«Վարդաշեն» ՔԿՀ-ում չկան եւ չեն կարող լինել արտոնյալ կարգավիճակ ունեցող անձիք․ Բացառիկ զրույց արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի հետ
Հանդիպում
Ի տարբերություն ազատազրկման այլ վայրերի, «Վարդաշեն» ՔԿՀ–ն դրսից ասես մասնագիտացված քաղաք լինի. շուրջբոլորը կանաչ, կոկիկ կացարաններ գեղեցիկ վարագույրներով։ Ժպտերես աշխատակիցները, բարեհամբյուր պետն ու անազատության մեջ գտնվող նախկին պաշտոննյանները՝ գեներալից մինչեւ շարքային, փոխնախարարից՝ մինչեւ ավագ մասնագետ, սարսափ չեն առաջացնում, նույնիսկ հակառակը։ Միայն բարձր ցանկապատերը, փշալարը, խրատական մեջբերումներով պաստառներն ու մեզ ուղեկցող համազգեստով ծառայողներն են, որ մշտապես հիշեցնում են` ուր ենք եկել։
Մոտենում ենք զբոսանքի համար նախատեսված վայր, հենց այստեղ էլ հանդիպում ենք օրենքով սահմանված պատիժ կրող նախկին պաշտոնյաների, ովքեր շտապում են բակում տեղակայված մատուռ, մոտենում մոմ վերցնում ու աղոթում։ Նրանք տարբեր ձևով են աղոթում. ոմանք եռանդով շշնջում են ու իրար սեղմած ձեռքերը շուրթերին մոտեցնում, ոմանք աննկատ են աղոթում. ասես ամաչում են բախտակիցներից ու Աստծուց, ոմանք էլ պարզապես լուռ կանգնած են։ Սկսում ես գուշակել` ով ինչի համար է հայտնվել այստեղ, բայց տարօրինակ է` ոչ ոքի չես մեղադրում, քանի որ, ինչպես ասում են, երբեք գլխիդ գալիքը չգիտես։
«Գաղութ» բառը սարսափելի է հնչում, գրքերում ու ֆիլմերում ամեն ինչ սարսափելի է նկարագրված, իսկ իրականում այլ է, հատկապես «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն ունի իր ուրույն առանձնահատկությունները », – խոստովանում է բանտարկյալը։
Իսկ, թե ի՞նչ առանձնահատկություններ են բնորոշ «Վարդաշեն» ՔԿՀ-ին, ինչո՞վ է տարբերվում հանրապետության այլ ՔԿՀ-ներից, ի՞նչ խնդիրների հետ են բախվում այսօր անազատության մեջ գտնվող անձիք, վերասոցիալակացման ծրագրի կարեւորության եւ քրեական աստիճանակարգություն ունեցող ազատազրկվածների իսպառ բացակայության բանաձեւի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ իր կողմից ղեկավարվող ՔԿՀ-ի առանձնահատկություններին․
- «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող անձիք տարբերվում են այլ ՔԿՀ-ներում պահվող անձանից իրենց կրթական մակարդակով, վարքագծով, քրեական ենթամշակույթից հեռու լինելու հանգամանքով։ Մեզ մոտ պատիժ են կրում զինվորականներ, տարբեր պաշտոններում պաշտոնավարած անձիք։ Ինչպես նշեցի, քանի որ մեր հիմնարկում պահվող անձիք հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող անձիք են, ուստի սա անձնակազմից էլ ավելի մեծ պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Չէ՞ որ դիմացինիդ որքան գրագետ ու պատրաստված է, այնքան կրկնակի գրագետ ու պրոֆեսիոնալ պատասխաններ է ակնկալում։
-Որքա՞ն ազատազրկված անձ կա այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում։
-Ներկա պահին մեզ մոտ պահվում են 144 անձ, որից 48-ը կալանավորված անձիք են, 96-ը՝ դատապարտյալներ, որոնց թվում կան 16 օտարերկրացի։
-Պարոն Հարությունյան, Դուք համակարգում նոր մարդ չեք, մինչ այս պաշտոնը զբաղեցնելն էլ եղել եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ։ Ուստի, լավագույնս կարող եք տեղեկացնել, թե ինչ էվոլյուցիա է ապրել համակարգը այս վերջին տարիների ընթացքում, եւ, թե ինչ խնդիրներ կան, որոնք դեռեւս լուծման անհրաժեշտություն ունեն։
-Առաջինը կնշեմ սննդի որակի բարելավումը, այսօր ի տարբերություն նախորդ տարիների, ՔԿՀ-ներում տրվող սնունդը անհամեմատ լավն է, իհարկե, միշտ էլ տեղ կա սննդի որակը բարելավվելու։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում ունենք բավականին առաջընթաց, թեեւ անելիքներ դեռ կան, բայց եթե, օրինակ տաս տարի հետ գնանք, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ քրեական ենթամշակույթը ՔԿՀ-ներում նահանջում է տարեց-տարի։ Կոռուպցիոն երեւույթների հետ կապված բավականին առաջընթաց կա, բայց, ինչ խոսք, եզակի դեպքեր դեռ արձանագրվում են, բայց դրանք էլ վերացնելուն ուղղված գործուն քայլեր են իրականացվում։
