Այ «обиженник», դու Արմեն Մազմանյանի սարքած թատրոնն ուզում ես քանդե՞լ. Լեւոն Հարությունյան
ՄշակութայինՀասարակության եւ հատկապես մշակութային գործիչների անտարբերության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Նա սթափության կոչով դիմեց հանրությանը:
«ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ»
— Պարոն Հարությունյան, հայ հասարակության, ինչպես նաեւ մշակութային գործիչների մեծ մասն ո՞ւր են, ինչո՞ւ են այս օրհասական պահերին լուռ ու անտարբեր:
— Մեր հասարակությանը պետք է արթնացնել խորը քնից: Ինչ վերաբերում է մշակույթին, նախ ասեմ, որ մշակույթի նախարար եւ մշակութային օջախներ պիտի ունենանք, որ մի հատ էլ անդրադառնանք: Մի հատ նայեք՝ ով է մեր կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարը՝ «Ժաննա դ'Արկը», ով նույնիսկ պատրաստ չէ ինքն իրեն վառել: Նայեք, ովքեր են մշակութային մարդկանց փոխարեն որոշումներ կայացնում եւ տեսեք, թե ինչ որոշումներ են կայացնում: Շատ անուններ տալ չեմ ցանկանում, կարծում եմ՝ բոլորը լավ գիտեն, պարզապես, ուզում եմ նախ խոսել թատրոններից: Նմանների որոշումների շնորհիվ «Գոյ» թատրոն է փակվում: «Գոյ» թատրոնի տերը տղամարդ էր, «որձ էր»: Գոյ թատրոնի տերը, թատրոն սարքող երեւույթ էր, իսկ հիմա թատրոնի տնօրեն են բերել մի մարդու, երիտասարդի՝ Վարդան Մկրտչյանին, որը նույնիսկ տեղյակ չէ, որ «Գոյ» թատրոնի աթոռները հանել են: Եվ այդ ամենի փաստարկը, որ տվել է, ասել է, որ դրանք Համազգային թատրոնի աթոռներն են եղել, եւ ինքն է տվել դրանք: Լավ, ասենք թե տվել ես, շնորհակալ ենք դրա համար, բայց այդ աթոռները դու տվել ես մի մարդու, ով թատրոն էր կառուցում՝ հինը հանելով, նորը դնելով: Եվ դա, Վարդան Մկրտչյա՛ն, դարձրել ես առի՞թ հպարտանալու: Դու ո՞վ ես, որ աթոռ տաս «Գոյ» թատրոնին, այն էլ Արմեն Մազմանյանին: Այ «обиженник», դու այսօր Արմեն Մազմանյանի սարքած թատրոնն ուզում ես քանդե՞լ: Քեզ թվում է, թե դու թատրոնից հասկանո՞ւմ ես, դու բան չես հասկանում թատրոնից: Թատրոնից այդպես չեն հասկանում ՝ նեղանալով, կոլեգային ստորացնելով չեն դառնում տնօրեն, դու նույնիսկ նրանց արժեքը չգիտես: Դու տանը մնացած՝ չբավարարված կնոջ նման եկար ու ուզում էիր այդ թատրոնը քանդե՞լ: Նախ այդ թատրոնի կայացման համար իր խորհուրդները տվել էր մեր կողմից շատ սիրված Խորեն Աբրահամյանը, որովհետեւ այդ մեծությունն էլ էր տղա, նա էլ գիտեր թատրոնի արժեքը: Եկել, թատրոն են փակում, ու ձայն չի հանում ԿԳՄՍ նախարարությունը: Ես կարծում եմ՝ այդ նախարարությանը պետք է արհեստական շնչառություն տալ, բայց չգիտեմ, որ տղամարդը կցանկանա այդ կնոջը մոտենալ եւ արհեստական շնչառություն տալ:
— Լավ, ասենք թե մեկը գտնվեց եւ նախարարությանը տվեց արհեստական շնչառություն, բա մեր մշակութային գործիչներին ո՞վ տա շնչառություն: Ու՞ր են նրանք:
— Չեմ կարող ասել, ես ոչ մեկի փոխարեն չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես առհասարակ ոչ մեկի օգտին չեմ խոսում՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի եւ ոչ մեկի: Կարծում եմ՝ Լեւոն Տեր Պետրոսյանից սկսած մինչ ոչ բարով այս օրերը, ոչ մեկը չի սիրել այս երկիրը: Այնպես եմ ցանկանում մի «որձ» հայտվի, մի լիդեր, ով կկարողանա այս դաշտը մաքրել: Կսկսենք զրոյական կետից՝ մի կետ, որն առաջին հերթին կվերականգնի մեր հպարտությունը: Իսկ իմ կոլեգաներին կասեմ՝ ժողովո՛ւրդ, պետք չէ վախենալ սոված մնալուց: Եթե վախենում եք, որ այսօր ձեզ են հայհոյելու, վաղը, մյուս օրը ձեր զավակներին ու նոր սերնդին են հայհոյելու: Իսկ մենք այսօր իրավունք չունենք նոր սերնդին ստորացնելու, որովհետեւ ապագան նրանց ձեռքում է: Հակառակը, պետք է կարողանանք նոր սերնդին բան թողնել: Եվ այդ տաղանդավոր ու շնորհքով երեխաներից ես ներողություն եմ խնդրում, որ իրենց բան չենք թողելու: Այսօր եթե նոր սերունդը կայանա, ապա նա ինքն իրենով է կայանալու՝ իր որոշումներով, ճիշտ ընտրությամբ: Ես այսօր հպարտանում եմ այդ սերնդով, ովքեր հրապարակում կանգնած, մերժում են մի մարդու, ով սերունդ ոչնչացրեց: Եվ այդ երեխաներն իրենք են այնտեղ կանգնել, առանց որեւիցե մեկի դրդմամբ: Դրա համար նրանց բան պետք չէ սովորեցնել, պարզապես, պետք է նրանց կողքին լինել՝ որպես թիկունք: Այս երեխաները մեզնից նույնիսկ կարծիք հարցնել չեն ցանկանում, որովհետեւ մենք չենք կարող այսքան սխալվել: Այդ երեխաներն ի՞նչ են տեսել, տեսել են բազում սխալների շարք: Ու եթե այսօր այդ սերունդը կա, ապա հալալ է նրանց: Նրանք կան իրենց որոշմամբ ու ճիշտ ընտրությամբ: Ես առաջինը կլինեմ, որը կկրծի նրա կոկորդը, ով կփորձի այս երեխաներին բան ասել:
«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՍՈՎԱԾ ՄՆԱԼՈՒՑ, ԴԱ ՏԵՎԵԼՈՒ Է 4 ՕՐ»
— Դուք վաղուց եք ասել, որ հույսը 2000-ականներին ծնված սերնդի վրա է, եւ նրանցից է դուրս գալու իրական լիդերը:
— Որովհետեւ Կտակարանում էլ է գրված, որ 2000 թվականից հետո ծնված երեխաներին բան մի սովորեցրեք: Հայը մշտապես առաջինն է եղել իր քայլերի մեջ՝ թե՛ քրիստոնեություն ընդունելով եւ թե՛ անիմաստ քայլերով: Ու շատ եմ ցանկանում, որ նոր սերնդի հետ կապված եւս լինենք առաջինը: Չգիտեմ, տա Աստված:
— Ո՞վ կամ ի՞նչը «մշակույթի հերն անիծեց»: Մեջբերում եմ Ձեր խոսքերը:
— Մենք չենք սիրում լիդեր, եւ այդ նույն հիվանդությունը տարածվել է թե՛ մշակույթում, թե՛ գիտության մեջ եւ այլն: Դա մի տեսակ հայկական հիվանդություն է դարձել՝ մենք չենք սիրում մեզնից առավել տաղանդավոր մարդկանց, չենք սիրում շնորհքով մարդկանց: Երբ կա մարդ, ով տաղանդավոր է, ու նա ազգի դեմքն է եւ կարող է ազգին ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս, շատ արագ նրան ոչնչացնում ու դեն ենք գցում: Պետք է մեծերին գնահատող լինենք, նրանց խոսքը արժեւորենք: Մեծը պետք է դառնա ուսուցիչ: Այսօր մեր մեծերը չեն կարողանում խոսել կամ չեն ցանկանում խոսել: Ժողովո՛ւրդ, կրկնում եմ՝ մի վախեցեք սոված մնալուց: Դա տեւելու է 4 օր, դրանից հետո ստամոքսն էլ է երջանկանում, որ քիչ ես ուտում:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ»
