Շրջափակումից դուրս գալու Հայաստանի այլընտրանքային ճանապարհը դեռ քննարկման սեղանին է
Արխիվ 16-20
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերություների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԸ դեռես նախորդ տարի «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ աշխատում են մի նախագծի վրա, որի կյանքի կոչման դեպքում Հայաստանի համար շրջափակումից դուրս գալու իրական հնարավորություն կստեղծվի: Խոսքն այլընտրանքային ճանապարհ բացելու մասին է` Դաղստանի եւ Կախեթիայի միջով: Թե ի՞նչ փուլում է այս նախագիծը, պարզեցինք հենց Ա. Կրիլովից.
– Հիմա հերթական անգամ այս գաղափարը քննարկվում է, որպեսզի այն չխանգարի Օսեթիայի եւ Աբխազիայի քաղաքական իրավիճակին: Ասեմ, որ այդ ճանապարհը ժամանակին եղել է, այն անցնում էր Կախեթիայի, Հայաստանի, Դաղստանի եւ հետո Ռուսաստանի միջով: Իհարկե, այն այսօր հնարավոր է իրականություն դարձնել, եթե չլինեն այլ չկարգավորված խնդիրներ: Իսկապես, քաղաքականությունն այստեղ շատ է խանգարում: Վրացական հանրությունը չի համակերպվում, որ Աբխազիան, ինչպես եւ Օսեթիան իրենց տարածքը չէ: Իսկ Կախեթիայի եւ Դաղստանի հետ կապված խնդիրներ չկան, եւ այս տրանսպորտային ճանապարհը դրական մեծ նշանակություն կարող է ունենալ` ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ բոլորիս համար: Հուսանք, որ այս նախագիծը կշարունակվի ոչ միայն քննարկվել, այլ կլինեն գործող քայլեր, որպեսզի այն կյանքի կոչվի, որովհետեւ դրանով հետաքրքված են ե՛ւ Դաղստանի ղեկավարությունը, ե՛ւ Վրաստանի որոշ շրջանակներ, որովհետեւ այն ուղիղ ճանապարհ է դեպի ռուսական շուկա: Իհարկե, այն նաեւ Հայաստանին դուրս կբերի ճանապարհային շրջափակումից: Բայց եւ շեշտեմ, որ այստեղ պետք են շատ քայլեր` մեկ ճանապարհ ստեղծելով` շրջափակումից դուրս գալու հարց չի լուծվի: Ինչքան շատ լինեն ճանապարհները, այնքան Հայաստանի համար լավ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=33085&l=am/