Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին
Միջազգային
Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։
Նա ընդգծել է, որ «հայրերը, պապերը և նախապապերը փրկել ե Հայրենիքը և պատգամել պաշտպանել երկիրը, լինել միասնական, հաստատակամորեն պաշտպանել ազգային շահերը, հազարամյա պատմությունը, մշակույթը, ավանդական արժեքները՝ այն ամենը, ինչ թանկ է, սուրբ է ռուսաստանցիների համար»։
«Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա՝ թե՛ ռազմական, թե՛ խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու, խնդիրների լուծման հարցում՝ հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության: Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք համաձայնի դրա հետ կապված իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու և իրական հաղթողներին մեղադրելու փորձերին», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «ճշմարտությունն ու արդարությունը իրենց կողքին են, և ամբողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»։
«Ռուսաստանը եղել և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար: Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները», - ասել է Պուտինը։
https://iravunk.com/sim/?p=312629&l=am/