— Վերջերս մեր վարպետներից մեկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի 95-ամյակն էր: Պետությունն անգամ չանդրադարձավ այսպիսի մեծության հոբելյանին…
— Պետությունը թքած ունի մշակույթի վրա: Նրանք այնքան ճղճիմ են, որ նույնիսկ չեն կարող մեր մեծերին ճիշտ ներկայացնել, դրա համար նրանք վախենում են ու չգիտեն՝ ինչ եւ ինչից խոսել: Նրանք չեն կարող մեր մեծերով երջանիկ լինել, քանի որ նրանք դրա արժեքը չգիտեն: Այսօր նրանց հայրենիքը՝ իրենց ստամոքսն է: Մի խոսք կա չէ՝ «քաղաքականությունը դա պոռնկություն է», բայց պարտադիր չէ, որ դրանով զբաղվեն պոռնիկները: Գիտեք, եթե ամեն մեկիս ասածը, որը իր մեջ պարունակում է ճշմարտություն՝ տեղ հասներ այս մոլորված հայերի մոտ, կասեի՝ հա, եկեք խոսենք, բայց եկեք նայենք Ազգային ժողովը, սրանք ինչ սարքեցին: Երբ նոր էին եկել, ԱԺ-ի այդ ամբիոնն իրենց համար թանկ էր, թե բա՝ այս ամբիոնից ինչպես կարելի է նման բաներ ասել եւ այլն, իսկ հիմա ինչ են անում նույն ամբիոնում՝ դարձրել են շուկա: Այսօր ԱԺ-ում նստած տղամարդիկ ինչպե՞ս են խոսում կանանց ներկայությամբ կամ նրանց հետ: Դա այնքան զզվելի է, որ... Եվ ամեն օր այդ մարդիկ գնում են այդ զզվելի մթնոլորտի մեջ աշխատելու, եւ դա իրենց հաճույք է պատճառում: Մեր երկրի վաղեմի պրոբլեմներից մեկն այն է եղել, որ ոչ մեկ իր տեղում եւ իր դերում չէ: Այս երկիրը կամաց-կամաց քանդվեց այն պատճառով, որ 90 տոկոսն իրենց տեղում չեն եղել: Մի շրջան մեր ազգի մի կեսը գեներալներ էին, ովքեր «ուզում էին հայրենիք փրկել», մի կեսը` տաքսու վարորդներ, ովքեր ընտանիք էին պահում, իսկ մնացած մասն էլ մենք էինք: Մեզնից էլ դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը: Եկեք ոչ ոքի չմեղադրենք, մենք բոլորս ենք մեղավոր այս ամենի համար՝ բոլո՛րս: Մենք այնքան խելոք չգտնվեցինք, որ կարողանայինք օգտագործել այն բացառիկ հնարավորությունը, որը մեզ տրվել էր 30 տարի առաջ: Մի լավ խոսք կա, ասում են՝ սոված մարդուն պետք չի բերել իշխանության: Կամ եթե զգում եք, որ տաղանդավոր մարդ է, պետք է նախ տանել մի տեղ ուտել սովորեցնել, որ հասկանա՝ ինչ բան է ուտելը, իմանա ուտելու չափը: Ես չեմ հարգում այն տնօրենին, ով չի ուտում, բայց պաշտում եմ այն տնօրենին, ով գիտի ուտելու չափը: Ասում են՝ մարդու ուղեղին 20 րոպե ուշ է հասնում, որ նա կշտացել է, հիմա այս կառավարության մոտ ընդհանրապես տեղ չի հասել, որ նրանք արդեն լավ կերել են ու կշտացել:
— Հիշում եմ՝ մեկ անգամ ասացիք՝ «իմ միջի ծաղրածուն...»: Հիմա Ձեր միջի ծաղրածուն շատ տխուր է:
