Կարեւոր է թույլ չտալ Նիկոլի փախուստը Հայաստանից, երբ սկսվի Ալիեւի հետ նրա նախապատրաստած պատերազմը
Հրապարակախոսություն
Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձ կատարելու գնով Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) առաջարկած «խաղաղության համաձայնագիրը», ավելին՝ բացեիբաց հրաժարվում է դրա ստորագրումից՝ ներկայացնելով վերջնագրից չտարբերվող նոր նախապայմաններ ու պահանջներ: Եվ սա՝ չնայած նրան, որ Հայաստանի եւ հայության թիվ մեկ ներքին թշնամու առաջարկած «խաղաղության համաձայնագիրը» ոչ միայն թաղում է Արցախի հարցը, այլեւ մեծապես Հայաստանի անվտանգության ու շահերի դեմ է:
ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ, ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԱՐԹՆԱՑԵԼ ԵՆ
Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», քանի որ մինչ այժմ Նիկոլ հայադավի եւ Նիկոլի ոհմակի հրամցրածն ուտելուց հետո Ալիեւի ախորժակը բացվել է: Ցանկացած ժամանակ, երբ Բաքուն համարեց, որ հարմար պահն է պատերազմով Հայաստանից ավելին պոկելու, գնալու է այդ քայլին, եթե համարեց, որ հարմար պահն է ու կարող է ողջ Հայաստանը գրավել, մազաչափ չի տատանվելու՝ իրականացնելու իր եւ Մեծ Բրիտանիայի պլանները…
Ինչպես տեղեկացրել է «Անվտանգություն ու ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ադրբեջանական Az.tv-ն վերջերս Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը եւ այլ բնակավայրեր, Հայաստանի ինքնիշխան տարածքը հերթական անգամ ներկայացրել է իբրեւ Արեւմտյան Ադրբեջան՝ չթաքցնելով մեր երկրին տիրելու այդ ցեղասպան պետության հավակնությունները, իսկ Միլի մեջլիսում «Վերադարձ հայրենիք» խորագրով քննարկում է եղել Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու իրենց մտադրության, պլանների կապակցությամբ:
Չնայած նրան, որ, ըստ կողմերի, խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ քննարկված ու համաձայնեցված է, Ալիեւը համաձայնագրի 17 կետերից բացի, նոր պահանջներ է առաջադրել.
«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն,- հայտարարել է Ալիեւը,- Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի՝ այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր օրինական պահանջն է»։
Ոճրագործ Ալիեւը, իհարկե, լկտիաբար ստում է՝ հաչալով այն մասին, թե Արցախն Ադրբեջանի օրինական, պատմական տարածքն է, եւ լռել ու լռում է, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անօրինական հավակնություններ, նկրտումներ: Ընդգծենք, որ դրանք Ադրբեջանի Սահմանադրությունից բացառելու պահանջ երբեւէ չի առաջադրվելՆիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից, ինչը, երբ խոսքը, հոգուտ Ադրբեջանի, պետական դավաճանների մասին է, միանգամայն սպասելի էր:
Դե, իհարկե, Նիկոլ հայադավն անմիջապես կկատարեր իր «բարեկիրթ» եղբոր վերոնշյալ պահանջները, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը եւ նոր Սահմանադրության ընդունմամբ դրանից Անկախության հռչակագրի օտարումը բացառապես իրենից եւ իր ոհմակից կախված լիներ: Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում կա արտաքին դերակատարների, մասնավորապես` Ռուսաստանի գործոնը, այսինքն՝ եթե Նիկոլը վստահ լիներ, որ Պուտինը եւ Թրամփը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշում կկայացնեն, Ալիեւի հետ միասին համապատասխան խնդրանքով կամ առաջարկով արդեն դիմած կլիներ նրանց: Բայց վստահ չէ եւ հասկանում է իր այդ քայլի խիստ ռիսկային լինելը, ինչպես նաեւ իր տվյալ քայլի հրապարակայնացումից հետո հնարավոր հետեւանքները…
