ես կարծում եմ, որ կարելի է բանաստեղծ մնալ նաեւ չգրելով: – Տասնամյակներ չեմ գրել՝ մտածելով, որ մենք բոլորս մի օր ներկայանալու ենք Տիրոջը՝ գրած ու չգրած բանաստեղծություններով. պատկերացնենք 10.000 տպաքանակով, կամ էս ինչ գրական մրցանակը ստացած: Այդ թվաբանությունը երկնքում չի անցնում: – Գրականագետները, քննադատները գրողին կամ բանաստեղծին դասում են ինչ-որ սերնդի մեջ: Համաձա՞յն ես սերնդային դասակարգման հետ: – Գրականագետները հաճախ չէ, որ լավ ընթերցող են: Իսկ ո՞վ էր Տերյանի սերունդը: Տերյանը եկավ, էս չոլի մեջ եվրոպական պոեզիա ստեղծեց: Կամ ո՞վ էր Չարենցի սերունդը … – Չարենցի սերունդը Մահարին չէ՞ր: – Մահարին Մահարու սերունդն էր: Մահարին մեծ պոետ չի, բայց բանաստեղծության զարգացման ճանապարհին հետաքրքիր հանգրվան է: Ինչը վերաբերում է նրա արձակին, դա առանձին թեմա է: «Այրվող այգեստանները», իմ կարծիքով, հայ գեղարվեստական վեպի բարձրակետն է: – Արի այս հարցազրույցները դարձնենք վարպետության դասեր: – Ո՞ւմ համար, նոր եկողները սովորաբար ոչ մեկի էլ չեն լսում: – Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն ամենատարբեր ծրագրերով սցենարիստների, արձակագիրների, պոետների դասընթացներ: – Դրա համար էլ աշխարհը պակաս հոգեւոր է, քան՝ ասենք Լեւ Տոլստոյի ժամանակ էր: – Իսկ ո՞վ էր վարպետության դաս տալիս Լեւ Տոլստոյին: – Ամենամեծ վարպետության դաս տվողը տառապանքն է: – Համաձայն չեմ. կյանքը, ցնծությունն էլ կարող է խթանիչ հանդիսանալ: – Ցանկացած էմոցիոնալ փայլատակման վիճակ էլ կարող է: Կարեւոր է՝ մարդը օժտվա՞ծ է, թե՞ ոչ, բայց որոշողը ճակատագրի զիգզագներն են: Արվեստում չկա «չի կարելի»: Արվեստի գործը այնքանով է մեծ, ինչքանով կարողանում է հաղթահարել կարծրատիպը: Չկա արգելված նյութ, առարկա կամ էմոցիոնալ դրսեւորման տեսակ, սակայն մեկ պայմանով՝ պետք է լինի գեղարվեստորեն համոզիչ: Չասենք տառապանք, թող լինի կորուստ: Երեք կամ չորս տարեկան էի, մեր գյուղում, հորեղբորս տան հետնամասում, դաշտի մեջ նստած խաղ էինք անում: Մի երեխա մատի վրա զատիկ էր պտտացնում ու երգում էր. «Զատիկ, զատիկ, մերս տղա կբերի՞»: Հանկարծ տարիների հեռվից այդ հուշը ինձ այցի եկավ ու սիրտս շատ մրմռաց, որովհետեւ այդ տարիներին եղբայրս ծնված չէր, որ հիմա մահացել է … : – Տեսե՞լ ես Փարիզը, ի՞նչ տպավորություն թողեց: – Ես գնացել էի տեսնելու այն Փարիզը, որին գրքերից էի ծանոթ, որը Իմպրեսիոնիստներից մինչեւ Ավանգարդ արվեստ, մինչեւ Մոդեռն, դարձավ գեղանկարչական աշխարհի մայրաքաղաքը: Ես քայլել եմ, նստել այդ սրճարաններում, ուր հավաքվում էին աշխարհի մեծագույն նկարիչները: Այդ մարդիկ այսօր չկան, բայց համոզված եմ՝ նրանց էներգետիկան պահպանվել է: Ելիսեյան դաշտերում, ճեմուղիներում նստում ես. ամայություն է, բայց լռության տեսակ կա, որ թվում է՝ հաղորդակից է դարձնում ինչ-որ գաղտնիքի: – Իսկ ինչպիսի՞ն է Ֆրանսիան առհասարակ: – Ես ապրում եմ դիալեզից մինչեւ դիալեզ: Առանձնապես շփումներ չունեմ: Այստեղ ծուռ աճող ծառ էլ չեմ տեսել, պտուղները գեղեցիկ են, բայց ոչ մի բանի մեջ համ չկա: Հետո հասկացա, որ գուցե իմ քիմքի համար չի ստեղծված: Հայրենիքները Աստված է ընծայում ժողովուրդներին եւ այդ հայրենիքները՝ այդտեղ ապրող ժողովրդի ընդհանրական դիմագիծը ունեն: Մեր աշխարհը իր բոլոր ծայրահեղություններով, ծիրանի ծառն՝ իր ծռմռվածությամբ, ծաղկած քարերը… Այդ ծայրահեղությունները, «վիշապաձայն բուքը», պարականոն սլացքները յուրահատուկ են ոչ միայն մեր բնությանը, այլ նաեւ մեզ: – Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի գրական արմատները որտեղի՞ց են: – Գրականության իմ ծնողներն այն մարդիկ են, ովքեր կերտել են հայ գրականությունը: Տարբեր շրջաններում, տարբեր են եղել նրանք: Ինչպես այլ առիթով ասել է Իոսիֆ Բրոդսկին, յուրաքանչյուր եկող բանաստեղծ փորձում է ամբողջացնել նախորդների ստեղծածը, եթե նույնիսկ ինքը առանձին-առանձին զիջում է նրանցից յուրաքանչյուրին: -Կարո՞ղ եք մեկ բանաստեղծություն հիշել։ – Վերջերս Չարենցի տողերն են հետապնդում ինձ. «Գուցե այդ ե՜ս եմ, որ սրտով իմ լուսնահար Ո՜չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի…»: «Առավոտ» օրաթերթ 13.04.2024

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/15/1412260/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://iravunk.com/sim/?p=281174&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