Թուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. Չաքրյան
Ներքաղաքական
Ընդամենը մի քանի օրից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Սակայն հարց է, թե որքանով ենք պատրաստ պետական մակարդակով եւ պատշաճ կերպով նշելու այս կարեւոր եւ հիշարժան օրը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ՀԱՐՑԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՐ»
— Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետական մակարդակով չի արժանանում համապատասխան ուշադրության: Որո՞նք են, ըստ Ձեզ, մեր կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական հարթություններում։
— Այս թեմայով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունները բացարձակապես սխալ է եւ խորապես անհամաձայնություն է առաջացնում։ Ավելի քան 40 երկիր պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ աշխարհում մեծ ազդեցություն ունեցող գերտերություններից մեկը՝ Միացյալ Նահանգները։ Ինչո՞ւ է Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարեւոր, որովհետեւ խոսքը վերաբերում է պետության, որը որոշիչ դեր ունի միջազգային քաղաքականության մեջ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում Վաշինգտոնը երկար տարիներ հետաձգում էր ճանաչման գործընթացը, ինչը վկայում է, որ հարցը միայն պատմական չէ, այլ նաեւ խորը քաղաքական ենթատեքստ ունի։ Նրա ասածում նաեւ վտանգավոր միտում եմ տեսնում՝ ցեղասպանության հետեւանքների վերացման թեման բացելով, որովհետեւ հնարավոր է, որ այն ներգրավվի միջազգային օրակարգում ոչ թե ի շահ հայկական կողմի, այլ՝ որպես բանակցային գործիք՝ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ հարցի լրջությունը կարող է խեղաթյուրվել կամ օգտագործվել քաղաքական շահերի համար։
Բացի այդ, եթե ճանաչումը տեղի է ունեցել, ապա նույն ցեղասպանությունը որպես ճնշման լծակ այլեւս հնարավոր չէ օգտագործել։ Սակայն հարցը վերջնականապես փակված չէ։ Ցեղասպանության հետեւանքների վերացման պահանջը կարող է ծառայել որպես հավելյալ մեխանիզմ՝ Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։
Չեմ հասկանում, եթե այդքան պետություն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ է անհրաժեշտ շարունակ խոսել դրա մասին այն ժամանակ, երբ Թուրքիան դեռեւս շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել։ Ավելին՝ նույնիսկ այսօր թուրք պատմաբանները հրապարակում են հոդվածներ, որոնցում կեղծ տվյալներով փորձում են ներկայացնել, թե իբր հայերն են «կոտորել» 500.000 թուրքերի։ Այսպիսի հայտարարությունները աղավաղում են պատմական ճշմարտությունը եւ վտանգավոր նախադեպ են ստեղծում։
Հետեւաբար, իմ համոզմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ընդհանրապես չպետք է անդրադառնար։ Նույնիսկ եթե թուրքական կողմը այդ հարցը չի բարձրացրել, մեզ մոտից նախաձեռնություն ցուցաբերելը սխալ է։ Պետք է առավել զգույշ եւ պատասխանատու լինել, հատկապես նման զգայուն թեմաների շուրջ։
Երբ մի խնդիրը ճանաչված է ավելի քան 40 պետության կողմից, այդ թվում՝ միջազգային ատյաններում, նշանակում է՝ այն արդեն իսկ համարվում է միջազգային իրավունքով ընդունված իրողություն։ Ուրեմն, ինչո՞ւ է պետք ավելորդորեն «ջուրը պղտորել», այն էլ՝ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելով։ Պետք է հաշվի առնել, որ վարչապետի, արտգործնախարարի կամ նախագահի՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հայտարարությունները կարող են իրավական հետեւանքներ ունենալ եւ պարտավորեցնող լինել մեր երկրի համար՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։
«ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ»
— Տարիներ առաջ մենք մեր պատմության մեջ կարեւոր էջ բացեցինք՝ նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այժմ արդեն բավական երկար ժամանակ է անցել այդ խորհրդանշական տարեթվից, եւ մենք կանգնած ենք մի նոր փուլում՝ 110-րդ տարելիցին ընդառաջ։ Այս ընթացքում, արդյոք տեսանելի են որոշակի փոփոխություններ՝ թե՛ միջազգային հանրության վերաբերմունքում, թե՛ մեր սեփական պատմական ընկալման ու վերարժեւորման գործընթացում։
— Այս ամենի մասին խոսելիս պետք է նշել, որ ներկայումս էական տեղաշարժեր որպես այդպիսին չկան։ Սակայն, ցեղասպանության հարցը հսկայական ու համապարփակ խնդիր է՝ բաղկացած մի քանի փոխկապակցված փուլերից։ Սկզբում անհրաժեշտ է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնուհետեւ պայքարել դրա ժխտման դեմ՝ հասնելով ժխտողականության քրեականացման, եւ վերջապես՝ զբաղվել դրա հետեւանքների վերացման հարցերով։ Այսինքն՝ հարցերը պետք է առաջ քաշվեն փուլ առ փուլ, նպատակային եւ համակողմանի ձեւով։
