ԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է»
Վերլուծություն
Օրերս Newsweek-ը, վկայակոչելով փորձագետների գնահատումները, քարտեզագրված տեսքով (տե´ս էջ 5-ում) ներկայացրել էր, թե ինչպես են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը փորձելու աշխարհը բաժանել միմյանց միջեւ։ Հասկանալի է, հիմքում ունենալով այն տեկտոնիկ տեղաշարժերը, որոնք սկսվել են Թրամփի իշխանության գալով:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ Է
Նախ այն հիմնական թեզն է, որի մասին արդեն շատ ենք խոսել: Այն է՝ Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացները հիշեցնում են 1945 թվականի Յալթայի կոնֆերանսը, որի արդյունքում էլ աշխարհը բաժանվեց Ռուսաստանի, Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի նախասիրություններով: Բազում փորձագիտական գնահատումներից մեկը. Օրինակ` Բիրմինգհեմի համալսարանի միջազգային անվտանգության պրոֆեսոր Ստեֆան Վոլֆն առաջ է քաշում այն միտքը, որ Թրամփն ապագա աշխարհը տեսնում է մեծ տերությունների կողմից ազդեցության ոլորտների բաժանված, եւ այդ մեծերը չեն միջամտում միմյանց գործերին:
Newsweek-ի ներկայացրած պատկերը սա է. Թրամփի վարչակազմի դիրքորոշումը կարող է Արեւելյան Եվրոպան թողնել «իր ճակատագրին», եւ այդ դեպքում Ռուսաստանը կարող է ազդել այնպիսի երկրների ներքին քաղաքականության վրա, ինչպիսիք են Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան եւ այլն՝ դրանով ազդելով ողջ Հին աշխարհի վրա։
Կենտրոնական Ասիան կարող է դառնալ Ռուսաստանի եւ Չինաստանի մրցակցության ասպարեզ:
Արեւմտյան կիսագնդում ազդեցության համար պայքար կարող է ծավալվել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ՝ հատկապես Լատինական Ամերիկայում։ Դա կդրդի Թրամփին՝ ավելի շատ կենտրոնանալ արեւմտյան կիսագնդի վրա՝ հրաժարվելով այլ տարածաշրջաններում ստանձնած պարտավորություններից:
Այդպիսով, Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտին կներառի ողջ Եվրոպան, Թուրքիան եւ Անդրկովկասը։ Չինաստանի ազդեցությունը կարող է տարածվել Հարավարեւելյան Ասիա, Ճապոնիա, Հնդկաստան եւ Պակիստան: ԱՄՆ ազդեցության ոլորտը սահմանվում է որպես ամբողջ Հյուսիսային Ամերիկա եւ Գրելանդիա, ինչի մասին բացահայտ պնդում է Թրամփը։ Աշխարհի մնացած շրջանները վերագրված չեն տերություններից ոչ մեկին:
Իհարկե, հավանական տարբերակ է, թեեւ այլ տարբերակներ եւս կարող են նույն հավանականությունն ունենալ: Օրինակ, որ Եվրոպան կարողանա պահպանել ինքնուրույն խաղացողի կարգավիճակը, Աֆրիկան եւս ինքնուրույն սուբյեկտ դառնալու տարբերակներ ունի: Ինչ-որ չափով կա Իրանի, ասնեք նաեւ՝ Իսրայելի գործոնը՝ վերջինիս գլոբալ պոտենցիալը հաշվի առնելով:
Կարճ ասած, թե ինչպես կվերաբաժանվի աշխարհը, Newsweek-ի ներկայացրած սցենարով, թե այլ մոդելներ կլինեն, միայն ժամանակը հստակ ցույց կտա: Եվ ամբողջ հարցն այս պահին դա չէ, այլ բուն իմաստը՝ աշխարհը կանգնած է գլոբալ փոփոխությունների շեմին, որոնք տանում են մեծ վերաբաժանման: Ավելին, դա տեղի է ունենում հենց այս պահին եւ կավարտվի շատ արագ: Սրա հետ արդեն փորձագետների հիմնական մասը համաձայն է: Իսկ սա ամեն մի պետության համար հարց է առաջ քաշում՝ իսկ ո՞րն է լինելու իր ճակատագիրը:
