Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջ
Միջազգային
Ռուսաստանը խախտում է հայտարարված Զատկի հրադադարը, և Ուկրաինայի տարածքի հրետակոծությունը շարունակվում է։ Այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու՝ ժամը 6:00-ի դրությամբ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին զեկույցին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «երեկ ժամը 18:00-ից մինչև այսօր ժամը 00:00-ն ռուսական բանակի կողմից իրականացվել է 387 հրետակոծություն և 19 գրոհային գործողություն»։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են օգտագործել 290 անգամ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրադադարի հայտարարումից հետո Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ կրակ են բացել ռուսական բանակի դիրքերի ուղղությամբ և 900 անգամ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադարի մասին ապրիլի 19-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով 19։00) մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն (Երևանի ժամանակով 01։00)։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը «կգործի հայելային ձևով»։
https://iravunk.com/sim/?p=310985&l=am/