ՈՉ ՄԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ», ՔԱՆԻ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Վերլուծություն
Ինչպես հայտնի է, օրերս Իլհամ Ալիեւը բացել էր եւս մեկ փակագիծ՝ տեղեկացնելով, որ նիկոլյան իշխանությունները դեռ անցած տարեսկզբին են հրաժարվել արցախահայության հետ կապված ամեն մի պահանջ «խաղաղության պայմանագրի» մեջ ներառելուց: ՀՀ ԱԳՆ կոչված կառույցին այլ բան չէր մնում, քան այդ լուրը հաստատելը: Իհարկե, փորձել էին նաեւ դա «արդարացնել», սակայն առաջացած աղմուկը նման որոշումն ընկալեց` որպես հերթական դավաճանություն:
ՈՎ «ԾԱԽԵՑ» ԱՐՑԱԽԸ
Այսպիսով, Միրզոյան Արոն, թերեւս հասկանալով, որ ԱԳՆ-ի «բացատրությունը» բանի պետք չէ, միգուցե նաեւ, որ նաեւ այդ քայլի համար հետագայում միանշանակ պետք է դատարանում պատասխան տա, նախօրեին ԱԺ-ում փորձեց արդարանալ՝ մեղքը բարդելով Արցախի վրա: Արոյի խոսքով, սակայն, ստացվում է, թե՝ հայկական ԶԼՄ-ները սխալ լույսի ներքո են ներկայացրել ԱԳՆ պատասխանը, թե իրականում՝ «ԱԳՆ-ն ասել է՝ մենք փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը՝ այդ թվում եւ ուղիղ միջազգային մեխանիզմների, երաշխիքների ստեղծման ճանապարհով նրանց երկխոսության միջոցով: Մենք վստահ էինք` այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է եղել որոշակի հարցեր լուծել: Սա է եղել մեր պատասխանը»,- ասաց նա:
Ու անմիջապես էլ, «մրից ելնելով, մրաջրի մեջ թաթախվեց: Այսպես, ըստ Միրզոյանի ՝ փաստ է, որ բռնի տեղահանությունից եւ հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հայտնի փաստաթղթից հետո, այդ օրակարգն այլեւս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք: «Սա է եղել ԱԳՆ արձագանքը: Զարմանալիորեն ստացվեց ի՞նչ՝ իրենց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիառեսուրսների միջոցով սկսեցին ասել՝ մենք ենք հանել հարցը օրակարգից: Ես կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որեւէ կերպ հասցեագրվի: Հիմա մեզ մեղադրել այդ հարցը օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք, եւ այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության ու հողեր ծախելու մեջ»: Նման բացատրությունը, իհարկե, աբսուրդ է: Եթե այն փաստը, որ Արցախում արցախահայեր չկան, հիմք էր, որ այդ թեման օրակարգից դուրս մնար, ապա միգուցե նաեւ կբացատրի՞, թե այդ ինչո՞ւ արցախահայության տեղահանումից հետո, մինչեւ անցած հունվար, ինչպես իրենք են հայտնում, թեման դեռ օրակարգում էր: Հաջորդը. արցախահայերին բռնի են հանել, որը միջազգային օրենսդրությամբ ցեղասպանության չափանիշներից է: Ավելին, Արոն այն ժամանակ Վաշինգտոնից անձամբ էր կոչ անում՝ հեռանալ: Այն դեպքում, երբ այդ պահին Նիկոլը խոսում էր, թե կարող են մնալ, վտանգ չկա, եւ հետո սկսեց խոսել Արոյի բառապաշարով: Թե ով էր տիկնիկավարը, ժամանակը կգա, կպարզվի: Բայց փաստը սա է. իրենք էին արցախահայերին դրդում՝ հեռանալ, ու հիմա էլ արդարանում են, թե բա Արցախում հայ չկա, ինչպե՞ս հարցը օրակարգում թողնեինք: Մինչդեռ, եթե մարդկանց բռնությամբ հանում են, դա ամենալուրջ հիմքն է, որ թեման մնա օրակարգում, թեկուզեւ զենքի ուժով մի ամբողջ ժողովրդի իրավունքների խախտման համար: Ու հիմա Արոն «լավ» ձեւ է գտել՝ «չկա մարդ, չկա խնդիր»:
Բայց հետոն ամենավատթարն էր: Արոն շարունակեց արդարանալ, թե՝ արցախյան իշխանություններն ամեն կերպ հրաժարվում էին մասնակցել բանակցություններին. «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով անընդհատ ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»:
Ու ի՞նչ պետք է անեին, մասնակցեին նիկոլյան օրակարգով դավաճանական բանակցություններին, որ Նիկոլն ու Արոն հիմա հանգիստ ասեն, թե արցախցիներն են որոշել, մեզանից ի՞նչ եք ուզում: Իսկ նույն Նիկոլն ու Արոն, երբ ասում էին, թե «ինչ ուզենք, դա էլ կբանակցենք», «ամեն բան զրոյից ենք սկսում», Պրահայում էլ հայտարարում էին, թե՝ «Արցախն Ադրբեջան է, եւ՝ վերջ», այդ նույն արցախահայերից կարծիք հարցնո՞ւմ էին: Բերել, հասցրել էին մի վիճակի, երբ արցախահայերին մնում էր կա´մ թշնամու առաջ ծնկի գալ, կա´մ կոտորվել, կա´մ հազարավոր տարիների իրենց բնօրրանից հեռանալ, ու հիմա փորձում են արդարանալ, թե բա գիտե՞ք, չեկան Սոֆիայի հանդիպմանը…