Ցավոք, ժխտողականության քրեականացման հարցում մեծ առաջընթաց չենք արձանագրել։ Այս պահին ընդամենն 8-10 երկիր են քրեականացրել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Սակայն, այստեղ պետք է առանձնակի կարեւորությամբ նշել Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ընդունված բանաձեւերը՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի մակարդակով, որոնք ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունն, այլեւ կոչ են արել ԱՄՆ կառավարությանն աջակցել այդ ճանաչման միջազգային տարածման գործընթացին եւ պայքարել ժխտողականության դեմ։
Այդ համատեքստում, հարց է առաջանում՝ երբ ԱՄՆ Կոնգրեսն արդեն նման որոշում է ընդունել, արդյո՞ք նպատակահարմար է, որ Հայաստանի վարչապետն այդ հարցը նորից բարձրացնի։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ է դա անհրաժեշտ համարվում։ Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի դժգոհություն է արտահայտում կամ փորձում ճնշում գործադրել (թեեւ իրականում մեծ ակտիվություն չի ցուցաբերում այդ ուղղությամբ), ի՞նչն են նրանք փորձելու «ներել» մեզ։ Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս սահմանափակվում են որոշ առեւտրային հոսքերով:
Նույնիսկ եթե Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի հայտարարի, թե իբր ցեղասպանություն չի եղել, ԱՄՆ Կոնգրեսն այդ պատճառով չի վերանայի իր որոշումը։ Այսինքն՝ նման վտանգ գոյություն չունի, եւ հնարավոր է բավական հեշտությամբ խուսափել ավելորդ զգայունությունից։
Ինչ վերաբերում է Թուրքիային՝ նրա դերը 44-օրյա պատերազմի ընթացքում հստակ էր եւ ակնհայտ։ Բացի ռազմաքաղաքական ներգրավվածությունից, Թուրքիան նաեւ սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների խմբեր ներգրավեց պատերազմի գոտում։ Եթե սա բավարար չէ, ապա ի՞նչ Թուրքիան պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք նրա քաղաքականության նկատմամբ։
Պետք է նաեւ հասկանալ, որ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած որոշումը չի եղել Հայաստանի ճնշման կամ պահանջի արդյունքում։ Դա կայացրել է ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը՝ իրենց սկզբունքներից ու շահերից ելնելով։
«ՄԵՆՔ Ո՛Չ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ»
— Ներկայիս իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ կարո՞ղ ենք ասել, որ առավել քան հարցը տանում են հենց ցեղասպանության ժխտման ուղղությամբ:
— Ես անկեղծորեն հույս եմ հայտնում, որ իշխանությունները նման անխոհեմ քայլի չեն դիմի։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրության ընդունումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ։ Այդ գործընթացի շնորհիվ է, որ այսօր արդեն աշխարհի ավելի քան 40 պետություն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սա մեր միակ ուժեղ եւ հիմնավոր կետն է, մեր հաղթաթուղթը, որ կարող ենք օգտագործել Թուրքիայի կողմից իրականացվող կոպիտ եւ անպատասխանատու քայլերի դեմ։ Ցավոք, մենք չունենք բավարար ռազմական կարողություններ, եւ մեր քաղաքական հնարավորություններն էլ սահմանափակ են։ Հետեւաբար, նման զգայուն հարցերում հարկավոր է առավելագույն զգուշություն ցուցաբերել։ Եթե մարդ լավ չի հասկանում թեման, ավելի լավ է` լռի, քան փորձի մասնակցել բանավեճին՝ առանց խորքային գիտելիքի։
Ավելին՝ իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե ցեղասպանության ճանաչումը դրվեր որպես հստակ պայման՝ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն կառուցելուց առաջ։ Չէ՞ որ մինչեւ այսօր էլ թուրքական կողմը չի ճանաչում ցեղասպանության փաստը եւ բացեիբաց հայտարարում է, թե իբր հայերն են մեղավոր եղել ու «հարձակում են գործել թուրք ժողովրդի վրա»։ Իսկ թուրք ժողովուրդը հավատում է այդ կեղծ պատմությանը։ Դեռ ավելին՝ նման մտքեր պաշտոնապես տարածվում են նաեւ պետական կրթական համակարգի միջոցով. դպրոցական դասագրքերում հայերին ներկայացնում են որպես դավաճաններ, որոնք իբր թիկունքից հարվածել են թուրքական պետությանը։
Նույն ճնշումն իրենց կողմից դրսեւորվում է նաեւ հայկական համայնքների նկատմամբ։ Փողոցները, ուր գտնվում են հայկական դպրոցներ կամ եկեղեցիներ, հաճախ վերանվանվում են այնպիսի պատմական գործիչների անուններով, որոնք հայ ժողովրդի դեմ հանցագործություններ են իրականացրել՝ օրինակ, Թալեաթ փաշա, Էնվեր փաշա եւ այլք։ Սա ուղղակի վիրավորական է։ Նույնիսկ պատերին գրառումներ են անում ազգայնական եւ ծայրահեղական բնույթի, օրինակ՝ «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»։ Սա ասվել է Աթաթուրքի կողմից, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ Աթաթուրքը չէր այն, ինչ ներկայացվում է. ըստ շատերի՝ նա թուրք էլ չէր, այլ հրեական ծագում ուներ։ Այս մասին գրել են նաեւ իսլամիստական շրջանակները։
Այնպես որ, եթե մարդ որեւէ թեմայի շուրջ չունի բավարար տեղեկացվածություն, չի կարելի առանց մտածելու ներխուժել այդ քննարկման դաշտը։ Դա կարող է միայն վնասել մեր ազգային շահերին։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=311244&l=am/