Թատրոնի շինարարությունը, այսպես թե այնպես, մի օր կավարտվի, շատ ավելի կարեւոր է՝ մեր երկրի վիճակը կարգավորվի. ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:

— Երեւանի մնջախաղի պետական թատրոնում ի՞նչ նոր ներկայացումներով եք հանդես գալիս:

— Նոյեմբերին նոր ներկայացման պրեմիերա ունեցանք, կոչվում է «Բալանս», որը բեմադրել էին մեր թատրոնի դերասանուհիներ` Նաիրա Եդիգարյանն ու Շուշան Սարգսյանը, եւ իրենք էլ խաղում էին: Բավականին անսովոր, հետաքրքիր ներկայացում էր, որտեղ խոսվում էր հոգեւոր, ֆիզիկական հավասարակշռության մասին: Բացի դրանից, ընթացքի մեջ է մի նոր աշխատանք, որի հանձնումը փորձում ենք անել՝ մինչեւ տարեվերջ: Հետո կորոշենք, թե որտեղ պետք է խաղանք, որովհետեւ նոյեմբերի 30-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում եղավ մեր վերջին ներկայացումը: Դա մանկական ներկայացում էր եւ կոչվում է «Ալիսի երազում»: Ի դեպ, այդ ներկայացումն այս տարի ճանաչվեց լավագույն մանկական ներկայացում, ստացավ «Արտավազդ» մրցանակ: Հիմա պետք է որոշենք, թե որտեղ մեր ցուցադրությունները կազմակերպենք, որովհետեւ, ըստ էության, դեկտեմբեր ամսին դեռեւս Պատանի հանդիսատեսի թատրոնում կխաղան Նոր տարվա ներկայացումները, իսկ 2024թ. հունվարից շինարարություն է սկսվելու, եւ շենքում հնարավոր չի լինելու ներկայացումներ խաղալ:

— Ի՞նչ եք մտադիր անել, որտե՞ղ եք խաղալու ներկայացումները:

— Մենք որոշել ենք տեղափոխել մեր տարածքը, որտեղ արդեն 5-րդ տարին է` շինարարություն է գնում: Այն դեռ չի ավարտվել, բայց ավարտված է ադմինիստրատիվ հատվածը: Այսինքն` որպես բազա, կարող ենք տեղափոխել մեր իրերը, դեկորները, կոստյումները՝ այն, ինչը թատրոնինն է: Եվ մեր փորձասենյակում կարող ենք կազմակերպել ընթացիկ աշխատանքները, իսկ խաղալու համար պետք է արդեն փորձենք տարբեր հարթակներ փնտրել: Դեկտեմբեր ամսվա համար արդեն պայմանավորվել ենք եւ խաղալու ենք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում՝ մեր փոքր ֆորմատի ներկայացումները ցուցադրելու համար: Այսպիսով՝ դեկտեմբերի մեր ցուցադրություններն այնտեղ կշարունակվեն, իսկ հունվարից արդեն կորոշենք, թե ինչպես ենք առաջ շարժվում:

— Ինչո՞ւ հինգ տարի չեն կարողանում ավարտին հասցնել թատրոնի շինարարությունը:

— Հասկանալի է, որ, ըստ էության, այդ հինգ տարիները դժվար տարիներ էին: Անընդհատ պրոբլեմներ կային, բայց ամեն անգամ հավաստիացնում են, որ դեռ ընթացքի մեջ է: Իհարկե, այստեղ մի խնդիր էլ կա` շենքը համարվում է պատմամշակութային հուշարձան: Եվ այնտեղ շատ զգուշորեն պետք է վերականգնվի իր վերջնական տեսքն այդ ռեկոնստրուկցիայի արդյունքում, որովհետեւ ամրակայում է արվում: Հատկապես ինձ համար շատ կարեւոր էր այդ ամրակայումը, որովհետեւ հանդիսատես պետք է գա ու գնա: Իսկ դա հին շենք է, եւ շատ կարեւոր էր, որպեսզի այն անվտանգության համար ամուր լինի: Այդ իմաստով հասկանալի է: Բայց առհասարակ մի քիչ երկար ձգվեց... Համենայն դեպս, մինչեւ տարեվերջ ինչ-որ մի փուլ կավարտվի, գոնե տանիքը կծածկեն: Ու հետո արդեն ներսի աշխատաքները կշարունակվեն:

— Մյուս տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի 50-ամյակն է: Գոնե այդ հոբելյանական տարում կավարտե՞ն շինարարությունը:

— Այո, մյուս տարի մեր թատրնի 50-ամյակն է: Ես մեծ հույսեր ունեի, որ գոնե այդ ժամանակ կտեղափոխվենք, բայց, ցավոք, կարծես թե, անհնար կլինի թատրոնը բացելը: Նորոգումից հետո նախ անհրաժեշտ կլինի կահավորել, լուսաձայնային տեխնիկա ունենալ: Այդ ամենը նշանակում է նորից հատկացում, նորից տենդերներ, նորից սպասել… Իսկ այդ ամբողջ պրոցեսը բավականին ժամանակատար է: Շատ հույսեր չունեմ, որ մյուս տարի կավարտվի: Չնայած ո՞վ գիտի… Լավ կլիներ, որ գոնե մեր 50-ամյակին կարողանայինք բացել թատրոնը:

— Թատրոնի 50-ամյակին նվիրված ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Մեր թատրնի 50-ամյակին նվիրված միջոցառումների նոր ծրագիր ենք առաջարկել ԿԳՄՍ նախարարությանը: Հույս ունեմ, որ կաջակցեն եւ կիրականացնենք: Այդ ծրագրերի թվում է նաեւ Ծաղկաձորի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի վերականգնումը: Բայց չգիտեմ, թե դա ինչպես կարձագանքվի: Բացի դրանից, նախատեսվում են նոր ներկայացումներ: Մյուս տարի Փարաջանովի 100-ամյակն է, մեր 50-ամյակն է: Նաեւ նախատեսվում է համատեղ Փարաջանովի թանգարանի հետ մի ծրագիր իրականացնել: Այդ հայտն էլ եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, դեռեւս արձագանք չունեմ: Այսինքն` ծրագրեր շատ կան՝ կապված 50-ամյակի հետ, որի համար իհարկե, նաեւ աջակցություն է հարկավոր, որը եւ ակնկալում ենք:

— Դեկտեմբերին հյուրախաղեր լինելո՞ւ են:

— Հյուրախաղեր չեն լինի, բայց, ըստ էության, երբ մենք արդեն սկսենք հարթակների որոնումները նաեւ ակտիվացնելու ենք մարզերում, մեր մյուս քաղաքներում ցուցադրությունները: Դա էլ մի հետաքրքիր հնարավորութուն է ստեղծում, խթան է դառնում, որպեսզի գնանք նաեւ մարզերի թատրոններում ցուցադրություններ անենք: Այս ընթացքում ցուցադրություններ եղան Արտաշատում: Նոյեմբերի 1-ից մինչեւ 7-ն այնտեղ անցկացվեց Հանրապետական թատերական փառատոն՝ նվիրված Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ պետական կարգավիճակ ստանալու 90 եւ շենքի կառուցման 80-ամյակներին: Ամռանը ցուցադրություն ունեցանք Զվարթնոցի տաճարի տարածքում՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Նաեւ նախագծեր ենք անում Հայաստանից դուրս:

— Ամանորյա ներկայացումներ կլինե՞ն:

— Դրա համար տարածք է պետք, որպեսզի ցուցադրվի: Ոչ մեկը Նոր տարվա նախաշեմին իր տարածքը չի տա, քանի որ իրենք էլ են այդ ներկայացումներն անում: Մենք երբեք չենք արել ամանորյա ներկայացումներ՝ միայն այն պատճառով, որ չենք ունեցել մեր տանիքը, մեր տարածքը: Երբ թատրոնը պատրաստ լինի, նոր արդեն կունենանք մեր ամանորյա մանկական ներկայացումները:

— Թատրոնի վերանորոգումը 5տարի է` ավարտին չեն հասցնում, բայց Դուք չեք ընկճվում ու լավատեսորեն եք տրամադրված…

— Ես լավատես եմ այն առումով, որ, այնուամենայնիվ, այդ շինարարությունը եթե սկսվել է, այդքան ծավալի աշխատանք կատարված է, ուրեմն՝ պետք է մի օր ավարտվի: Շատ չեմ շտապեցնում՝ մտածելով, որ ավելի լավ է դանդաղ, բայց որակով աշխատեն: Միշտ շինարարների հետ խոսում ենք այդ թեմայով: Այն ծավալի աշխատանքը, որն արդեն կատարված է, բավականին որակով է արված: Մնացածը կուզենայի, որ նույն ձեւով շարունակվի: Իհարկե, շտապում ես, ուզում ես, որ շուտ ավարտվի: Այնքան ծրագրեր կար, բայց դե ինչ արած, հիմա այս վիճակում ենք: Մեր վիճակը առաջնային չէ, երկրի վիճակը շատ ավելի բարդ է: Թատրոնի շինարարությունը, այսպես թե այնպես, մի օր կավարտվի, շատ ավելի կարեւոր է, որ մեր երկրի վիճակը կարգավորվի:

— Այսքան չարության մեջ այդքան դրական էներգիա Ձեզ որտեղի՞ց:

— Ես այս ընթացքում ամբողջովին վերափոխեցի իմ մոտեցումները: Հիմա նաեւ շատ եմ աշխատում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որովհետեւ ղեկավարում եմ դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնը: Ամեն օր շատ եմ շփվում ուսանողների հետ: Պետք է ասեմ, որ այդ լավատեսությունը ստանում եմ նաեւ իրենցից: Եվ դա միակ բանն է, որն այս իրավիճակը բալանսի է բերում:

— Ձեր դրական լիցքերը նաեւ ինձ փոխանցվեցին…

— Շատ ուրախ եմ: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ միշտ պետք է փորձել իրավիճակին տարբեր կողմերից նայել ու փորձել բալանսը, այնուամենայնիվ, պահպանել, որովհետեւ հիմա իմ կենտրոնացումն ավելի շատ երիտասարդների վրա է ուղղված՝ այն պատճառով, որովհետեւ կարծում եմ՝ այսպես թե այնպես այս խոչընդոտները, դժվարությունները կհաղթահարվեն: Ու երբ գան լավ ժամանակներ, մեզ լավ մասնագետներ են պետք լինելու: Հենց դրա համար հիմա է պետք պատրաստել այդ մասնագետներին, որ այդ ժամանակ իրենք արդեն սկսեն գործել: Եվ հատկապես այս պարագայում շատ եմ կարեւորում իմ մանկավարժական գործունեությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271415&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