«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Ռուսաստանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է Հայ Առաքելական եկեղեցու տարածք եւ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սեւ ներկով: «Կրասնայա վեսնայի» թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը ասել է, որ նա դիմել է այս քայլին, քանի որ դեռեւս նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային եւ տեղական իշխանությունները, նաեւ Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Ի դեպ, «Իրավունքն» անդրադարձել էր, որ ավելի վաղ հուշատախտակն ապամոնտաժելու ցանկություն էր հայտնել նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Իսկ դա նշանակում է, որ նման հարցերով, աշխատանքներ մասնավորապես` ՌԴ-ի հետ մեր նոր իշխանությունները այդպես էլ չեն իրականացնում: Ի վերջո, թե ինչու Նժդեհի կերպարը հանգիստ չի տալիս անգամ դաշնակից Ռուսաստանին, «Իրավունքը» պարզեց ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը:
– Նախ նշեմ, որ Նժդեհի անձը եւ իր ուսմունքը, գաղափարաբանությունն այն կետն է, որտեղ խաչվում են ե՛ւ ներհայաստանյան ներքաղաքական, ե՛ւ տարածաշրջանային քաղաքական խնդիրներ: Նժդեհը համազգային առաջնորդ էր, եւ իր գաղափարախոսությունը հարիր է ցանկացած ազգայնորեն ապրող հայի համար: Այնուամենայնիվ, ռուսների` մեր դաշնակիցների համար հակառուսական կամ ֆաշիստների հետ համագործակցելու հանգամանքը միշտ զգայուն է եղել, եւ որոշակի քարոզչության հետեւանքով որոշ շրջանակներում ինչ-որ մտայնություն, այդուհանդերձ, մնացել է Նժդեհի եւ ոչ միայն նրա առումով: Որ իբրեւ գործել են հակառուսական դաշտում: Բայց պատմությունն է սխալ մեկնաբանվում, որովհետեւ իրականության մեջ Նժդեհը երբեւէ չի գործել հակառուսական դաշտում: Ընդհակառակը, իր գաղափարախոսության հիմքում, որի առանցքը ցեղակրոն ուսմունքն է, հենց ինքն է համարում, որ Ռուսաստանը բնական դաշնակից է: Չկա պատմական մեկ դրվագ, որ Գարեգին Նժդեհը գործած լինի Սովետական Միության կամ ռուսների դեմ: Ընդհակառակը, Գարեգին Նժդեհի գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե ընդդեմ էր, այլ` հանուն: Նա գործում էր հանուն հայության թեկուզ այն փոքրիկ հատվածի, որը գերության մեջ էր հայտնվել եւ ոչնչացման, սպանվելու սպառնալիքի տակ էր: Գործում էր հանուն այն հայության, որոնց դեմ ակտիվ քարոզչություն էր իրականացվում, թե հայերը եւս սեմական ազգ են: Ու եթե հանկարծ, ինչպես հրեաներին, հայերին եւս դասեին սեմական ժողովուրդների շարքին, եւ եթե, Աստված մի արասցե, որեւէ ձեւով Ֆաշիստական Գերմանիան հաղթանակ տաներ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու հայերի հետ: Եվ, ի վերջո, մեկ փամփուշտ անգամ Նժդեհի կողմից հավաքագրված ջոկատները չեն արձակել Սովետական բանակի դեմ, որտեղ նաեւ կռվում էին հայեր: Դրա ապացույցը նրա նամակներն են ե՛ւ Վորոշիլովին, ե՛ւ Ստալինին: Այնպես որ, պատմական փաստերը չիմանալ, եւ խեղաթյուրելն ուղղակի աններելի է: Եվ վերջին փաստարկը. եթե Նժդեհն իր հոգու խորքում իմանար, որ որեւէ տեղ մեղավոր է հակառուսական, հակասովետական գործունեության տեսանկյունից, ապա 1944-ին, երբ նա հնարավորություն ուներ փախչել Սոֆիայից, երբ Կարմիր բանակը մտնում էր Բուլղարիա, նա կհեռանար եւ չէր հայտնվի բանտում: Բայց ինքը այնքան վստահ էր իր անկեղծության, ազնվության եւ մանավանդ` Սովետական Միության հետագա պլանների մեջ, որ մնաց եւ իր ծառայություններն առաջարկեց: Նա վստահ էր, որ Խորհրդային Միությունը Թուրքիայի դեմ կսկսի ռազմական գործողություններ, իսկ այդ հարցում Նժդեհն անփոխարինելի օգտակար կարող էր լինել: Սակայն, պատմությունն այլ բան էր նախատեսել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=98334&l=am/