Մարկ Գրիգորյանն ընտրվել է Ճարտարապետության թանգարանի տնօրեն՝ ինչպես կանխորոշել էր նախկին տնօրենը
Արխիվ 16-20
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթը, որի արդյունքում, ընտրվել է հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը: Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վ.Վերմիշյանն արդեն հրամանագրել է Մարկ Գրիգորյանին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն նշանակվելը:
Հիշեցնենք, որ թանգարանի նախկին տնօրեն Ռուբեն Արեւշատյանը իր ֆեյսբուքյան էջում օրերս անդրադարձել էր թանգարանի տնօրենի կայանալիք մրցույթին եւ շեշտել, որ թեպետ հայտ է ներկայացրել, բայց չի ներկայանալու, կասկածներ ունի, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված. «Փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձևաչափի եւ վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաև ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։ Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ»,- ավելի վաղ նշել էր թանգարանի արդեն նախկին տնօրենը։
Ինչեւէ, թանգարանի նոր տնօրեն Մարկ Գրիգորյանը 1980 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ աշխատանքի է անցել Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում: Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից՝ որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։ Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը: 2017 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, մի խումբ աշխատակիցների պահանջով, հրաժարական է տվել:
https://iravunk.com/sim/?p=90701&l=am/