ՀՀ Սահմանադրության շուրջ ստացվում է «փակ շրջան»

Ադրբեջանի սահմանադրությունը չի պարունակում որևէ աշխարհագրական անուն կամ տարածք ներկայիս Հայաստանի Հանրապետության, և կարծում եմ՝ հայկական կողմը դրանից տեղյակ է, հակառակ դեպքում նրանք անպայման այս հարցը կբարձրացնեին»,- Անթալիայում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Սա ուղղակի «կշտամբանք» է Հայաստանի ոչ միայն գործող, այլև նախկին իշխանությունների հասցեին, որ գրեթե քառորդ դար Ադրբեջանի հետ բանակցել են, բայց երբեք չեն բարձրացրել այդ երկրի սահմանադրության նախաբանի փոփոխության հարցը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովին հակադարձել է և նշել, որ Ադրբեջանն իրեն ճանաչել է 1918-20 թվականների այսպես կոչված՝ Ժողովրդական հանրապետության իրավահաջորդ, որ ավելի մեծ հավակնություններ ուներ, քան ներկայիս Ադրբեջանի տարածքն է:
Այս միտքը մի քանի անգամ նաև վարչապետ Փաշինյանն է հնչեցրել և ավելացրել, որ Հայաստանն այդ խնդրին չի անդրադառնում, որպեսզի բանակցություններում հավելյալ լարվածության տեղիք չտա:
Բայց Ադրբեջանի սահմանադրության իրավական «ականը» շատ ավելի վտանգավոր է: Այն ունի նախաբան, որտեղ մայր օրենքի հիմք է ճանաչված «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտը: Իսկ այդ փաստաթղթում սևով սպիտակին գրված է, որ ցարական Ռուսաստանը 1828 թվականին օկուպացրել և մասնատել է Ադրբեջանը:
Ադրբեջանի սահմանադրության իմաստով, ըստ այդմ, ամբողջ Հարավային Կովկասը և Իրանի հյուսիսային մի քանի նահանգներ «Ադրբեջան են», որը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով բաժանվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
Ադրբեջանի սահմանադրության նախաբանի այս «դանդաղ գործողության ականին» ինչպես են վերաբերվում Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը՝ Մոսկվա-Բաքու, Բաքու-Թբիլիսի և Թեհրան-Բաքու հարաբերությունների տիրույթի հարց է: Կոնկրետ իրավիճակում խոսքը հայ-ադրբեջանական կարգավորման մասին է, և Երևանը չի կարող միջազգային պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի սահմանադրությունը Հարավային Կովկասում Հայաստան և հայկական պետություն չի ճանաչում:
Այս իրողությունն ապացուցելու համար բավական է խորքով դիտարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից գործած «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածք» ձևակերպումը: Դա ամենևին էլ բառախաղ կամ «ոճական սայթայքում» չէ: Ջեյհուն Բայրամովը հավատարիմ է իր երկրի սահմանադրությանը և ենթատեքստով ասում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական Ադրբեջան է:
Այդ նարատիվը գոյություն ունի շատ վաղուց, պատմագիտորեն ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում, բայց իրավական ձևակերպում է ստացել 1991, իսկ սահմանադրությամբ ամրագրվել՝ 1995 թվականին: Այսինքն՝ ղարաբաղյան առաջին պատերազմի հրադադարից մեկ տարի հետո:
Եվ Հայաստանը երբեք այդ խնդիրը չի ակտուալացրել, ԼՂ շուրջ տարածքների և Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձը չի պայմանավորել Ադրբեջանի սահմանադրության այդ «ականը վնասազերծելու» միանգամայն օրինական պահանջով: Պարզ ասած՝ չի արել այն, ինչ Ադրբեջանն է այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձնում:
Արարատ Միրզոյանն ասում է, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն սահմաններում, որ ունեին ԽՍՀՄ փլուզման պահին: Ջեյհուն Բայրամովի գնահատմամբ՝ Ադրբեջանը չի կարող միջազգային պայմանագիր ստորագրել, եթե այն հակասում է «երկրի սահմանադրությանը»: Երևի նկատի ունի Հայաստանի սահմանադրությունը: Բայց չէ՞ որ այդ պայմանագիրն ուղղակիորեն հակասում է հենց Ադրբեջանի սահմանադրությանը:
Եվ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այն չի ճանաչի սահմանադրությանը հակասող: Եվ դա կարվի Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Ստացվում է «փակ շրջան», որից միայն մեկ ելք կա՝ հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման, որը կսահմանի, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԽՍՀ, Ադրբեջանական Հանրապետությունը՝ Ադր.ԽՍՀ իրահահաջորդը և հարաբերությունների կարգավորման պայմանագիր են ստորագրում որպես ՄԱԿ-ի կողմից այդպիսիք ճանաչված՝ հետխորհրդային երկրներ:
https://iravunk.com/sim/?p=310380&l=am/