— Դե, ծաղրածուն միշտ պետք է տխուր լինի, իսկ իմ միջի ծաղրածուն տխուր է այսօրվա վիճակը տեսնելուց: Տխուր եմ, որ իմ ազգին չպատկանող ինչ-որ անիմաստ որդ մեզ ասում է, թե մենք ինչ անենք: Այնքան եմ սիրում «տղա» բառը, այնքան եմ սիրում «որձ» բառը: Չկա էլի այդ որձը: Հիմա նայեք՝ ով է մեզ բան թելադրում, եւ մենք չենք կարողանում քայլ անել: Հիմա չեմ ցանկանում սիրուն բառեր ասել՝ մեր հայ ազգը երբեք չի կծկվել եւ այլն: Չէ՛, լավ էլ կծկվել է, ու դա միշտ եղել է այս տեսակ դավաճանների պատճառով: Պատմության սխալները մեզ դաս չեն լինում: Մի պահ նայեք Հայաստանի մթնոլորտը: Այսօր մեր երկիրը բերեցին հասցրին մի կետի, որտեղ ո՛չ տղամարդն է իր տեղում, ո՛չ` կինը: Ես այն կնոջը չեմ մեղադրում, երբ նա մայր է ու տեսքից էլ երեւում է, որ առաքինի կին է, սակայն երբ լրագրողը նրան հարցրեց Նիկոլ Փաշինյանի մասին, հայ մայրը, հայ կինը, տղավարի նորմալ հայհոյեց մինչեւ վերջ: Ես մի պահ շոկ ապրեցի, բայց նաեւ փորձցի հասկանալ այդ կնոջը: Դե հիմա տեսեք՝ ուր ենք հասել, որ հայ կինը այնքան է լցված, թքած ունենալով ամեն ինչի վրա՝ արտահայտվում է մինչեւ վերջ: Եկեք հայհոյանքի մշակույթը չգցենք Վարդան Ղուկասյանի վրա, այդ մշակույթը մեզ մոտ միշտ էլ եղել է: Սակայն, այսօր առավել քան երբեւէ մեր հողերի վրա ինչ հայհոյանք էլ ցանես, արագ աճելու է, որովհետեւ այդ հողի հերն էլ են անիծել ու բացի հայհոյանքից՝ այլ բան չես կարողանում ցանել: Հիմա ի՞նչ են անում, գյուղացուն առաջարկում են կովը վաճառի, տունը վաճառի: Ո՞նց: Ո՞նց կարող է գյուղացին իր կովը վաճառի, բա հետո ի՞նչ վաճառի: Դա՞ է «լիդերի» ցույց տված ճանապարհն իր ժողովրդին: Դու առհասարակ այդ կովի արժեքը հասկանո՞ւմ ես, որ նման բան ես առաջարկում:
— Բայց այսքանը տեսնելով՝ կրկին գտնվում են մարդիկ, ովքեր գնում եւ ընտրում են նման լիդերին:
— Տեսեք, այսօր նրանք անիծեցին կրթության, գիտության, մշակույթի հերը: Փառք Աստծո, դեռ որձերի շնորհիվ, սպորտը շարունակում է լավ վիճակում մնալ: Այդ կրթությունը ազդում է մարդու մտածելակերպի վրա: Նայեք` կրթական մակարդակն ուր են իջեցրել, որ այսօր այս երեւույթներն այսքան բան են անում Ձեր ասած մարդկանց գլխին, սակայն նրանք շարունակում են հավատալ այդ երեւույթներին: Ժողովուրդ ջան, արդեն ժամանակն է ոտքի կանգնելու, եւ խնդրում եմ այդ հարցադրումները հանեք ձեր միջից, որ եթե սա չլինի, ապա ով կլինի: Հաստատ իմացեք` մեկը կգտնվի ու կլինի: Ես չգիտեմ՝ ով է այդ մեկը, բայց հաստատ մեկը կլինի: Այնքան կցանկանայի լիներ օրացույցի վրա նշված մի օր, որը ասենք թե պայմանական կոչվեր ՔՊ-ին պատժելու օր, եւ ամեն տարի այդ օրը հրապարակ մտնեին բոլոր դավաճաններն, ու ազգը շարք կանգնած, ամեն մեկին մի մեծ ապտակ տար, հետո տանեին նրանց, պահեին հաջորդ տարվա համար, որ այդ տոնը կրկնվեր: Սա կլիներ ամենամեծ պատիժը սրանց համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