ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ
Վերլուծություն
Այն, որ ՔՊ-ի «եվրաերազանքը» լիովին ձախողվեց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310830&l=am), հուշեց նաեւ Գյումրու ընտրությունների փաստը: Այն է՝ հերիք չէ «եվրաերազանք» քարոզող ուժը ջախջախիչ պարտություն կրեց, դեռ մի բան էլ՝ ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանը պաշտոնապես խոսում է ոչ թե ՌԴ-ի հետ պարզապես լավ հարաբերություններ ունենալուց, այլ՝ դեպի Միութենական պետություն գնալու մասին: Իսկ դա, արեւմտամոլների պարտության հետ միասին եւս մեկ հստակ ցուցիչ է, թե Արեւմուտք, թե՝ Ռուսաստան ընտրության հարցում ընդդիմությանը ձայն տված ժողովրդի մեծամասնության մոտ իրականում ինչ կարծիք կա:
Այս իրողությունը երկու տեսակի ենթադրության տեղիք է տալիս: Նախ, երբ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս, այդ թվում՝ միջազգային հարթակներում հայտարարում էին, թե հայաստանյան քաղաքացիների բացարձակ մեծամասնությունն արեւմտյան կողմնորոշման մեջ են, նրանք կա´մ առաջնորդվում էին որեւէ հիմք չունեցող ենթադրություններով, կա´մ որ ավելի հավանական է, պարզապես ստում էին: Դրանով, ֆիքսենք, փորձելով Հայաստանը կեղծ աշխարհաքաղաքական ուղղությամբ առաջ տանել:
Երկրորդը. ունենք նման ներհայաստանյան իրողություն, թեեւ ռուսները, իհարկե, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային տիրույթի քաղաքական կուրսում թերությունների եւ սխալների պակաս, իհարկե, չունեն: Այսինքն, եթե փորձեն քաղաքականությունը կարգի բերել, կարող են էլ ավելի բարձր եւ կասկած չհարուցող վարկանիշ ձեռք բերել հետխորհրդային տիրույթում:
Սակայն, անգամ սա չէ Ռուսաստանի հիմնական խնդիրը: Իրողությունն այն է, որ մոսկովյան անգամ ամենաբարձր շրջանակներում են սկսել խոսել, որ նույն սխալ կուրսը կա անգամ ներքին դաշտում, որը, իհարկե, զգալի չափով պայմանավորված է նրանով, որ ռուսական իշխանական էշելոններում մեծ դեր է ունեցել եւ դեռ ունի այլ շահեր սպասարկող «վեցերորդ շարասյուն» կոչվածը: Ու մեկ ուշագրավ փաստ. նախօրեին Ռուսաստանում գործող ուլտրալիբերալ «վեցերորդ շարասյան» գոյության մասին խոսեց անգամ ռուսական քաղաքականության առանցքային գործիչներից մեկը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա հայտարարմամբ. «Մենք ունենք հանրային կարծիքի լիդերների ուժեղ խումբ, որը կարծում է, որ պատժամիջոցների վերացումը աղետալի կլինի, քանի որ լիբերալ հայացքներ ունեցող պաշտոնյաները անմիջապես կփորձեն հետ մղել բոլոր այս ձեռքբերումները ներմուծման փոխարինման, մեր տնտեսության ինքնիշխանության, արտադրության եւ անվտանգության ապահովման այն ոլորտներում, որոնցից կախված է պետության զարգացումը»:»