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻՆ
Ռուս փիլիսոփա, ազգայնական թեւի ներկայացուցիչ Ալեքսանդր Դուգինը, որի կարծիքը ռեալ դեր ունի ռուսական ռազմավարական պլանավորման հարցերում, իր հերթին է պատկերացումներ ներկայացրել սպասվող փոփոխությունների մասին, կենտրոնանալով հատկապես հետխորհրդային տիրույթի վրա: Ըստ Դուգինի, Ռուսաստանի համար այսօր գնալով ավելի է սրվում մակրոպետություն ստեղծելու անհրաժեշտության հարցը: Թե ինչ ասել է մակրոպետություն, ապա կարելի է հիշեցնել ԽՍՀՄ-ը, որը դրա օրինակ էր: Դուգինի խոսքը, թերեւս, չի ենթադրում նույն մոդելին վերադարձ, որը գործնականում անհնար է: Խոսքը, սակայն, ներկա պետություններից մեկ միասնական համակարգի ստեղծումն է, որին հասնելու որոշակի փորձեր արդեն եղել են: «Այդ գաղափարն արդեն օդում էր ԱՊՀ ստեղծման արշալույսին, սակայն հետխորհրդային երկրներին միավորելու փոխարեն ԱՊՀ-ն ոչ միայն չնպաստեց նրանց համախմբմանը, այլ փաստացի տարանջատեց նրանց: Երբ պարզ դարձավ, որ ԱՊՀ-ն չի հաղթահարում ինտեգրման խնդիրը, ստեղծվեց Եվրասիական միությունը: Բայց այն հիմնված էր միայն տնտեսական գաղափարների վրա: Եվ քանի որ մեկ տնտեսության հիման վրա երկրների միավորման մեջ հնարավոր չէ առաջ շարժվել, այդ գաղափարը նորից կանգ առավ»,- հիշեցնում է ռուս փիլիսոփան:
Այսինքն, հիմա խոսքն արդեն նոր մոդելի մասին է, որի ստեղծման պահանջը, Դուգինի խոսքով, առաջադրում են ներկա իրողությունները, որոնք, ինչպես նշեցինք, մատնանշում են նաեւ արեւմտյան փորձագետները. «Հիմա եկել է պահը, երբ սկսվել է ամբողջ աշխարհի գլոբալ վերակազմավորումը։ Այս պայմաններում միայն ինտեգրման ընդունակ մեծ տերությունները կկարողանան պահպանել իրենց ինքնիշխանությունը։ Փոքր պետություններն այժմ պետք է ընտրեն, թե որ մեծ տերություններին միանան։ Եթե նրանք չկատարեն այս ընտրությունը, պարզապես բախվում են այս մեծ տերությունների ազդեցության տակ բզկտվելու տխուր ճակատագրին»: Շատ պարզ պատճառով. «Այո, շատ խիստ են կանոնները. եթե դու չունես հիմնարար տնտեսական, քաղաքական, ռազմական, ռազմավարական, ռեսուրսային եւ տարածքային ինքնիշխանություն, ապա քո ճակատագիրը տխուր է։ Դուք պետք է ընտրեք այն բլոկը, որին միանալու եք: Իսկ հետխորհրդային երկրների մեծամասնության համար միակ ողջամիտ ելքը Եվրասիական մակրոպետությանը միանալն է… Մակրոպետության ստեղծումը, որը պետք է առաջանա Խորհրդային Միության եւ Ռուսական կայսրության տարածքում, անխուսափելի պատմական գործընթաց է։ Եվ սա պետականաշինության նոր շրջափուլի բոլոր մասնակիցների ինքնիշխանության պահպանման միակ միջոցն է։ Այս կերպ հնարավոր է որոշել ոչ միայն մեր «նոր» տարածքների ճակատագիրը, ոչ միայն Ուկրաինայի, ոչ միայն Հարավային Օսիայի ու Աբխազիայի, այլ նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի եւ նույնիսկ Ադրբեջանի ճակատագիրը։ Այս բոլոր ժողովուրդները տեղ կգտնեն մակրոպետությունում, որի համատեքստում ոչ թե կկորցնեն, այլ միայն կամրապնդեն իրենց ինքնիշխանությունը»:
