«Այս ամենն առնվազն անբարոյականություն է». Գագիկ Թամանյանն արձագանքում է Ռուբեն Արեւշատյանին
Արխիվ 16-20
Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի Ռուբեն Արեւշատյանն օրերս հարցազրույցներից մեկում, խոսելով վերջին ամիսներին Թամանյան թանգարան վերստեղծելու, Ալեքսանդր Թամանյանի թոռ՝ Գագիկ Թամանյանի պահանջին, շեշտել է. «Թամանյանի ժառանգ՝ Գագիկ Թամանյանը, ձեւավորել է մի թիմ եւ պահանջում է շենք, չունենալով արխիվ, իսկ արխիվն ում ձեռքում է (նկատի ունի թանգարանի նախկինտնօրեն Հայկ Թամանյանին, ով 4 տարի առաջ ճարտարապետության եւ Ալ. Թամանյանի թանգարանների վերամիավորվելուց հետո, վերցրել է արխիվն ու տարել թանգարանից), նա շենք չի պահանջում եւ ընդհանարապես ոչ մի հարաբերություն չունի մյուս ազգականների հետ»:
Գագիկ Թամանյանն արձագանքելով այդ զրույցում Ռ. Արեւշատյանի հայտարարություններին, դրանց տվել է հետեւյալ որակումը. «Այս ամենն առնվազն անբարոյականություն է: Ես երբեք չեմ պահանջել արխիվը, երբեք թայֆա չեմ կազմել: Ցույց տվեք մամուլում, կամ այլուր հրապարակված որևէ նյութ, որտեղ ես պահանջել եմ արխիվը: Չկա նման բան: Եթե այդքանը այսպես ասված իբրև տնօրենը չի հասկացել, ինչպես է նա կարողանում պաշտոնավարել: Տարածելով այս անհեթեթ լուրերը վերջինս միայն ինքն իրեն է վարկաբեկում: Հավանաբար այս ստահոդ պատմություններն իր մանկության ընկերոջ Հայկի հետ են մտածել նպատակ ունենալով ինձ վարկաբեկել, մինչդեռ պետք է գիտակցեին, որ երկուսն էլ չեն հաջողել: Վայն եկել մեզ տարել է, եթե նման անբարեխիղճ տնօրեններ պետք է ունենանք: Հակառակը, ես միշտ մամուլով և ամեն հնարավոր լսարաններում բարձրաձայնել եմ, որ Մեծն Թամանյանի գործերը պատկանում են ժողովրդին, և պետք է արժանավայել կերպով ցուցադրվեն իր թանգարանում: Թանգարանը պետք է ունենա սրտացավ ու վաստակաշատ տնօրեն: Ես շատ ցանկացա, որ Հայկը հանդիպի պարոն Վերմիշյանի հետ և միասին պայքարենք Թամանյանի թանգարանի վերաբացման համար, սակայն նա մերժեց ու չներկայացավ»,- ասում է Գ, Թամանյանն ու կրկին պնդում. «Հայ ժողովուրդը ունեցել է Նարեկացի, Կոմիտաս եւ Թամանյան, եթե Նարեկացու ու Կոմիտասի ժառանգությունը պատկանում է հայ ժողովրդին, ապա նաեւ մեծն Թամանյանի ժառանգությունը նույնպես: Ոչ մի կառավարության որոշում չի կարող բեկանել այս իրականությունը, հակառակը, ամեն կառավարությանը պետք է Թամանյան թանգարան ստեղծել եւ ստեղծել պայմաններ որ Թամանյանի գործունեությունը եւ բարձրագույն նվաճումները հայտնի դառնան աշխարհով մեկ: Իսկ մենք՝ թշվառներս, փակեցինք նրա թանգարանը, ամոթ է, ամոթ»:
Գագիկ Թամանյանն անդրադարձ է կատարել նաեւ թանգարանի նախկին տնօրեն, կրտսեր Ալեքսանդր Թամանյանին. «Թամանյան թանգարանի առաջին տնօրեն, կրտսեր Ալեքսանդր Թամանյանը հայրենասեր անձնավորություն է որի ջանքերի շնորհիվ է կայացել այդ թանգարանը եւ այժմ անհնարին է ոտնատակ անել իր գործունեությունը եւ հնարել իմ մասին նման ցածր մակարդակի անվայել հեքիաթներ»,- եզրափակել է Գագիկ Թամանյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=90709&l=am/