Լավրովի ասած՝ «հանրային կարծիքի լիդերների ուժեղ խմբի» մեջ, իհարկե, մտնում է ռուս փիլիսոփա, ազգայնական ուղղության ներկայացուցիչ Ալեքսանդր Դուգինը: Նա չհապաղեց մեկնաբանել՝ նախ ընդգծելով ամենաէական դետալը` փաստորեն ռուսաստանյան առանցքային պետական գործիչը` Լավրովը, հրապարակավ խոստովանել է Ռուսաստանում մինչ այժմ էլ պատերազմի մեկնարկից երեք տարի անց «վեցերորդ շարասյան» գոյության փաստը: «Այսինքն, որ Ռուսաստանում կա 1990-ականներից մնացած պաշտոնյաների մի ամբողջ դաս, որոնք չեն կիսում պետության ղեկավարի ուշադրությունը բոլոր ոլորտներում ինքնիշխանության ամրապնդման վրա, երազում են Ռուսաստանը կրկին դարձնել գլոբալ աշխարհի մաս»: Կարճ ասած, որ այդ բավականին ուժեղ խումբը գործում է Ռուսաստանի իրական շահերի դեմ: Ավելին, որ այդ գործունեությունը, ըստ Դուգինի. «Իսկական դիվերսիա է, սա դավաճանություն է, ապստամբություն, ազատական պաշտոնյաների ընդվզում։ Եվ քանի որ նույնիսկ չափազանց զգուշավոր, կոռեկտ եւ զգույշ դիվանագետն իր հայտարարություններում նշել է դրանք, նշանակում է, որ իրավիճակը շատ լուրջ է»:
Ասել, թե ինչպես Լավրովի հայտարարությունը, այնպես էլ Կրեմլից ամենեւին էլ հեռու չկանգնած Դուգինի նման մեկնաբանությունը սովորական մտավարժանքներ են, միամտություն կլիներ: Առավել եւս, որ Դուգինի խոսքում կար նման թափանցիկ ակնարկ, թե Լավրովը. «Երեւի նկատի ուներ շատ կոնկրետ պաշտոնյաներ, ոչ թե ինչ-որ մարգինալ գործիչներ, որոնք ոչ մի բանի վրա ազդեցություն չունեն»: Այսինքն, եթե հայտնի են կոնկրետ «դավաճաններ», որոնց մասին ակնարկներ են հնչում ռուսական առանցքային պաշտոնյաներից մեկից, եւ անմիջապես էլ թեման «ծաղկեցվում» է իր հերթին միանգամայն ազդեցիկ ազգայնականության լիդերներից մեկի կողմից, ապա այս ամենը ենթադրում է, որ «դավաճաններին պատժելու» որոշակի գործընթացի պետք է սպասել՝ ռուսական ներքին դաշտը մաքրելու նպատակով:
Կուրսի փոփոխության այս մոտեցումները, դատելով ռուսական վերնախավից միանգամայն տեղեկացված այլ աղբյուրի գնահատումից, ներկա պահին ընթանում են Կրեմլում՝ կապված առաջին հերթին նաեւ հետխորհրդային տիրույթում քաղաքական մոտեցումների հետ: Աղբյուրի գնահատմամբ. «Նախագահի աշխատակազմում ընթանում է արտաքին քաղաքականության բլոկի վերակառուցում, եւ առաջնային` ԱՊՀ տիրույթում, որը վաղուց դադարել է լինել կուլիսային թեմա։ Արտաքին ուղղությունների նկատմամբ վերահսկողության փոխանցումը ներքաղաքական ուղղահայաց ազդարարում է ոչ միայն կադրային փոփոխություններ, այլ` ամբողջ կառավարման տրամաբանության փոփոխություն»: Դատելով աղբյուրի գնահատումից, նոր մեխանիզմները նախ փորձություն կանցնեն Մոլդովայում, որտեղ սպասվում են խորհրդարանական ընտրությունները, եւ. «Եթե բավարար արդյունք լինի, ապա կարելի է խոսել որակական տեղաշարժի մասին ոչ թե վերահսկվող Աբխազիայում, այլ մի երկրում, որտեղ ակտիվորեն աշխատում են արեւմտյան ազդեցության գործակալները, եւ ստեղծվել է արեւմտամետ վերահսկողական ճարտարապետություն»: Այսինքն, որ նոր քաղաքական մոդելը կիրառման մեջ կդրվի գործնականում ողջ հետխորհրդային տիրույթում:
Եվ նկատենք, որ այս ամենը միանգամայն տեղավորվում է նաեւ ընթացող ՌԴ-ԱՄՆ բանակցային շփումների տիրույթում, այդ թվում՝ բանակցությունների ենթադրվող գաղտնի մասում:
https://iravunk.com/sim/?p=310831&l=am/