Ամեն դեպքում, Նիկոլն այս պահին պարզ հայտարարում է. «Ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»: Սա արդեն իսկ ավելորդ անգամ պարզ հուշում է, որ ինչքան էլ որ վերջին անգամ նիկոլյան խունտան իշխանության եկավ Արցախն ու արցախահայությանը պաշտպանության խոստումներով, սակայն այս պահին բոլոր դիմակները նետված են, անկախ այն բանից, թե Արոն ինչ նոր արդարացումներ կմոգոնի: Թեեւ մյուս կողմից էլ, Ալիեւն, իհարկե, ճիշտ է՝ արցախյան թեման շատ ամուր ֆիքսված է Հայաստանի Սահմանադրությունում՝ ի դեմս «Անկախության հռչակագրի»: Իսկ Նիկոլի ասելը՝ Հայաստանում կա արցախյան շարժում, թե՝ ոչ, շատ քիչ է. նախ նա պետք է կարողանա Սահմանադրություն փոխել՝ իր ներկա չնչին վարկանիշով:
ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ»
Մեկ այլ շատ կարեւոր դետալ եւս Արոյի այդ ելույթից պետք է նկատել: Այսպես, Արցախի շուրջ պտտվել-պտտվելով, հասավ «խաղաղության պայմանագրին», որն այդպես էլ տեղից չի շարժվում: Թե՝ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները Ադրբեջանի հետ՝ առանց այդ գործընթացը կապելու խաղաղության պայմանագրի ստորագրման հետ: «Մենք շատ կառուցողական առաջարկ ենք արել Ադրբեջանին, եթե լինի դրական պատասխան, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների բացմանը՝ նույնիսկ չզուգակցելով այս գործընթացը խաղաղության պայմանագրի հետ»,- ասել է նա։
Ստացվում է, որ կոմունիկացիաների հարցը «զուգակցվա՞ծ» է «խաղաղության պայմանագրի» հետ, եւ «զուգակցողը» Ադրբեջա՞նն է: Բայց նման փաստն առնվազն «տարօրինակ» տեսք ունի: Հիշեցնենք, կողմերն արդեն հայտարարել են, որ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված է: Բայց եթե կա կոմունիկացիաների թեման զուգակցել-չզուգակցելու հարց, ապա դա միանշանակ վկայում է, որ այդ հարցը «խաղաղության պայմանագրի» մեջ ներառված չէ: Երկրորդը: Ինչպես Ալիեւը, այնպես էլ Բայրամովը քանիցս պաշտոնապես «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը կապել են երկու նախապայմանի հետ՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ «Մինսկի խումբը» լուծարելու: Իսկ ահա Արոն ակնարկում է, թե չէ, այդպես չէ, կա նաեւ այդ պայմանագրի հետ կոմունիկացիաների հարցը զուգակցել-չզուգակցելու խնդիր:
Այսպիսով, ինչպես քանիցս ենք ենթադրել, իրականում «խաղաղության պայմանագիր» ստորագրել-չստորագրելն անգամ Բաքվի նշված հայտնի նախապայմանների հետ կապված չէ. դրանք Ալիեւի համար ընդամենը այդ փաստաթուղթը չստորագրելու պատրվակ են ու այնպիսի պատրվակ, որոնք Նիկոլը հաղթահարելու հնարավորություն պարզապես չունի: Իսկ պատճառը մեկն է, որի մասին Արոն ակնարկեց՝ կոմունիկացիաների թեման: Ու թեեւ դա փորձում է հրամցնել, որպես Հայաստանից ուղղված առաջարկ, թե՝ եկեք կոմունիկացիաների հարցը «չզուգակցենք խաղաղության պայմանագրի հետ», սակայն հենց ինքն էլ ամեն անգամ խոստովանում է, որ նման առաջարկներին Բաքուն պարզապես չի պատասխանում: Ու դա իր տրամաբանությունն ունի. այն բանից հետո, երբ Նիկոլն Արցախից հրաժարվեց, իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ լուրջ հարց չի մնացել, բացի կոմունիկացիաներից: Եվ անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածն է անհասկանալի թղթի կտոր, որի ստորագրել-չստորագրելը որեւէ մեկին ոչինչ չի տալիս:
Այսպիսով, Արոյի, ասենք նաեւ Նիկոլի ներկա այս ամբողջ նյարդային ռեակցիան մեկ բան է ցույց տալիս: Թեեւ հասան ընդհուպ Արցախի հայաթափման, հանուն բրյուսելներից խոստացված «խաղաղության պայմանագրի» եւ դրանից բխող «եվրոպական երազանքների», սակայն իրականում որեւէ արդյունք այդպես էլ չկա ու չկա: Ալիեւի պայմանը եղել եւ մնում է նույնը՝ գործընթացը շարունակել նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդած եռակողմ համաձայնությունների դաշտում, որքան էլ որ հրապարակավ «խաղաղության պայմանագիրն» ու կոմունիկացիոն թեման փորձում են իրար չկապել: Բայց այն պահին, երբ Նիկոլն ու Արոն կթեքվեն դեպի այդ ուղղություն, պետք է նաեւ հարցերի պատասխան տան: Այդ թվում, թե ինչո՞ւ ակնհայտորեն կործանարար բրյուսելյան գործընթացի հետեւից վազեցին, դրա արդյունքում ստացանք հայաթափված Արցախ, ու հետո էլ վերադառնում են հին կուրսին:
https://iravunk.com/sim/?p=310830&l=am/