Իրանը մերժել է Զարիֆի հետ հանդիպման Թրամփի հրավերը
Արխիվ 16-20
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավեր է ստացել, գրում է The New Yorker-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես նշում է հրատարակությունը, հրավերը Զարիֆին է փոխանցել ամերիկացի կոնգրեսական Ռենդ Փոլը՝ իրանցի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ դրանից հետո Զարիֆը առաջարկը փոխանցել է իրանական իշխանություններին, որոնք «այս անգամ հավանություն չեն տվել հանդիպմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ՝ սառեցնելով ԱՄՆ-ում նրա ակտիվներն ու արգելելով Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին նրա ներգրավմամբ բիզնես վարել: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Ջավադ Զարիֆին երկխոսության առումով այլևս առաջնային պաշտոնյա չի համարում:
Նախարարն իր հերթին հայտարարել էր, որ Իրանից դուրս որևէ այլ երկրում ակտիվներ չունի, հետևաբար չի տուժի պատժամիջոցներից: Նա դրանց սահմանման պատճառն իր՝ աշխարհում Իրանի հիմնական ներկայացուցիչը լինելու փաստն էր համարել:
https://iravunk.com/sim/?p=90409&l=am/