Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոն

Մի փոքր նոստալգիա, մի քիչ կուլիսային գաղտնիքներ ու ամենակարեւորը՝ արվեստի հանդեպ անդավաճան սեր, որն, ի վերջո, միշտ բերում է տուն՝ դեպի բեմ։ Դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ անունը տարիներ շարունակ ուղեկցել է հայ հեռուստադիտողին ու հանդիսատեսին ինչպես էկրաններից, այնպես էլ` թատերական բեմերից։ Սակայն, վերջին շրջանում նա հիմնականում առավոտյան եթերներում էր՝ հաղորդավար Սուրեն Առուստամյանը հաղթում էր դերասան Առուստամյան Սուրենին: Մինչդեռ հիմա նա կրկին վերադառնում է բեմ՝ իհարկե, չդավաճանելով նաեւ հեռուստատեսությանը: «Ինչպես ասում են` ոտքս խերով լինի «Շունչ» թատրոն: Նոր ներկայացում, որի փորձերն արդեն սկսվեցին: Արդյունքը շուտով», - գրել է նա, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
— Սոցցանցում ազդարարել էիք, որ սպասվում է նոր ներկայացում Ձեր մասնակցությամբ, որի փորձերն արդեն սկսվել են: Ինչպե՞ս ստացվեց, որ տեւական դադարից հետո՝ վերադառնում եք բեմ:
— Եղավ նոր ներկայացման հրավեր «Շունչ» թատրոնի կողմից: Սամվել Դանիելյանը, որը համակուրսեցիս է եւ «Շունչ» թատրոնի համահիմնադիրներից է, հրավիրեց ինձ խաղալու նոր ներկայացման մեջ՝ ի դեպ, բավականին հետաքրքիր ֆորմատի: Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին եւ ահա, ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է նպաստում, որ դա լինի:
— Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին: Ո՞վ է ռեժիսորը, ովքե՞ր են դերակատարները:
— Կասեմ, որ բավականին հետաքրքիր ու լավ ներկայացում է սպասվում: Դերասանական կազմն էլ բավականին ճիշտ է ընտրված: Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Ասեմ միայն, որ հանդիսատեսը հաստատ չի ձանձրանա:
— Դերասան Սամվել Դանիելյանի հետ եղել եք համակուրսեցիներ եւ ընդհանրապես՝ Ձեր կուրսում հայտնիների պակաս չկա: Ո՞րն էր Ձեր սերնդի հաջողության ֆենոմենը:
— Սամվել Դանիելյանի հետ մեր ընկերությունն ավելի հին է՝ սկսած «Մետրո» թատրոնի ստուդիայից, երբ դեռ 11-2 տարեկան էինք, հետո արդեն միասին գործերը տվեցինք Թատերական ինստիտուտ, միասին սովորեցինք չորս տարի ու հիմա էլ արդեն ավելի հասուն ու ընտանիքներով ենք ընկերություն անում: Ուրախ եմ, որ ընկերս ունի թատրոն, որտեղ ես խաղալու եմ: Մեր կուրսը շատ լավ կուրս էր, իսկապես, ես կասեի՝ տաղանդավորների կուրս էր, բոլորիս մոտ միայն մի ուղղություն ու նպատակ կար՝ սովորել եւ լինել թատրոնում ու թատրոնի համար: Ճիշտ է, հիմա կուրսից շատերը ուրիշ ոլորտում են, բայց, միեւնույնն է, էլի մեղավորը արվեստն է ու թատրոնը, որ մենք միմյանց գիտենք:
— Սուրեն Առուստամյանը մեկ առաջացնում է «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», մեկ հանդես գալիս «Ռոմեո Ջուլիետ»-ում արքայազն Էսկալոսի կերպարում, հետո ասում՝ «Եվ ուրեմն» ու անհետանում բեմից: Ինչո՞վ է պայմանավորված դադարները:
— Իրականում կերպարները շատ են թատրոնում, բոլորն էլ ինձ համար հարազատ ու սիրելի: Դադարի պատճառը մեկն է՝ թատրոնը սիրում է, որ նրան նվիրվես ամբողջությամբ եւ անմնացորդ, ցավոք, մեր երկրում եւ մեր օրերում չես կարող միայն թատրոնով պահել ընտանիքդ, դրա համար ես հենց ինստիտուտի տարիներից արդեն քայլերս ուղղեցի դեպի հեռուստատեսություն: Բայց անվերջանալի կարոտս դեպի թատրոն մնաց:
— Եղել եք տարբեր թատրոնների բեմերում, ո՞րն է այդ շարքում ամենահարազատը, որտեղ կցանկանայիք մնալ մշտական հաստիքով:
— Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի այն թատրոնը, որտեղ եւ սկսվեց ամեն ինչ 30 տարի առաջ: Խոսքը` «Մետրո» թատրոնի մասին է, որտեղ ես դեռ երեխա հասակում սկսեցի ճանաչել թատրոնը՝ ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ որպես դերասան: Այդ թատրոնը, կարելի է ասել, իմ «հայրական տունն է» : Հետո արդեն ինստիտուտի տարիներին Պատանի հանդիսատեսի թատրոնը դարձավ հարազատ, որն ինձ համար էլի շատ մեծ նշանակություն ունի: Մշտական հաստիքով, դժվար թե, ինչ-որ տեղ մնամ, բայց լավ ու հետաքրքիր հրավերներից ու պրոյեկտներից չեմ հրաժարվի:
— Այդուհանդերձ, այսօր նախընտրում եք յուրաքանչյուր առավոտ անցկացնել հեռուստադիտողի հե՞տ, թե՞ երեկոները՝ հանդիսատեսի:
— Նախընտրում եմ առավոտներս անցկացնել հեռուստադիտողի հետ, իսկ երեկոները թատրոնում` հանդիսատեսի (ծիծաղում է, - հեղինակ):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=310627&l=am/