Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան
Ներքաղաքական
Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահի ու փոխնագահի միջեւ տեղի ունեցած լեզվակռիվը Թրամփի նախագահությունը բնութագրող հերթական սկանդալային դրվագ չէր զուտ, այլ փոփոխված միջազգային իրողությունների վերջնական արձանագրում։ Զելնսկու նկատմամբ ցուցաբերված անարգանքը, ինչպես նաեւ օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիր ստորագրելու պահանջը այդ մոտեցումների եւ ոճի դրսեւորումն են։ Սպիտակ տան լեզվակռիվը նաեւ հստակ ցույց տվեց, որ միասնական եվրոատլանտյան դաշինք փաստացիորեն արդեն իսկ գոյություն չունի։ Եվրոպական գրեթե բոլոր առաջնորդներն այդ միջադեպից հետո հրապարակայնորեն աջակցեցին Ուկրաինայի նախագահին։ Այս իրողությունը, իհարկե, տեսականորեն կարող է փոխվել Վաշինգոտնում վարչակազմի փոփոխությունից հետո, բայց հստակ է, որ Թրամփի երկրորդ ժամկետի նստվածքը երկարաժամկետ է լինելու ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:
— Պարոն Քեռյան, ինչպե՞ս եք գնահատում Թրամփ-Զելենսկի հանդիպումը: Աշխարհաքաղաքական սկանդալն ինչպիսի՞ հետեւանք կարող է ունենալ:
— Պետք է նշեմ, որ յուրօրինակ էր միջադեպը եւ ԱՄՆ-ի պատմության մեջ երբեք այդպիսի բան չի եղել, որ օտարերկրյա պետության առաջին դեմքը ԱՄՆ-ի նախագահի աշխատասենյակում հայտնվի նման ընդհարման մեջ: Սա, ինչ խոսք, շատ յուրահատուկ երեւույթ էր, բայց պետք է ասեմ, որ ես ինքս սպասում էի նման որոշակի իրադարձության (իհարկե, ոչ Սպիտակ տան ներսում), այլ գուցե նաեւ մեկ ուրիշ ձեւաչափով, բայց ինձ համար դա սպասելի էր: Ինչո՞ւ, որովհետեւ, եթե նայենք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները 2024 թվականին, ապա այդ ամբողջ նախընտրական պայքարի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր պատերազմը դադարեցնելու եւ չհիմնավորված ծախսերը ամերիկյան պետության եւ ժողովրդի վրայից վերցնելու այդ թեզը, որը Թրամփը տանում էր ամբողջ ընթացքում: Դա վերաբերվում էր ե՛ւ իր ընտրողներին, ե՛ւ ամերիկյան ժողովրդին, ե՛ւ հանրությանը, որոնց նա բացատրում էր, թե որքան անիմաստ է հսկայական գումարներ ծախսել Ուկրաինայում պատերազմին, երբ դրա արդյունավետությունը երբեւիցե Բայդենի վարչակարգը չի հաշվարկել եւ չի ներկայացրել, թե հանուն ինչի՞ եւ ինչի՞ համար:
Բնականաբար, ես չեմ կարծում, որ մենք այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուի այս հռետորաբանությունը չպետք է լուրջ ընդունենք: Շատերն անգամ ասում են, որ Միացյալ Նահանգների նախագահները միշտ չէ, որ իրենց խոստումներն իրականացնում են, եւ սովորական բան է ու Թրամփը եւս իր ընտրվելուց հետո այդ ամենն աչքաթող է անելու, եւ շատ հույսեր պետք չէ կապեն:
Ես ինքս շատ լավ հիշում եմ, թե ինչպես էի մասնակցում «Մեծ բանավեճ» հաղորդմանը եւ այդ ժամանակ ամբողջ խոսույթը այն մասին էր, թե Թրամփը ի վիճակի չէ իրականացնել իր խոստումները, որին հակառակ ես պնդում էի, որ ամերիկյան քաղաքական մշակույթն այնպիսին է, որ նախագահները իրենց խոստումները եթե ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասամբ ձգտում են իրականացնել: Ասեմ ավելին, իհարկե, սպասելի է նաեւ այն, որ ընտրվելուց հետո Թրամփի հայտարարությունները, որ ինքը շատ կարճ ժամանակում պետք է վերջ տա պատերազմին, որ ամերիկյան բյուջեն դատարկվում է անիմաստ ծախսերից, որ սա ոչինչ չի տալիս, եւ պետք է ամերիկյան կառավարությունն ու իշխանութունները առաջին հերթին մտածեն հենց իրենց երկրի համար: Ասեմ ավելին, հենց այս ամենի ֆոնին էլ նաեւ առաջ քաշվեց այդ կարգախոսը՝ «Ամերիկան առաջին հերթին» եզրույթը: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի ֆինանսավորման առյուծի բաժինը իրականացրել են Միացյալ Նահանգները, ապա, բնականաբար, սպասելի էր, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը պետք է նման նյարդային արձագանք տար պատերազմի ֆինանսավորման դադարեցման եւ պատերազմի դադարեցման այդ ողջ մարտավարությանը:
Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է նշեմ նաեւ այն, որ, կարծես թե, կար մի ելք, որ կարող էր Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալ ՝ պատերազմի ֆինանսավորման դադարեցումը կանխելու համար: Դա բնական ռեսուրսների տրամադրումն էր Միացյալ Նահանգներին, բայց վերջին պահին (չնայած, որ ամեն ինչ համաձայնեցված էր) Զելենսկին հրավիրվել էր Սպիտակ տուն՝ հենց այդ պայմանագիրը ստորագրելու համար, որը կարելի է ասել, նշանակում էր այն, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին վերադարձնում է իր կողմից ծախսված գումարները՝ իր հանքային պաշարների ձեւով: Սա շատ պարզ բանաձեւ էր, բայց վերջին պահին Զելենսկին դրան գումարեց նաեւ «անվտանգության երաշխիքներ» արտահայտությունը՝ ասելով, որ մենք կգնանք այս գործընթացին՝ եթե Միացյալ Նահանգները տա մեզ անվտանգության երաշխիք: Ոմանք անգամ ուշադրություն չդարձրին ահա այս եզրույթի վրա, բայց էականը հենց դա էր, որ այդ գործարքը տապալվեց: Ինչո՞ւ, որովհետեւ այդ անվտանգության երաշխիքը կարող էր մեկնաբանվել ցանկացած ձեւով եւ ցանկացած պահի կարող էր հայտարարել, որ սպառվում է իրենց անվտանգությունը եւ պետք են արեւմտյան դաշնակիցներ ու նոր օգնություններ: Թրամփը եւ ոմանք հասկացան, որ այս ամենը ծուղակ է եւ պետք չէ Միացյալ Նահանգներին հերթական անգամ խճճել այդ անվտանգության երաշխիքների ապահովման լրացուցիչ պարտականությամբ, եւ այդ ամենի կուլմինացիոն կետն էլ հենց դարձավ ամբողջ այդ կռիվը Սպիտակ տանը, որի ընթացքում պարզապես քաղաքավարի կերպով Զելենսկուն դուրս վռնդեցին:
— Շատերը նաեւ տարբեր վարկածներ են քաշում առաջ՝ նշելով, որ ներկայիս իրավիճակները Երրորդ համաշխարհայինի սկիզբն են վկայում: Այս հարցում ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
— Գիտեք ինչ, ես ինքս այդ հարցի դեպքում լիովին հակառակ կարծիքին եմ, որ սա ոչ թե Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է, այլ արդեն երեք եւ գուցե նաեւ չորս տարուց ավել շարունակվող այդ Երրորդ համաշխարհային պատերազմի վերջն է, որովհետեւ հարց կարող է առաջանալ նաեւ այն մասին, թե պատերազմող կողմերն ովքե՞ր էին: Մի կողմում Ռուսաստանն էր՝ իր դաշնակիցների հետ միասին, որոնք, իհարկե, ակտիվ կերպով պատերազմ չէին վարում, սակայն որոշակի ռազմատեխնիկական համագործակցության մեջ էին եւ չէին միացել պատժամիջոցներին: Ես նկատի ունեմ, օրինակ, եթե ասենք Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ հետխորհրդային շատ այլ երկրներ, որոշակի առումներով նույնիսկ Թուրքիան, որը չմիացավ պատժամիջոցներին: Այսինքն, Ռուսաստանը եւ այն երկրները, որոնք չէին միացել պատժամիջոցներին եւ այս կամ այն կերպ չէին աջակցում նաեւ Արեւմուտքին: Մյուս կողմում հավաքական Արեւմուտքն էր, Միացյալ Նահանգների բայդենյան կառավարությունը եւ ԵՄ անդամ պետությունների մեծ մասը՝ բացառությամբ Հունգարիայի, Սլովակիայի, որոնք գտնում էին, որ պետք է Ռուսաստանին դուրս մղել Ուկրաինայից, Սիրիայից, մյուս տարածաշրջաններից եւ ստիպել գնալ պարտվողական որոշումների:
Այս գործընթացն, իհարկե, իր կուլմինացիային հասավ ուկրաինական պատերազմի տեսքով, բայց հիշենք, որ այն արդեն իր դրսեւորումներն է ունեցել Սիրիայում, որտեղ ուղղակի Բաքուն կար եւ, բնականաբար, այդ պատժամիջոցների, առեւտրական պատերազմի եւ տեխնոլոգիական սահմանափակումների այս ամբողջությունը, որը նույնիսկ անվանում են Երրորդ համաշխարհային, հիբրիդային պատերազմ արտահայտությամբ՝ արդեն մի քանի տարի, ըստ էության, 3-4 գուցե նաեւ 5 տարի ուղղակի ձգձգվում էր: Դրա համար ես ինքս այնքան էլ համամիտ չեմ այդ տեսակետից, որ այս իրադարձությունը Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ էր, այլ ընդհակառակը՝ այս իրադարձությունը այդ երրորդ, հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը դրեց:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