Իրան-ԱՄՆ պատեերազմի փոխարեն` բանակցություններ
Վերլուծություն
Իրանական մի շարք աղբյուրներ համառորեն պնդում էին, թե Նեթանյահուն, այցելելով Թրամփին, քննարկելու է Իրանին ռազմական հարվածներ հասցնելու թեման, նաեւ, որ անգամ այդ պարագայում ԱՄՆ-ի հետ ամեն մի բանակցություն բացառվում է: Բայց ասել, թե իրանցի վերլուծաբանների այդ մտքերն ունեին հավանականության բարձր աստիճան, այնքան էլ տեղին չէր:
ԻՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ
Ու ահա Թրամփը, ընդունելով Նեթանյահուին, հանդես եկավ բոլորովին այլ հայտարարությանբ: Այն է՝ «Մենք ուղիղ բանակցություններ ունենք Իրանի հետ: Դրանք կմեկնարկեն շաբաթ օրը»: Ապա ԱՄՆ նախագահն ավելացրեց. «Ո՛չ ես, ո՛չ Իսրայելը չենք ցանկանում ներգրավվել հարձակման մեջ, եթե դրանից հնարավոր լինի խուսափել»:
Իրանական վերլուծական հանրությունը կրկին միանգամից «պայթեց» կարծիքների բազմազանությունից: Անգամ մի շարք միանգամայն ողջամիտ աղբյուրներ սկսեցին առաջ տանել թեզը, թե ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն էլ պետք չէ: Որ. «Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունն ուղղված է նաեւ համաշխարհային հասարակական կարծիքը շփոթեցնելու եւ Իրանի ժողովրդի մեջ Այաթոլլահ Խամենեիի նկատմամբ կասկած սերմանելուն»: Նաեւ, որ Խամենեին է վերջնական որոշում կայացնողը, Իրանի ժողովուրդը չի կասկածում իր առաջնորդի խոսքերին ու որոշումներին: Ապա նաեւ. «Դուք չեք տեսնի այս Թրամփի բանակցությունների սեղանը: Դուք քաղաքական արկածախնդիր եք՝ խաղամոլի խելքով… Առանց Այաթոլլահ Խամենեիի թույլտվության, ձեզ հետ ուղղակի բանակցություններ չեն կարող լինել»: Եվ այսպես շարունակ: Բայց ահա, այս աղմուկի վրա «սառը ջուր լցրեց» արտգործնախարար Արախչին՝ Х-ում գրելով. «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը կհանդիպեն Օմանում՝ բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար: Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ մարտահրավեր։ Գնդակը ամերիկյան դաշտում է»:
Մեկ բանում իրանցի փորձագետները ճիշտ են. որքան էլ որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում Իրանում կա ներքին խորը հակասություն, սակայն վերջնական որոշողը եղել եւ մնում է Գերագույն առաջնորդը: Ոչ մի ԱԳ նախարար, անգամ՝ նախագահը Խամենեիի խոսքից «թռնել» չեն կարող. այլապես շատ արագ գործ կունենան Հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այսինքն, եթե Արախչին ասում է՝ ոչ միայն բանակցել-չբանակցելու հարցը, այլ նաեւ օրն ու վայրը որոշված են, ապա դա նշանակում է, որ որոշումը կայացրել է հենց Գերագույն առաջնորդը: Ընդ որում, նման որոշում կայացնելը, օր ու վայր ընտրելը, դա երկրորդ կողմի հետ համաձայնեցնելը, իհարկե, հաշված ժամերի, անգամ՝ օրերի հարց չէ. դրա համար բավականին ժամանակ է պահանջում: Էլ չասած, որ պետք է նաեւ նախապես բանակցային օրակարգը գոնե ընդհանուր գծերով հստակեցնել: Մինչ այս քանիցս ենթադրել ենք, որ որքան էլ որ ԱՄՆ-ն ու Իրանը խոսում են գերբարձր տոնայնությամբ, անգամ՝ իրար հարվածելու բառապաշարով, սակայն «տակից» բանակցային գործընթաց կա: Ու միայն փաստը, որ Թրամփն ազդարարեց եւ Արախչին էլ՝ հաստատեց, որ հանդիպում լինելու է, արդեն իսկ հաստատում է այդ ենթադրությունը:
Ենթադրում էինք նաեւ, որ այդ գործընթացն ընթացել է ոչ առանց Մոսկվայի մասնակցությամբ: Եվ ահա, սպասվող հանդիպմանը զուգահեռ, Պեսկովը հայտարարեց՝ Ռուսաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նպաստելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու համար: Այսքանից զատ, նաեւ նկատի առնենք, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչները վերջին երկու օրերին Մոսկվայում խորհրդակցություններ էին անցկացնում Իրանի միջուկային ծրագրի, այն է՝ ԱՄՆ-Իրան հիմնական բանակցային թեմայի շուրջ: Ու իրադարձությունների այս ողջ համալիրը եւս հաստատում է, որ հիմնական միջնորդն ԱՄՆ-Իրան այս գործընթացներում Մոսկվան է, բայց նաեւ՝ Պեկինն այս ամբողջական խաղի մեջ է:
Այս ամբողջական իրավիճակից արդեն բխում է այլ հարց՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել այդ բանակցություններից: Թրամփը թեեւ միանգամայն բարձր նշաձող է սահմանել, բայց դա, թերեւս, ընդամենը նրա բանակցելու ոճն է՝ նախապես որքան կարող է դիմացինին սեղմել: Իրանն էլ արժանվույն այդ ճնշմանը դիմացավ, եւ հիմա ենթադրելի է, որ բանակցությունները կգտնվեն ողջամտության դաշտում: Այն է՝ իրականում Թրամփին երկու բան է պետք: Նախ, ապահովել Իսրայելի անվտանգությունը, ընդ որում այն մակարդակով, որ Իսրայելն էլ իրեն ապահովված համարի: Այն է՝ ստանալ միանգամայն հստակ երաշխիքներ, որ Իրանն իրականում էլ միջուկային զենք չի ցանկանում, եւ այստեղ է, որ Մոսկվայի միջնորդ-երաշխավորի դերն առաջին պլան է գալիս: Սա նվազագույնը եւ առավելագույնը կլիներ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունների որոշակի նորմալացումը՝ շահերի գոտիների հստակ սահմանմամբ: Բանակցություններում նվազագույնին հասնելու բոլոր հնարավորությունները միանշանակ կան: Այսինքն, եթե Իրանն իրեն ռուսական միջուկային հովանոցով պաշտպանված համարի, ապա սեփական միջուկային զենքի կարիքը պարզապես չունի, եւ կմնա միայն ամերիկացիներից պահանջել պատժամիջոցների վերացում: Իսկ թե այս նվազագույնից որքա՞ն հնարավոր կլինի առաջ անցնել, դա դժվար է ասել, չնայած` այստեղ կա նաեւ ժամանակի խնդիրը:
Երկրորդը, որը պետք է Թրամփին, դա սեփական դեմքը պահելով, կամ, եթե ավելի հարմար է, որպես «մեծագույն խաղաղարար» ներկայանալով, իրանական խնդրից ձերբազատվելն է: Բանակցային մինիմումին հասնելու դեպքում այս հարցը եւս լուծվում է:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀՆ ԱՐԴԵՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Իրականում, իրանական խնդիր հետ կապված լուծումը բավականին պարզ է: Եվ այն, որ տասնամյակներով լուծում չկար, կապված է մեկ այլ գործոնի հետ: Իրանական ուղղությունը Բրիտանիան սովոր էր համարել իր «պապենական բոստանը», ու ԱՄՆ-ն էլ, իհարկե, բացի իսրայելականից, պետք է նաեւ մտածեր բրիտանական նկրտումների մասին: Իսկ դրանք լայն հասկացություն էին՝ Բրիտանիան իրանական ուղղությունը դիտարկում էր նաեւ` որպես Ռուսաստանի հարավային շարժի դեմ պատնեշ ստեղծելու միջոց: Ընդգծենք, լայն շերտով Արեւելք-Արեւմուտք պատնեշ, որտեղ ընդգրկված էր նաեւ հարավկովկասյան տարածաշրջանը: Այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի», այլ անվանմամբ՝ «Թյուրքական միջանցքի» տեսքով պատնեշ, թուրք-ազերիական ներգրավմամբ: Եվ այն համառությունը, որով Բրիտանիան փորձում էր Հարավային Կովկասում Թուրքիայի ներգրավմամբ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, հենց այս գործընթացների համատեքստում էին:
Ու հիմա, իրանական ճգնաժամի լուծումը հեշտացել է նրանով, որ Թրամփի համար մնացել է միայն Իսրայելի թեման, իսկ Բրիտանիայի, ավելի կոնկրետ՝ բրիտանական գլոբալիստների հետ հարաբերությունները պատերազմական են: Այս թեման, իհարկե, գնում-հասնում է մինչեւ ուկրաինական պատերազմ, որին դեռ կհասնենք: Այս պահին ֆիքսենք հետեւյալը. եթե մեկնարկող բանակցությունները հնարավորություն տան կարգավորել ԱՄՆ-Իրան հակամարտությունը թեկուզեւ նշված նվազագույն մակարդակով, ապա մասնավորապես Հայաստանի համար դա կարելի է փրկության պես մի բան համարել:
ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ
Գլոբալիստական գործակալ Շտայնմայերին Հայաստան եւ Ադրբեջան գործուղելը, իհարկե, բրիտանական մի վերջին փորձ էր Հայաստանով «Թյուրքական միջանցք» ստեղծելու հետ կապված: Բայց այցը կարելի է ձախողված համարել. Ալիեւը նորից օրակարգ բերեց իր հայտնի նախապայմանները, որոնք Նիկոլը ոչ մի պարագայում իրականացնել չի կարող:
Ինչպես քանիցս ներկայացրել ենք, Հեյդարովիչը, իհարկե, շատ կցանկանար նման միջանցք ստանալ: Սակայն խաղադրույքները ծայրահեղ բարձր են. գործընթացը ռուս-ամերիկյան դաշտում է, որտեղ անգամ Իսրայելը, Իրանն ու Թուրքիան են երկրորդ պլանում, էլ ուր մնաց, որ Հեյդարովիչը փորձի սեփական խաղն առաջ տանել, որքան էլ որ լավ հարաբերություններ ունի Անկարայի եւ Թել Ավիվի հետ: Իրողությունը սա է՝ Հարավային Կովկասով կարող է անցնել կա´մ Հյուսիս-Հարավ, կա´մ՝ Արեւելք-Արեւմուտք աշխարհաքաղաքական գիծը: Այս պահին գերիշխող է Հյուսիս-Հարավի գործոնը՝ իր բոլոր չափորոշիչներով, եւ Ալիեւին մնում է միայն հետեւել այդ ընդհանրական գործընթացներին:
Ամեն դեպքում, դեռ անցած տարեվերջին Մոսկվայի հետ հարաբերությունները որոշակիորեն փչացնելով, ներկայումս ակնհայտ է, որ Ալիեւը սկսել է միանգամայն այլ ուղղությամբ գործել՝ փորձելով վերադառնալ կարգավորման դաշտ: Ամեն դեպքում, կան արտգործնախարարությունների մակարդակով շփումների կտրուկ ակտիվացում, եւ եթե պաշտոնապես հաստատվի մայիսի 9-ին Ալիեւի` Մոսկվա այցելելու մասին նախնական պայմանավորվածությունները, ապա դա կդառնա շատ ավելի հստակ ազդակ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների հետ կապված: Մյուս կողմից, ակտիվացել են նաեւ Բաքվի եւ Թեհրանի շփումները, օրակարգում է մնում Փեզեշքիանի Բաքու այցի թեման: Ակտիվ է նաեւ Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքի ադրբեջանական հատվածում ենթակառույցների շինարարության հարցը: Այսինքն, շատ նման է, որ Ալիեւը հստակ պատկերացնում է իրադարձությունների հնարավոր ընթացքը եւ հարմարվում է իրավիճակին:
Տարօրինակ է, բայց նման է, որ նաեւ Նիկոլն է սկսել հասկանալ նոր իրավիճակը: Ամեն դեպքում, գոնե այն աղմուկը, թե այսօր-վաղը ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, կարծես թե բավականին ժամանակ է, որ չի լսվում: Միաժամանակ զրոյական վիճակ է նաեւ «Դեպի Արեւմուտք» քարոզչության հետ կապված, եւ դա հասկանալի է: Մի կողմից, Գյումրիում արեւմտամոլների ջախջախիչ պարտությունն այլեւս խոսելու հնարավորություն չի տալիս, թե՝ ողջ ժողովուրդը երազում է արեւմտյան վեկտորի մասին: Մյուս կողմից էլ, նույն Եվրոպան է բացահայտ ասում, որ առնվազն մի հինգ տարի է պետք միայն վիզաների ազատականացման համար: Իսկ ընդհանրական իմաստով այն, որ ԱՄՆ-ն այս ուղղությամբ հետաքրքրություններ գրեթե չի ցուցաբերում, իսկ եվրոպացիներն էլ միայն իրենց գլխի ճարն են փորձում տեսնել, Նիկոլի համար դեռ ամիսներ առաջ էր դարձել ազդակ, որ այս ուղղությամբ «տերերն այլեւս թամբին չեն», եւ անելիք չունի:
Սրան զուգահեռ, դեռ այդքան էլ տեսանելի չէ, բայց որ կամաց-կամաց ակտիվացնում են ռուսական պաշտոնյաների հետ շփումները, դա էլ է փաստ: Ասենք, արդեն ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին հրավիրում են Հանրային՝ Դոնբասի թեմաներով խոսելու եւ այլն: ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի՝ օրերս հնչեցրած միտքն էլ կարելի է ազդակ համարել, որ Մոսկվան շարունակում է հայաստանյան թեման առաջնային տեղերում դիտարկել: Այսպես, ըստ Շվիդկոյի. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը»: Ու կարելի է հասկանալ, որ Պուտինի ներկայացուցիչն ամենեւին էլ միայն մշակութային համագործակցության մասին չէր խոսում:
Ամեն դեպքում, ի տարբերություն Ալիեւի, մայիսի 9-ին Նիկոլի Մոսկվա այցելելը պաշտոնապես հաստատված է: Ու եթե Ալիեւն էլ գնա, չբացառենք, որ կարող է ընդհուպ՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու թեմա առաջանա:
https://iravunk.com/sim/?p=310054&l=am/