Բայց հիմնական խոչընդոտը ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարումը չէ, այլ Ալիեւի եւ իր սրտի ուզած Սահմանադրության ընդունումը, ինչն առանց հանրաքվեի հնարավոր չէ, մինչդեռ Գյումրիում եւ Փարաքարում ավագանու, քաղաքապետի ընտրություններն առավել եւս ցույց տվեցին Նիկոլի եւ Քաղպայմանագրի վարկանշի խայտառակ ցածր մակարդակը: Չկարողացան հաղթանակ ապահովել նույնիսկ ահավոր ընտրակեղծիքների, ընտրախախտումների, տեղամասերում էլեկտրաէներգիայի անջատումների դիմելու միջոցով:
Նոր Սահմանադրության ընդունումը հանրաքվեի դնելու դեպքում զարտուղի ճանապարհով հաջողության հասնելու տարբերակ չկա: Կա միայն մեկ հնարավորություն, մեկ տարբերակ՝ այն քանակի ընտրակեղծիքներ, որոնք թույլ կտան ընդունել նոր Սահմանադրությունը, սակայն, ինչպես Գյումրիում ու Փարաքարում ընտրությունները փաստեցին, դրա հնարավորությունն արդեն չունեն, ընտրողներն արդեն բավականաչափ արթնացել են:
Բացի վերոնշյալից, եթե հանուն իրենց այդ հայադավ նպատակի, այնուամենայնիվ, քվեները կեղծեն աննախադեպ կերպով ու շատ ավելին, քան կարելի է պատկերացնել, ապա դրանով կարող են սեղմել երկրում պետական հեղաշրջման ձգանը, ինչը, կարծում ենք, Նիկոլը եւ իր ոհմակը հասկանում են: Հայաստանի վարչապետի աթոռը զավթածը մի առիթով արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու 2027թ., այսինքն՝ խորհրդարանի 2026թ. ընտրություններից հետո:
ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ» ԿՆՔԵԼ ՅՈՒՐՈՎԻ
Թեեւ Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը չի բացառել, ըստ էության, հնարավոր է համարել, որ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում այլեւս չի լինի, այսինքն՝ կկատարեն Ալիեւի պահանջը, Նիկոլ հայադավն էլ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում չի բացառել, որ ինքը պատրաստ է նաեւ Ալիեւի հիշյալ պահանջը կատարել, սակայն, կարծում ենք, հաշվարկել է, որ բանը չի հասնի դրան, մինչ այդ արդեն կլինի պատերազմը, եւ Ալիեւը կհասնի շատ ավելիին, քան «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, մինչ այդ էլ Հայաստանին նոր Սահմանադրության ընդունում պարտադրելն է:
Սահմանին ադրբեջանական կրկնվող սադրանքները, Հայաստանին հրադադարի ռեժիմ խախտումներ շարունակաբար վերագրելը ու դրանով իսկ առաջիկա ագրեսիայի համար տեղեկատվական-քաղաքական հենք նախապատրաստելը լավագույն վկայությունն են նրա, որ Ադրբեջանը պատրաստվում է «խաղաղության համաձայնագիրը» կնքել յուրովի՝ պատերազմի արդյունքում Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելով կամ վերջ տալով Հայաստանի` որպես պետության, գոյությանը, ինչի համար, բնականաբար, կարիքը չունի կնքելու Նիկոլի տարփողած «խաղաղության համաձայնագիրը»:
Ժամանակն է բռնելու Նիկոլ հայադավի օձիքը եւ հարցնելու՝ ի՞նչ եղավ այն «խաղաղության համաձայնագիրը» կամ «խաղաղության համաձայնագրի» կնքումը, որի մասին այսքան ժամանակ բարբաջում էիր… Ալիեւի նոր պահանջներից հետո՞ էլ ես շարունակելու բարբաջել Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» կնքման մասին, ոհմակիդ հետ միասին պատրա՞ստ ես կատարելու Ալիեւի վերոնշյալ պահանջները, եթե` այո, ե՞րբ եւ ինչպե՞ս… Եթե դրանից հետո էլ Ալիեւը նոր պահանջներ մոգոնի, ի՞նչ ես անելու, օրինակ, եթե պահանջի Էռատոյին Բաքու գործուղել իրեն բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, որ դրանից հետո իբր մի կերպ կարողանա ողորմել Հայաստանին ու ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», ի՞նչ ես անելու, այդ պահա՞նջն էլ ես կատարելու…
Ի գիտություն Հայաստանի իրավապահ համակարգի՝ Նիկոլն, իր ոհմակի, Քաղպայմանագրի այլ անդամների հետ միասին, իր մոգոնած ու բարբաջած «խաղաղության համաձայնագրի» ստորագրման, իսկ իրականում դրա ներքո թաքցված պետական դավաճանության հերթական քայլը կատարելու համար Հայաստանի, մեր երկրի բնակչության եւ ողջ հայության հաշվին չափազանց թանկ գին է վճարել Ալիեւին, Ադրբեջանին: Եթե դեռ իբր չեք հասկացել, բացատրեմ…
Մասնավորապես՝ Հայաստանին ու հայերիս թշնամի պետությանը փաստաթղթով (փաստաթղթերով) հանձնել է Տավուշի մարզում հայաստանապատկան մի շարք բնակավայրեր եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ռազմավարական նշանակություն ունեցող բավական մեծ հատվածներ, ընդ որում, վերոնշյալներն Ադրբեջանին հանձնելու դիմաց չպահանջելով, չստանալով ժամանակին Հայաստանից Ադրբեջանի բռնազավթած Արծվաշենը, վարչապետի պաշտոնում իր ոչուբարով պաշտոնավարման ընթացքում Սյունիքում պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնված տարածքները (Մեծ Իշխանասար, Սեւ լիճ եւ հարակից տարածքներ, տարածքներ նաեւ Սիսիան համայնքում), Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի գրաված տարածքները:
Եվ հիմա, երբ Ալիեւը, ինչպես եւ սպասվում էր, մերժել է «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, հերթական հիմքն է առաջացել` Նիկոլից եւ իր ոհմակի համապատասխան անդամներից հաշիվ պահանջելու, եւ քանի որ այդ հաշիվը նրանք, բնականաբար, չեն կարող տալ, ուրեմն՝ նրանց խստագույն քրեական պատասխանատվության:
Թե վերոնշյալ դավաճանական քայլի համար Նիկոլն Ալիեւից կամ մեկ ուրիշից քանի միլիոն կամ միլիարդ դոլար է ստացել կամ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը պատրվակելով, իրականում ինչի դիմաց է կատարել պետական դավաճանության իր հերթական քայլը, հենց համապատասխան իրավապահ մարմինների եւ օբյեկտիվ քննության պարզելու խնդիրն է, ինչը նշանակում է, որ սույն հրապարակումը, որը հանդիսանում է հանցագործության (պետական դավաճանության) մասին հրապարակային հաղորդում, հիմք ընդունելով, նրանք պարտավոր են Հայաստանի քրեական օրենսգրքի 418–րդ հոդվածի հատկանիշներով հանրային քրեական վարույթ հարուցել, անհապաղ ձերբակալել Նիկոլ հայադավին, ապա եւ կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:
Կանե՞ն վերոնշյալ գործողությունները, ինչի հույսը, անկեղծ ասած, չկա, լա՛վ, չե՜ն անի, վաղն իրենք՝ իրավապահ համակարգի համապատասխան պաշտոնյաներն էլ, Նիկոլի հետ միասին, կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե, իհարկե, մինչ այդ Նիկոլ հայադավը ողջ մնա…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ այստեղ:
https://iravunk.com/sim/?p=310311&l=am/