Ինչ կուզեի փոխվեր․ տեսեք, մեր բոլոր ՔԿՀ-ները բացառությամբ մեկ-երկու ՔԿՀ-ների, որպես ՔԿՀ-ներ չեն կառուցվել, եղել են տարբեր նպատակով կառուցված շինություններ, որոնք հետագայում վերածվել են ՔԿՀ-ների, որոնց շենքային պայմանները մի շարք անվտանգային խնդիրներ են առաջ բերում։ Ես այս մասով կցանկանայի ասել, որ մեր ՔԿՀ-ները կարիք ունեն ժամանակակից անվտանգային միջոցներին համահունչ վերակառուցվելու եւ շենքային պայմանների բարելավման խնդիրներ։ Միաժամանակ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին աաշխատանքներ կատարվել խցերի վերանորոգման, պահվող անձանց պայմանների բարելավման ուղղությամբ։
-Պարոն Հարությունյան, ինքնավնասման դեպքերը անազատության մեջ գտնվող անձիք հիմնականում ինչո՞վ են պատճառաբանում։
-Պատճառները շատ տարբեր կարող են լինել եւ այստեղ շատ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի մաքսիմալ բացառենք նման դեպքերը։ Հիմնականում ինքնավնասման միջոցով՝ պահվող անձիք իրենց բողոքի կամ անհամաձայնության ձայնն են բարձրացնում դատարանների կողմից կայացված վճիռների, կամ վարույթ իրականացնող մարմինների կայացրած որոշումների վերաբերյալ։
Լինում են հաճախ դեպքեր, երբ անձը պարզապես հոգեկան հուզմունքի մեջ է դիմում նման քայլի։ Կարող եմ փաստել, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասման դեպքերը համամատաբար ավելի քիչ են, որպեսզի պատկերացում կազմեք, օրինակ 2024-2025-ին միասին արձանագրվել է ընդամենը երեք դեպք։
-Ինչո՞վ է պայմանավորված նման ցածր ցուցանիշը։
-«Վարդաշեն» ՔԿՀ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից հաջողվում է ժամանակին ռիսկերը գնահատել եւ ըստ այդմ՝՝ հոգեբանի եւ անվտանգության ապահովման կողմից հսկողությունը ուժեղացնելու միջոցով կարողանում ենք հնարավորինս կանխել նման դեպքերը։
-Պարոն Հարությունյան, հաշվի առնելով, որ Դուք ղեկավարում եք մի կառույց, որտեղ շատ հաճախ առերեսվում եք Ձեր նախկին կոլեգաների հետ, պարզապես լրիվ այլ կարգավիճակներում։ Նման դեպքերում կաշկանդվածություն չի՞ առաջանում, թեկուզ զուտ մարդկային տեսակետից։
-Այ՛ո, շատ հաճախ եմ հանդիպում կոլեգաների, որոնք տարբեր քրեական գործերով ընդունվում են ՔԿՀ, որոնցից շատերի հետ տարբեր տարիներ, տարբեր ստորաբաժանումներում կողք-կողքի ծառայել ենք։ Բայց կաշկանդվածության որեւէ խնդիր չունենք, որովհետեւ մեր նախկին կոլեգաների հոգեբանությանը լավատեղյակ ենք, գիտենք իրենք այս կարգավիճակում ոնց են խնդիրները ընկալում, համապատասխան աշխատանքներ ենք տանում, որի արդյունքում հիմնարկ տեղափոխված անձիք պատկերացնում են նոր կարգավիճակում իրենց իրավունքները եւ պարտականությունները, ըստ այդմ՝ եւ կալանքը եւ պատիժը կրում են ներքին կանոնագարքի պահանջներին համաձայն։
-Պարոն Հարությունյան, հասարակության շրջանում կա կարծրացած տեսակետ, որ չկա ՔԿՀ, որտեղ արտոնյալ պահվող անձիք չկան։ Կխնդրեմ, Ձեր կողմից ղեկավարվող հիմնարկի օրինակով փարատեք տարածված տեսակետը։
-«Վարդաշեն» ՔԿՀ-ում որեւէ դատապարտյալ կամ կալանավորված անձ չի կարող ունենալ արտոնյալ կարգավիճակ, քանի որ հիմնարկ ընդունվելուց անմիջապես հետո վերջիններիս ծանոթանում են իրենց իրավունքներին եւ պարտականությոններին եւ ենթարկվում են ներքին կանոնակարգի պահանջներին։ Իակ որեւէ խախտում թույլ տալու ենթարկվում ենք օրենքով սահմանված կարգապահական տույժի։ Քրեակատարողական ծառայության խնդիրն է, որ դատապարտյալները պատժի կրումից հետո վերադառնան հասարակություն՝ առավել կրթված եւ հասարակությանը պիտանի անձ դարձած։ Ինչին առաջնահերթ նպաստում են այսօր ՔԿՀ-ներում ներդրած ամենատարբեր վերասոցիալականացման ծրագրերը։
Վերասոցիալականացման ծրագրերին զուգահեռ բարձրացվում է անվտնագության մակարդակը՝ արգելված իրերի, բջջային հեռախոսների, թմրանյություների, ոգելից խմիչքների ներթափանցումը կանխելու ուղղությամբ։ Քանի որ ցանկացած արգելված իր, որը հայտնվում ՔԿՀ-ում, խոսում է առերեւույթ կոռուպցիոն երեւույթի մասին, քանզի արգելված իրի ներթափանցումը ուղիղ առնչություն ունի ծառայություն իրականացնող անձանց պրոֆեսիոնալիզմի հետ։ Երբ պահվող անձի մոտ ինչ-ինչ ճանապարհով բջջային հեռախոս է հայտնվում, սա էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս տվյալ անձին անօրինությունների շղթան մեծացնելուն՝ այդ կերպ հանցագործությունների աշխարհագրությունը մեծացնելով։ Նմանատիպ երեւույթները կանխելուն միտված պետք է բարձրացվի նաեւ ծառայողների զգոնությունը։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