ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԸ Ո°Չ ՄԵԶ Է ՁԵՌՆՏՈՒ, Ո°Չ` ՌՈՒՍՆԵՐԻՆ

Արխիվ 16-20

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆԻ հետ

 

- Կրքերը, հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի շուրջ, չեն դադարում: Օրերս այդ թեմային հերթական անգամ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` TACC-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում: Ըստ էության, նա կրկնեց բոլոր այն թեզերը եւ հերյուրանքները, որ հնչեցրել էր նախկինում: Ձեր մոտեցումը, խնդրեմ:

Ցավոք, Գարեգին Նժդեհի շուրջ հրահրվող աղմուկը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի նախագահի անհիմն հայտարարություններով: Ավելի մտահոգիչ են ռուսաստանյան մեր որոշ գործընկերների թյուրըմբռնումները եւ, հատկապես, Հայաստանի գործող իշխանության պատասխան քայլերի անհամարժեքությունը: Այդ պատճառով, կուզեի սկզբում հնարավորինս կարճ անդրադառնալ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նժդեհի եւ նացիստների համագործակցության կնճռոտ խնդրին: Պատերազմի հենց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի` 1915թ. Ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուրդների շարքում եւ ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին, Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան` Երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում ծայր առան հակահայկական տրամադրություններ: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպություններ, որոնք կոչ էին անում` հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր` հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից...

Այս իրավիճակում, Նժդեհը, «Մշակութային մերձեցման բուլղարահայկական կոմիտեի» միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ. անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ` Բեռլինում վարժվելու եւ Գերմանիայի` Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է իր գաղափարակից Հայկ Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում եւ Գերմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ. աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ` Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների` ո՛չ թե Ղրիմում, այլ` Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանա-թուրքական հարաբերությունները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ եւ հակաթուրքական հողի վրա:

Այս համատեքստում, արժե մի քանի խոսքով անդրադառնալ Նժդեհի` խորհրդային ղեկավարության հետ համագործակցության` քիչ լուսաբանված թեմային: 1944թ. սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները: Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ. սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ: 1944թ. հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից` ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում: Որո՞նք էին Նժդեհի` Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները: Հանձնվելով կարմիրներին` Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանությունները իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան թիրախ կդառնա Խորհրդային Միության համար (1945թ. խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), եւ Կարմիր բանակի` Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու այն կցել Խորհ. Հայաստանին: Փաստորեն, Արեւմտահայաստանի ազատագրման համար Նժդեհն իր քառասնամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված` Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխություններն` ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. խորհրդային բանակը չշարժվեց Թուրքիայի վրա: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. Սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհ. Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման` պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց: 1953թ., ինչպես վկայում է նրա բանտակից դաշնակցական Հ. Դեւեջյանը, Նժդեհը դիմում է խորհրդային ղեկավարությանը` առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ որոշակի գործակցություն ստեղծելու համար: Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Խ. Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ., Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին` հակաթուրքական հողի վրա: Սակայն Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակն ուղարկել, եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ: Իսկ հարցը, թե ինչո՞ւ է սույն պատմական կոնտեքստում, որպես կանոն, թիրախավորվում հատկապես Նժդեհը, եւ ոչ` այլ հայազգի գործիչներ, ովքեր եւս համագործակցել են նացիստների հետ, նույնպես կարոտ է պատասխանի: Թերեւս, այն պատճառով, որ Նժդեհի կյանքն ու թողած գաղափարախոսությունն ունեն ձգողական ուժ եւ հավիտենական ուղենիշ են հայության համար:

Դուք խոսեցիք Հայաստանի գործող իշխանության քայլերի անհամարժեքությունից եւ ռուսաստանյան որոշ գործիչների մտահոգիչ պահվածքից: Պարզաբանեք, խնդրեմ:

Սկսեմ անհամարժեքության ակնառու օրինակներից: Նախ, անդրադառնամ անցյալ տարվա հոկտեմբերին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժանանակ Ն. Փաշինյանի հնչեցրած պատասխանին` ուղղված Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւին, ով միտումնավոր Գարեգին Նժդեհին պիտակավորեց իբրեւ ֆաշիստ, նշելով նաեւ, որ Հայաստանում «հերոսացվում է ֆաշիզմը»: Գրոհելով` Ալիեւը, կարծես թե, վստահ էր, որ իրեն հիմնավոր չեն հակադարձի, այլապես նա չէր կարող չիմանալ, օրինակ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ադրբեջանական լեգեոնի` նացիստների հետ սերտ համագործակցության եւ իրականացրած պատժիչ գործողությունների մասին: Հարց է ծագում` այդ դեպքում, որտեղի՞ց նրան այդ վստահությունը: Ինչեւէ, Փաշինյանը Ալիեւին պատասխանեց այնպես, որքան թույլ տվեցին իր գիտելիքները: Արդյունքում, նա ստանձնեց արդարացողի դերը, ինչը, հայտնի է, պարտության նշան է: Այնինչ, պատասխանի ընտրության բավականին մեծ շրջանակ կար: Ն. Փաշինյանը կարող էր, օրինակ, իր ելույթում անդրադառնալ նացիզմի իրական հերոսացման ադրբեջանական փորձին, շեշտելով նաեւ, որ ՌԴ-ում հականժդեհյան տարաբնույթ ակցիաները հաճախ հովանավորվում են հենց թուրք-ադրբեջանական միջոցներով: Նա կարող էր ի ցույց դնել նացիստների հետ սերտորեն համագործակցած եւ Ադրբեջանում այսօր հերոսացվող Է. Ռասուլզադեին եւ Ա. Ֆաթալիբեյին, հիշեցնել, թե ինչ դերակատարում է ունեցել ադրբեջանական լեգեոնը, օրինակ, 1944թ.-ին Վարշավայի ապստամբության արյունահեղ ճնշման գործում: Սա այն դեպքում, երբ Նժդեհի կողմից Բուլղարիայում հավաքագրված արեւմտահայերի խումբը երբեւէ ռազմական գործողությունների մեջ չի մտել Կարմիր բանակի հետ եւ նախատեսված էր Թուրքիայի տարածքում հնարավոր գործողությունների համար: Համապատասխան իմացության դեպքում, նա կարող էր նաեւ հիշեցնել Ստալինին եւ Վորոշիլովին ուղղված` Նժդեհի պատմական նամակների մասին կամ, ի վերջո, մեջբերել նրա նշանավոր խոսքերը, թե «հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»…