Ամեն դեպքում, Դուգինի պնդմամբ, ով, կրկնենք, ռուսական ռազմավարական ծրագրերից ամենեւին էլ հեռու կանգնած գործիչ չէ, այս գործընթացի մեկնարկը գործնականում արդեն տրված է. «Այս մասին այժմ ավելի ու ավելի է խոսվում տարբեր մակարդակներում»: Եվ այն շատ ավելի գործնական տեսք կստանա. «Ուկրաինայում վերջնական հաղթանակի մեր աստիճանական մոտեցման ֆոնին»:
Ընդ որում, խոսքն այս դեպքում նույնիսկ ներկա ինտեգրացիոն կառույցների հետագա զարգացման մասին չէ, քանի որ. «Այն ինտեգրացիոն ինստիտուտները, որոնք այսօր կան, ակնհայտորեն անբավարար են, եւ երբեմն, ընդհակառակը, ոչ միայն չեն նպաստում, այլ փաստացի խոչընդոտում են այս գործընթացին»: Բայց թե ինչ մոդելի մասին է, դատելով Դուգինի խոսքից, դեռ վերջնական լուծում այստեղ չկա. կարող է լինել, ասենք, Ռուսաստան-Բելառուս համակարգի ընդլայնումը, կարող է այլ մեխանիզմ: Չնայած, այս պահին դա էլ չէ ամենաէականը: Այլ որ Ռուսաստանում, նման է, որ շատ լուրջ են տրամադրված մակրոպետություն ստեղծելու ընդհանուր գաղափարի հարցով: Ամեն դեպքում, Դուգինը պնդում է. «Այս գործընթացին այլընտրանք չկա մեծ տերությունների աշխարհում, որն անշրջելի է դարձել Թրամփի գալուստով։ Եվ սա, իմ կարծիքով, հետխորհրդային տարածքում իրադարձությունների զարգացման ամենաբնական տրամաբանությունն է։ Հետխորհրդային եւ հետկայսերական տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է։ Բայց կարեւոր է, որ այն լինի խաղաղ, բաց ու բարի։ Եվ որքան շուտ հասնենք դրան, այնքան լավ կլինի բոլորիս համար»:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ամեն դեպքում, մեկ իրողություն աչքի առաջ է: Այն, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ակտիվ բանակցային գործընթացների մեջ են, որոնց միջոցով հստակեցնում են իրենց շահերը եւ մտածում դրանք հնարավոր դեպքերում համադրելու, այլ դեպքերում՝ առնվազն իրար չխանգարելու մասին, կարծես թե գնալով միայն ակնհայտ է դառնում: Ու շահերի համադրման փորձ տեսանելի է անգամ այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական եւ իրանական խնդիրները, որոնց լուծումներն արդեն իսկ արմատական փոփոխություններ կարող են առաջացնել ողջ աշխարհաքաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով հենց ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին:
Սրանից զատ, ինչպես դեռ աբխազական վերջին ճգնաժամի փուլից էր ակնհայտ, Ռուսաստանը փոխում է աշխատանքային այն մեխանիզմները, այդ թվում՝ շատ բան ձախողած «կուրատորներին», որոնք կիրառվում էին ԱՊՀ տիրույթում եւ հատպապես՝ հարավկովկասյան ուղղությամբ: Իսկ այն, որ աբխազական այդ խնդիրն հաջողվեց լուծումներ տալ, այդ թվում՝ փափուկ ուժի գործադրմամբ, իր հերթին էր վկայում, որ այդ մեխանիզմը կտարածվի նաեւ ԱՊՀ տիրույթում: Եվ ենթադրելի է, որ այդ գործընթացների մեջ ԱՄՆ-ն քիթը չի մտցնելու: Եվրոպան եւ հատկապես Բրիտանիան դեռ կփորձեն իրենց խաղն առաջ տանել, եւ դա հասկանալի է՝ գլոբալ իշխող եռյակում Լոնդոնը, որ 1945թ.-ին Յալթայում հստակ տեղ ուներ, հիմա այդ տեղը ստիպված է զիջել Պեկինին, թեեւ շատ կցանկանար դիրքերը պահել: Միայն թե առանց ԱՄՆ-ի չունի համապատասխան պոտենցիալը՝ իրերի ընթացքի վրա ռեալ ազդելու համար…
Իսկ Դուգինի խոսքը, թե՝ «Կարեւոր է, որ այն լինի խաղաղ, բաց ու բարի», ԱՊՀ տիրույթում կարող են ընկալել` որպես նախազգուշացում:
https://iravunk.com/sim/?p=310662&l=am/