Թրամփը բաժակ բաժակի է խփել Պուտինի հետ և կատակել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ. G20-ի առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքի ուշագրավ կադրերը (լուսանկարներ)
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ բաժակ բաժակի է խփել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և կատակել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ, գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ նախագահն աշխարհի ամենահայտնի առաջնորդներից երկուսի հետ մտերմիկ ժամանակ է անցկացրել, գրում է լրատվամիջոցը:
G20-ի առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահն իր բաժակը, որում «Կոկա կոլա» է, խփում Պուտինի թերմոսին, որով նա ներկայացել էր ընթրիքին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նստած է եղել երկու երկրների առաջնորդների մեջտեղում:
Ավելի ուշ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել էր ընթրիքին թերմոսի առկայությունը՝ ասելով, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ նախագահը մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից:
Ավելի վաղ, գագաթնաժողովի շրջանակում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ Թրամփը կատակով դիմել էր ռուս գործընկերոջը՝ ասելով. «Խնդրում եմ, մի՛ խառնվեք մեր ընտրություններին»: Այդպիսով՝ նա ակնարկել էր քննադատություններն առ այն, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին և ազդել ընտրությունների ելքի վրա:
ԱՄՆ-ի նախագահը նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին, նրա հետ կատակներ փոխանակել և լուսանկարվել վերջինիս հետ:
Նշենք, որ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի հեղինակությանը մեծ վնաս էր հասցվել 2018թ.-ի հոկտեմբերի սկզբին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանությունից հետո: Լրատվամիջոցներում երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լրագրողի սպանության հրամանն արձակել է հենց թագաժառանգ արքայազնը: