Փիկրետ Ամիրո՞վ, թե՞ Արա Գեւորգյան. նոր բացահայտում «Արցախ» ստեղծագործության շուրջ (Տեսանյութ)
Արխիվ 16-20
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «Արցախ» ստեղծագործությունը բազմիցս հնչել է Ադրբեջանում տարբեր առիթներով, անգամ կառավարական միջոցառումներին: Ադրբեջանցիները տարիներ շարունակ պնդում էին, թե այն ոչ թե գրել, այլ գողացել է Արա Գեւորգյանը, իսկ ստեղծագործության հեղինակն է ադրբեջանցի կոպոզիտոր ՓԻԿՐԵՏ ԱՄԻՐՈՎԸ, որն այն վերնագրել է «Ղարաբաղ՝ Ադրբեջանի մարգարիտ»:
Սա բավական հայտնի եւ չարչրկված թեմա է, որին չէինք անդրադառնա, եթե չպարզվեր, որ տարիներ անց Ադրբեջանը որոշել է առերեսվել ճշմարտության հետ, համենայնդեպս, այս հարցում:
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին անդրադարձել են «Արցախ» ստեղծագործությանն այն պատճառով, որ այս տարի Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ադրբեջանական դպրոցներից մեկում կրկին հնչել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Ա. Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:
Նույն աղբյուրը այս հարցով պարզել է Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՍԻՅԱՎՈՒՇ ԿԵՐԻՄԻ տեսակետը, որը մասնավորապես ընդգծել է. «Այս ստեղծագործությունը չի կարող Փիկրետ Ամիրովին պատկանել: Ես չեմ տեսել այն Փ. Ամիրովի ստեղծագործությունների շարքում»:
Ի դեպ, առավել վաղ նույն Փ. Ամիրովի որդին՝ ջազմեն ՋԱՄԻԼԱՄԻՐՈՎԸ եւս հերքել էր, որ այս ստեղծագործությունը հեղինակել է հայրը:
Եվ թեպետ ադրբեջանական կայքերը նոր-նոր են միայն այսպիսի «մեգաբացահայտումներ» անում, այս թեման Ա. Գեւորգյանի համար վաղուց փակված է, ինչի մասին մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում պատմել էր հետեւյալը. «2007 թվականից սկսվեց այս երաժշտության «պատմությունը»: Ռուսական Առաջին ալիքի «Սառցե շրջան» հաղորդման ժամանակ օգտագործվեց իմ նույն «Արցախը», եւ հայտարարվեց, որ գեղասահորդները ներկայացնում են հայկական պար, բայց, չգիտես ինչու, այն սկսվեց ադրբեջանական դուդուկով, որի պոչից կպցրել էին իմ «Արցախը»: Գիտեն, որ դուդուկը հայկական ազգային գործիք է, եւ օգտագործել էին որպես դանդաղ մաս, իսկ «Արցախը»` օգտագործել արագ մաս, բայց չէին իմացել, որ նվագում է ադրբեջանցի եւ նվագում է ադրբեջանական շատ հայտնի «Սենե դե գալմազ» երգը: Այդ եթերից հետո բոլոր ադրբեջանցիները` Մոսկվայում ապրող, զանգահարում են իրենց դեսպանին` Փոլադ Բուլբուլօղլուն, նա էլ` զանգահարում է ռուսական Առաջին ալիք, թե այս ինչ է կատարվում, մեր ադրբեջանական երաժշտությունը միացրել եք ու հայկական պար հայտարարել: Նրան էլ ասում են` մենք սա վերցրել ենք Արա Գեւորգյանի «Անի» ձայնասկավառակից` «Արցախ» երգն է: Այսինքն` դեսպանին կիսատ են պատմում պատմությունը: Դեսպանն էլ, փոխանակ իմ ձայնասկավառակը մի անգամ լսի կամ այդ հաղորդումը մի անգամ դիտի, հաջորդ օրը հայտարարում է, որ Արա Գեւորգյանը գողացել է մեր «Սենե դե գալմազ» երգն ու անունն էլ դրել «Արցախ»: Դրանից հետո ես դիմեցի այն ժամանակվա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ այն տարիներին Մոսկվայում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին եւ նրանց համառության ու իմ բոլոր փաստարկները ներկայացնելու շնորհիվ Ադրբեջանի դեսպանը` Փոլադ Բուլբուլօղլին, որը նախկինում եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարը եւ երգիչ է, ներողություն խնդրեց: Հիմա այդ ներողության մասին 7 տարի է խոսում ենք, հայերեն ենք խոսում, բոլոր հայերն իմանում են այդ մասին, բայց ադրբեջանցիները երեւի թե տեղյակ չեն, որ իրենց դեսպանն ինձնից պաշտոնապես ներողություն է խնդրել: Իմ այդ երաժշտությունը, որտեղ ձայնագրության մեջ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դուդուկը` Ջիվան Գասպարյանը, դաշնամուրային մասը` նվագում եմ ես: Հիմա «Արցախը» հնչում է ադրբեջանական պաշտոնական միջոցառումների ժամանակ: Ալիեւը նստած է, իրենց ՈՒՀԱ-ն է խաղում ու օգտագործում իմ «Արցախ» երաժշտությունը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպես են ադրբեջանական դպրոցի բակում՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ պարում ադրբեջանցի աշակերտները.
https://iravunk.com/sim/?p=39720&l=am/