Ի՞նչ գնահատական տալ այս ամենին. չիմացությո՞ւն, խորհրդականների եւ պատասխանատու օղակների անգրագիտությո՞ւնՄի խոսքով` անհամարժեքությո՛ւն: Հաջորդ օրինակը: Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ռուս մի լրագրող` իրավացիորեն նշելով, որ Գարեգին Նժդեհը հակասական կերպար է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների տեսակետից, քանի որ նա հայ ժողովրդի համար ազգային հերոս է, իսկ իրենց համար` ոչ միանշանակ կերպար, հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք ՀՀ վարչապետը նպատակահարմար է գտնում ստեղծել հայ եւ ռուս գործընկերներից բաղկացած մի խումբ, որը կքննարկի Գարեգին Նժդեհի կյանքի եւ գործունեության հակասական դրվագները: Անաչառությունից ելնելով` փաստենք, որ ռուս լրագրողի հարցն իրականում բխում էր համերաշխության հաստատման ցանկությունից: Հիշենք, որ նախօրեին գրեթե նույնանման առաջարկ էր արել Ռուսաստանի հայերի միությունը: Սակայն, ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. ընդունեց տղայական կեցվածք, ցուցաբերեց հայոց պատմության անթույլատրելի չիմացություն: Միաժամանակ, նա անպատշաճ հղում արեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտին` փաստացի մեզ նույն շարքում դնելով լեհերի եւ բալթյան ժողովուրդների հետ, մոռանալով նաեւ, որ դեռ 1989թ.-ին ՌԴ օրենսդիր մարմինն արդեն իսկ տվել է քաղաքական եւ իրավական գնահատական հայտնի այդ պակտին: Ի դեպ, այս պատմական փաստի շահարկումը լավ մշակված քարոզչական թեզ է, որի նպատակն է Ռուսաստանի հնարավոր վարկաբեկումը` այլոց հաշվին: Մնում է Փաշինյանին հարցնել, թե ո՞վ է նրան խորհուրդ տվել` հղում անել նման խիստ վտանգավոր թեզի: Միաժամանակ, տարբեր հայտնի եւ անհայտ ուժեր այսօր կարողանում են ՌԴ-ում հականժդեհյան կեղծ օրակարգ ձեւավորել, եւ, ցավոք սրտի, մեր ռուս գործընկերներից ոմանք տրվում են այդ մոլորություններին: Այնինչ, պետք է համատեղ հասկանալ, թե ինչ ուժերի է առհասարակ ձեռնտու այդօրինակ հարցերի քաղաքականացման ճանապարհով հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ ստեղծելը: Փաստերի համադրումը մեզ մղում է եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը ձգտող ուժերը որոշակիորեն հասնում են իրենց նպատակին` Հայաստանում հակառուս ուժերի, իսկ ՌԴ-ում ծախու կամ անհեռատես գործիչների միջոցով: Ստացվում է զավեշտալի պատկեր. արեւմտամոլության առաջատար հայաստանյան կայքը սկսում է Գարեգին Նժդեհին «պաշտպանել ռուսներից»: Բնականաբար, այդ պաշտպանության ընթացքում հարձակումներ են կատարվում հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ կամ թիրախավորվում են հայ-ռուսական համատեղ պատմության որոշ դրվագներ: Ի պատիվ ռուսաստանյան մեր մի շարք գործընկերների, նրանք այս նրբությունները լավ հասկանում են: Այս տարի, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է ունենալու նաեւ նացիզմի դեմ պայքարի եւ պատմության նենգափոխման կանխարգելման թեմատիկան: Կանխատեսելի էր, որ նժդեհյան թեման շահարկելու եւ հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն սերմանելու համար ջանք եւ միջոցներ չեն խնայվելու: Հայաստանի օրվա իշխանությանը հարկ է առհասարակ լրջանալ: Այսօրինակ հարցերում տղայական կեցվածքն ու անհամարժեք պատասխանները էապես վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչին անհամբեր սպասում են մեր թշնամիները: Ցավոք, շահագրգիռ ուժերն ունեն լծակներ երկու կողմերում էլ, թե՛ ՌԴ-ում եւ թե՛ ՀՀ-ում: Վերոնշյալ խնդիրը պետք է անհանգստացնի նաեւ մեր ռուս գործընկերներին, եւ ավանդական հարցը, թե ո՞ւմ է դա ձեռնտու, պետք է հուզի նաեւ մեր ռազմավարական դաշնակցին:

https://iravunk.com/sim/?p=111873&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