Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան
Ներքաղաքական
Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում են մի շարք հանրային գործիչների՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Ջահերով երթի մեկնարկի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու վերաբերյալ արված հրապարակումներն ու հայտարարությունները։ Առկա արձագանքների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, ով խոսնակի միջոցով դատապարտեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրման գործողությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:
— Իրականում Ջահերով երթի խորհուրդը խորը եւ բազմաշերտ է, ու դրա իմաստը, այնուամենայնիվ, ավելի մեծ է, քան պարզապես այդ դրոշների այրումը, ինչը, կարծում եմ, հանդիսանում է մի հատուկ գործողություն, որը երիտասարդները ինքնատիպ ձեւով իրականացնում են: Սակայն, պետք է նշեմ, որ Ջահերով երթի իրական նպատակն ու նշանակությունն այն է, որ դա հայ ժողովրդի ոչ միայն հիշատակման, այլեւ իր իրավունքների պաշտպանության կարեւոր միջոցառում է: Այս իմաստով, եթե դիտարկենք պատմական համատեքստը, ապա տարիներ շարունակ, հատկապես 90-ական թվականներից ի վեր, այսպիսի գործողությունները դարձել են կարեւոր նշաձող՝ մեր ազգի ինքնության ու իրավունքների պաշտպանության համար:
Այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության տարբեր քարոզչամիջոցների արձագանքը Ջահերով երթի նկատմամբ ավելի սուր եւ հակասական էր: Ավելին, այդ արձագանքը հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները փորձում են իրենց դնել բոլորից բարձր՝ հատկապես Ադրբեջանում եւ Թուրքիայում, որպեսզի մեկ անգամ եւս ցույց տան իրենց դիրքորոշումը, որ նրանք բացարձակապես համաձայն չեն այս միջոցառման հետ: Դա միաժամանակ իր խոստումների իրականացումն է, ինչն, ի դեպ, նրանց քաղաքական ու ռազմավարական դաշտում շատ կարեւոր է։ Կլինեն նրանք, ովքեր կարծում են, որ նրանք պետք է կատարեն իրենց նախորդ խոստումները՝ շեշտելով իրենց պայքարը ազգային շահերի պաշտպանության համար:
Նաեւ պետք է խոսել այն մասին, որ ամենասարսափելի իրադարձություններից մեկը, որ տեղի ունեցավ օրերս, այն էր, որ Ջահերով երթը փորձեցին զուգահեռ կապել ադրբեջանական կրակոցների հետ, որը տեղի էր ունեցել նույն օրերին: Սա միտումնավոր դրված գործողություն էր, որը նպատակ ուներ ցույց տալու, որ այս խնդիրը ամենաբարձր մակարդակով կտրուկ առնչվում է ազգային անվտանգության եւ սահմանային լարվածության հետ։ Նշենք, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հակառակորդը չի դադարեցնում իր կրակոցները մեր դիրքերի ուղղությամբ: Եվ ինչպես նաեւ չպետք է մոռանանք, որ 2021-ին եւ 2022-ին տեղի ունեցան օկուպացիոն գործողություններ՝ հատկապես Գեղարքունիքում, Ջերմուկում, Ներքին Հանդում եւ Սեւ լճի տարածքում: Այս խնդիրները, սակայն, ըստ երեւույթին, Փաշինյանի կողմից դիտարկվում են որպես «չքննարկվող թեմաներ», որոնց մասին նա փորձում է շատ քիչ խոսել կամ ընդհանրապես չի խոսում՝ խուսափելով այդ հարցերից:
— Ի դեպ, այդ ամենի ֆոնին նաեւ բավական աչքի զարնող էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից արված հրապարակումը, թե կատեգորիկ դեմ է խիզախ երեւալու նպատակով այլոց դրոշները այրելուն: Ինչպե՞ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը:
— Իմ ժամանակը անչափ թանկ է եւ այնպիսի արժեք ունի, որը չի կարող եւ չպետք է զոհաբերվի՝ արձագանքելու համար Արամ Սարգսյանին։ Այդպիսի մարդկանց հայտարարություններին կամ մտքերի ընթացքին պատասխանելն իմ կողմից անիմաստ ժամանակի կորուստ կլիներ, քանի որ դրանք ոչ միայն դատարկաբանություն են պարունակում, այլեւ չունեն ո՛չ գաղափարական խորություն, ո՛չ էլ՝ բարոյական արժանապատվություն։ Ես համոզված եմ, որ իմ ուշադրությանն արժանանալու համար անհրաժեշտ է առնվազն սկզբունքայնություն եւ ազնվություն՝ այն արժեքները, որոնք բացարձակ բացակայում են Արամ Սարգսյանի մոտ։ Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է: Անհասկանալի եւ ցավալի է տեսնել, թե ինչպես է մարդը, ով գալիս է մի ընտանիքից, որի անդամները՝ մասնավորապես իր եղբայրը, մեծ դերակատարում են ունեցել մեր նորագույն պատմության մեջ, կարողանում է իրեն թույլ տալ խախտել այդ հիշողության հանդեպ հարգանքը։ Նա իր քայլերով ու խոսքերով ոչ միայն վերարժեւորում է այդ անցյալի ժառանգությունը բացասական լույսի ներքո, այլ, ի հավելումն դրա՝ նա բացահայտորեն հակադրվում է մեր ազգային արժեքներին, մեր ժողովրդի կրած ողբերգություններին եւ արդար պահանջներին՝ այնպիսիներին, ինչպիսիք են պատմական արդարության վերականգնումը, ազգային անվտանգության ապահովումը եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման պայքարը։
Արամ Սարգսյանը, իմ կարծիքով, ներկայանում է որպես կրկնակի ուրացման խորհրդանիշ՝ մեկը, ով իր անցյալի՝ ազգի ու ընտանիքի հանդեպ ունեցած պարտականությունները մերժում է, միաժամանակ էլ խուսափում է ներկայի պահանջներից։ Նա, կարծես, գիտակցաբար հրաժարվում է պատասխանատվությունից՝ թե՛ իր նախնիների պայքարի նկատմամբ, թե՛ժամանակակիցհայժողովրդիառջեւունեցածիրքաղաքացիականպարտավորություններից։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=312041&l=am/