Ռուս-իրանական գործոնն ակտիվորեն ամրանում է կովկասյան ուղղությամբ
Վերլուծություն
Տեղեկատվությունը, որով նախօրեին հանդես եկավ ՀՀ ՊՆ-ն, եթե չենք սխալվում, աննախադեպ է: Այն է, անցկացվում են հայ-իրանական սահմանային զորավարժանքներ, եւ նման բան, կարծես թե, առաջին անգամն է տեղի ունենում:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Ժամանակին շատ են տարածվել խոսակցություններ, թե Իրանը քանիցս Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժանքներ անցկացնել, սակայն Նիկոլը համառորեն հրաժարվել է: Ու հաշվի առնելով, որ հրաժարվել է նաեւ ՀԱՊԿ-ի զորավարժանքներից, դա ռազմական առումով եւս Հայաստանին տարել է խորը մեկուսացման:
Թե ինչու էր Նիկոլը համառորեն մերժում Իրանի հետ զորավարժանքները, այն դեպքում, երբ Թեհրանը, հաշվի առնելով նաեւ ուկրաինական պատերազմում ռուսների զբաղվածության փաստը, Սյունիք` թուրք-ազերիական ներխուժման դեմ էական գործոն է, կարելի է կռահել: Արեւմտյան լիբերալները եւ հատկապես Բրիտանիան հայ-իրանական ամեն մի նման մերձեցման համար տաբուի կարգավիճակ էին սահմանել: Եվ ոչ միայն իրանական ուղղությամբ. արգելք էր դրված նաեւ ռուսների հետ հարաբերությունների ուղղությամբ, այդ թվում՝ Մեղրիի երկաթուղու հարցում ռուսական ամեն մի մասնակցության հարցում: Փոխարենը օրակարգ էին բերել «Արեւմուտքը կօգնի Հայաստանի անվտանգային հարցերը լուծել» թեզը, որը դեռ ի սկզբանե էր ակնհայտորեն կեղծ, ու հիմա դա դարձել է շատ ավելի տեսանելի:
Ու ահա, երբ արդեն հայ-իրանական զորավարժանքները, անկախ դրա մասշտաբներից, պաշտոնական նպատակներից եւ այլ նման գործոններից, արդեն իրականություն են, առաջին մեսիջը, որը դրանից բխում է, այն է, որ Նիկոլն ինչ-ինչ պատճառներով որոշել է դեմ գնալ արեւմտյան այդ տաբուներին: Ասել, թե հիմնական պատճառն այն է, որ այս պահին էապես աճել է Ադրբեջանից սպասվող վտանգը, թերեւս սխալ կլիներ. ռիսկը, թե Ալիեւը կարող է հարձակման հրաման տալ, այս պահին մոտավորապես նույն կարգի է, ինչ վերջին տարիներին էր: Միգուցե մի փոքր ավելի նվազած, հաշվի առնելով, որ ներկայումս Թուրքիան շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, եւ նկատելիորեն պակասել է հավանականությունը, որ Սյունիք ներխուժման հարցով կարող է օգնել Բաքվին:
Իհարկե, ամեն դեպքում համատեղ զորավարժանքներում այդ մեսիջն էլ կա. սա հավելյալ ցուցիչ է թուրք-ազերիական տանդեմի համար, որ Սյունիք մտնելու հարցում Իրանի բոլոր «կարմիր գծերը» պահպանվում են: Եվ ոչ միայն Իրանից եկող մեսիջ է. այսպես թե այնպես, հայ-իրանական սահմանին կա ռուսական ռազմական կոնտինգենտի որոշակի առկայություն, զորավարժանքներն այդ գոտում են, եւ ասել, թե ռուսները դրանից լիովին անմասն են, սխալ կլիներ: Այսինքն, թուրք-ազերիական տանդեմին ուղղված մեսիջը համատեղ է՝ ռուս-իրանական, թե այստեղ միասին ռազմական ինչ-որ բաներ ենք անում: Ընդ որում, դա բացահայտ մեսիջ է, ինչը ցույց է տալիս Իսլամական հեղափոխության պահպանության կորպուսը ներկայացնող գեներալ Վալիոլլահ Մանինի հայտարարությունը, թե. «Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը եւ համատեղ սահմանների գործոնի կարեւորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել եւ մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության եւ խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»:
Կարելի է ասել, որ արդեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական հարթությունում մոտավորապես նույն «մեխին է խփում» նաեւ ՌԴ ԱԳՆ: Ըստ այդ կառույցի խոսնակ Զախարովայի՝ «Համոզված ենք, որ ռազմավարական կարեւոր տարածաշրջանում՝ Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետեւողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկարաժամկետ շահերին… Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը, կարծում ենք, կարող է զգալի խթան հանդիսանալ այս տարածքի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ առեւտրի եւ ներդրումների, գիտակրթական, մշակութային եւ հումանիտար համագործակցության խորացմանը, կապերի հաստատմանը... Ակնկալում ենք՝ մինչեւ մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Սյունիքում մեր հյուպատոսարանի բացման ժամկետների վերաբերյալ»:
Այսինքն, եթե տեւական ժամանակ, բացի Իրանի հետ զորավարժանքներից, նիկոլյան թիմը տորպեդահարում էր նաեւ Սյունիքում ռուսական հյուպատոսարան բացելու թեման, հիմա արդեն կա որոշակի առաջընթաց, անգամ ինչ-որ ժամկետների մասին է խոսվում: Ընդ որում, դժվար չէ հասկանալ նաեւ «մինչեւ մայիսի» իմաստը, այսինքն՝ մինչեւ մայիսի 9-ին Նիկոլի Մոսկվա գնալը պետք է այս հարցում վերջնական հստակեցում լինի:
ՆԻԿՈԼԸ ՇՐՋԱԴԱՐՁԻ Է ԳՆՈՒՄ
Այս ամենը, իհարկե, մեկ բանի մասին են վկայում: Այն է՝ Նիկոլը սկսել է որոշակի վեկտորային փոփոխությունների գնալ ռուս-իրանական ուղղությամբ: Իհարկե, դեռ հուշիկ քայլերով, իհարկե, ցանկացած պահի կարող է միանգամայն հակառակ ուղղվածությամբ կտրուկ քայլերի անցնել: Բայց փաստը մնում է փաստ՝ որոշակի քայլեր ռուս-իրանական ուղղությամբ կան: Այսինքն, եթե, օրինակ, Զախարովան խոսում է ինչ-որ ժամկետներից եւ վերջնական ժամանակացույցի մասին ակնկալիքներից, դա նշանակում է, որ նախնական որոշակի քայլեր, պայմանավորվածություններ եղել են:
Կարճ ասած, Նիկոլի մոտ կան, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տրամադրությունների որոշակի փոփոխություններ: Չնայած, դա նաեւ միանգամայն սպասելի է, որի մասին ենթադրություններ ներկայացնելու առիթներ ունեցել ենք. այն ամենը, ինչ ներկա պահին կատարվում է Արեւմուտքում, Նիկոլին պարզապես պարտադրում են գնալ դիրքային փոփոխությունների: Այսինքն, որքան արեւմտյան այդ միտումները խորանան, հատեն անդառնալիության սահմանագիծը, նույնքան էլ Նիկոլի մոտ այդ շրջադարձը կակտիվանա եւ արագություն կհավաքի:
Ընդ որում, նաեւ տեսանելի է, որ արդեն այս ամսվա ընթացքում այս ամբողջական գործընթացների հետ կապված շատ բան էլ ավելի հստակ է դառնալու, եթե ոչ՝ վերջնական տեսքի գալով: Նախ, սկսվում են Իրան-ԱՄՆ բանակցությունները, որտեղ, դատելով իրանական փորձագիտական գնահատականներից, Թեհրանը ներկայացնում է միանգամայն սպասելի պայմաններ, որոնք կարող են լիովին ընդունելի լինել Վաշինգտոնի համար: Այն է, Իրանը պահպանում է իր խաղաղ միջուկային եւ հրթիռային ծրագրերը, չեղարկվում են պատժամիջոցները՝ հստակ երաշխիքով, որ միջուկային զենք Թեհրանը չի ստեղծի: Նաեւ, որ ԱՄՆ-ն այդ նոր պայմանավորվածություններին կտա օրենսդրական բարձր մակարդակ, որ հետագա ամեն մի նոր նախագահ չմտածի պայմանավորվածությունները չեղարկելու մասին: Այսինքն, ոչ մի ավելորդ պահանջ-պայման, եւ եթե ԱՄՆ-ի նպատակն իրականում էլ Իրանի դեմ պատերազմի գնալը չէ, ապա հանգուցալուլծման գալու հավանականությունը միանգամայն բարձր է:
Մյուս կողմից, կայուն դինամիկայի մեջ է նաեւ ռուս-ամերիկյան բանակցային գործընթացը: Ստամբուլում երեկ տեղի ունեցավ բանակցային հերթական ռաունդը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ձեւաչափով, որից հետո կողմերն արդեն սովորական դարձած գոհունակությունը հայտնեցին, բայց նաեւ, որ աշխատելու դեռ շատ տեղ կա: Միաժամանակ, հերթական հանդիպումը եւս Ստամբուլում անցկացնելը Թուրքիային ուղղված ժեստ է, որ Թուրքիային այս մեծ խաղում չեն անտեսում, այսինքն, Էրդողանը եւս կարող է իրեն բավարարված համարել: Դա էլ իր հերթին կարող է նպաստավոր լինել տարածաշրջանային ընդհանուր կայունացման իմաստով:
Այսինքն, գործընթացները, որոնք Նիկոլին պարտադրում են գնալ հիշատակված վեկտորային փոփոխություններին, կայուն եւ միանգամայն ակտիվ ընթացքով առաջ են գնում՝ շարունակելով ընդգծված կերպով շրջանցել Եվրոպային՝Բրիտանիայով հանդերձ: Այսինքն, այս պահին տեսանելի չէ այն գործոնը, որը Նիկոլին կարող է հնարավորություն տալ՝ ռեալ հեռանկարներ կապել «դեպի Եվրոպա» ծրագրերի հետ, որքան էլ որ բրիտանական հետախուզությանը շատ սիրող կադրերի պակաս նրա իշխանական համակարգում չկա:
ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ահա այս իրավիճակում անգամ Ալիեւի մոտ է սկսվել երանգային որոշակի փոփոխությունների փուլ: Նախօրեին նա նորից վերադարձավ իրանական կոմունիկացիոն սխեմային, թե՝ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջեւանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին: «Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջեւան: Մենք չենք կարող նստել եւ սպասել: Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում»,- ասել է նա:
Այսինքն, եթե մինչ այս Հեյդարովիչը համառորեն «Զանգեզուրի միջանցք» էր «բացում», ապա հիմա վերադարձել է Իրանի տարածքով Նախիջեւանի հետ կապվելու սցենարին, որը, սակայն, Թուրքիայի հետ Նախիջեւանի կապի մեխանիզմ չի ենթադրում: Եվ դա հասկանալի է. «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ազերիական տանդեմին պետք է թյուրքական աշխարհն իրար կապելու գաղափարն առաջ տանելու համար: Բայց եթե այն անցնի Իրանով, այդ կապը, եթե անգամ իրականացվի, ռազմականացված տեսք տալ հնարավոր չի լինելու: Այսինքն, եթե Ալիեւը նորից վերադառնում է իրանական այդ կոմունիկացիոն սխեմային, ապա նշանակում է, որ ձեւավորված իրողությունները հարմար չեն գոնե այս պահին թյուրքական միջանցքի թեման օրակարգում պահելու համար: Ու սրանում, իհարկե, իրենց դերն ունեն թե´ Իրանի հետ համատեղ զորավարժանքները, թե´ Սյունիքում ռուսական հյուպատոսարանի հեռանկարը եւ թե´ տարբեր նման այլ մեծ ու փոքր գործոններ:
Խոշոր հաշվով, այս ամբողջական գործընթացը մեկ իմաստի է տանում՝ ռուս-իրանական տանդեմի դիրքերը շարունակում են ամրանալ, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ: Իսկ Իրան-ԱՄՆ եւ ՌԴ-ԱՄՆ պայմանավորվածությունների դեպքում ռուս-իրանական գործոնը հարավկովկասյան հարթակում դառնալու է գերիշխող: Ու երեւում է, որ անգամ Նիկոլն է դա հասկացել եւ փորձում է հարմարվել այդ նոր իրողություններին:
https://iravunk.com/sim/?p=310219&l=am/