Նիկոլի նոր դիրքային կորուստները` մոսկովյան այցին ընդառաջ
Վերլուծություն
Կիրակի օրը Գյումրիում եւ Փարաքյարում կայացած ընտրությունները, բացի տարաբնույթ հարցերի հետ կապված որոշակի պարզաբանումներից, նաեւ արտաքին քաղաքականության առումով երկու կարեւոր մեսիջ հղեցին: Առաջինը բխում է Նիկոլի ստացած ձայների քանակից, երկրորդը՝ Գյումրիում եվրոպամոլ ուժի պարտությունից: Խոսքը հետեւյալի մասին է:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՍԻՋ ԳՅՈՒՄՐՎԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Սկսենք երկրորդից: Ինչպես հայտնի է, ընտրարշավում ներգրավված էր «Եվրադաշինքը», որը գործնականում Հայաստանը դեպի ԵՄ տանելու գործընթացի գոնե տեսանելի նախաձեռնողներից կազմված ուժ էր: Այսինքն, հայտնի ստորագրահավաքը կազմակերպողները, որի հիման վրա էլ օրերս ՔՊ-ն ԱԺ-ում «դակեց» այդ որոշումն օրենքի տեսքով: Եվ ահա, այդ դաշինքը Գյումրիում ավելի քան 110 հազար գրանցված ընտրողների պարագայում ստացավ մոտ 2 հազարի կարգի ձայն: Այն է, գաղափարը, որով նրանք ներկայացան, արժանացավ ընտրողների ընդամենը մոտ 2 տոկոսի վստահությանը:
Ձեւականորեն կարելի է մտածել, որ ՔՊ-ի ձայները եւս ինչ-որ առումով արեւմտամետ ուղղվածության էին, հաշվի առնելով, որ, կրկնենք, այդ նախաձեռնությանն օրենքի շիրմա տվեց Նիկոլի թիմը: Բայց Նիկոլն էլ, ի դեմս ՔՊ-ի Սարիկի, ստացավ 17 հազարի կարգի ձայն, այն է՝ ընտրողների մի 15 տոկոսի չափ: Եթե շարժվենք ամենածայրահեղ տարբերակով, որ այդ 15 տոկոսն էլ արեւմտամետ ձայներ են, դրանց էլ գումարենք ծայրահեղ արեւմտամետական այն 2 տոկոսը, էլի 20 տոկոսի չի հասնում: Իսկ ահա Փարաքյարում պատկերն էլ ավելի վատ էր, այնտեղ անգամ նման արեւմտամոլական ուժ չէր մասնակցում: Հետեւությունը սա է. գոնե այն տեսքով արեւմտյան վեկտորը, որն առաջ են տանում տարաբնույթ զավենիչները, ու «պեչատում» է Նիկոլը, Հայաստանում 20 տոկոսանոց վարկանիշ անգամ չկարողացավ հիմնավորել: Իհարկե, կարելի է հակազդել, թե ամենեւին էլ բոլոր ընտրողները չէ, որ մասնակցել են քվեարկությանը: Բայց եթե անգամ բնակչության մոտ կեսն անտարբերություն է ցուցաբերել, ապա դա նշանակում է, որ նրանք անտարբեր են նաեւ «դեպի Եվրոպա» գաղափարի հանդեպ:
Կարճ ասած, փաստը սա է՝ «դեպի Եվրոպան» ամենաշքեղ գնահատումներով հանրության 20 տոկոսին հազիվ է հետաքրքրում: Իսկ ավելի ռեալ, բոլորն են հասկանում, որ Նիկոլի ձայների առյուծի բաժինը վարչական ռեսուրսի հետեւանք է, մնացած մասի մեջ էլ արեւմտամոլների քանակը, այսինքն` նրանց, որ Նիկոլին ձայն են տվել նման «եվրոպական» քաղաքականության համար, չնչին թիվ է: Այսինքն, ռեալ ունենք հազիվ մի 2-3 տոկոս մարդկանց քանակություն, որոնք «դեպի Եվրոպային» ինչ-որ արժեք տալիս են: Ու ահա, այս իրողության պարագայում, Նիկոլն աշխարհի աչքին Հայաստանից սարքել է արեւմտամետական ինչ-որ կերպար, որի պատճառով, հիշեցնենք, թեկուզեւ տնտեսական ուղղվածության (դեռ քաղաքականն էլ մի կողմ թողնենք) միանգամայն լուրջ հարվածներ ենք սկսել ստանալ ռուսական բեւեռից: Սրանից բխող իրողություններին դեռ կվերադառնանք: Մինչ այդ` երկրորդ մեսիջը:
Փաստը սա է՝ Նիկոլը ստացավ մոտավորապես 15 տոկոսի չափով ձայն: Նախ, Հայաստանի հյուսիսային հատվածում, երկրորդը՝ Երեւանում (Փարաքյարը դժվար է Երեւանից տարանջատել): Ու այն դեպքում, երբ Իլհամ Հեյդարովիչը երկու ոտքը դրել է մի մաշիկի մեջ ու Նիկոլից Սահմանադրություն փոխել է պահանջում: Սակայն ահաբեկչության աստիճանի հասած վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ 15 տոկոս վարկանիշ ի ցույց դնելու պարագայում հանրաքվեի եւ Սահմանադրություն փոխելու մասին մտածելն աբսուրդի ժանրից է: Բայց եթե Սահմանադրություն չփոխես, ապա Ալիեւի հետ խոսելու բան արդեն պարզապես չկա, եթե Նիկոլը ցանկանում է հարաբերությունները շարունակել ներկայիս երկկողմ ձեւաչափով: Այն է՝ առավելագույնը այդ ձեւաչափով հայտարարվեց, թե կա «խաղաղության պայմանագրի» վերջնական տարբերակ: Բայց ահա, դրանից հետո հասել են Սահմանադրության փակուղուն: Ամեն դեպքում, հազիվ էին այս ընտրությունների արդյունքները հայտնի դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, միգուցե նաեւ Նիկոլի ռեալ հնարավորությունները հաշվի առնելով, հերթական անգամ նույն պահանջը կրկնեց: Թե՝ «Պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջնականապես շրջելու եւ կայուն խաղաղության հաստատման համար: Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից»:
ԻՆՉ Է ՀԵՅԴԱՐՈՎԻՉԻ ՈՒԶԱԾԸ
Այսինքն, Նիկոլը փորձեց ամեն ինչ թողնել ապագայի վրա, թե՝ 2027թ.-ին հանրաքվե կանի: Բայց ահա Բաքուն համառորեն պահանջում է՝ անմիջապես: Ասել, թե Ալիեւը չի գիտակցում, որ Նիկոլից անհնարինն է պահանջում, միամտություն կլիներ: Այսինքն, որ այդ պահանջով նա շարունակում է սեղմել օղակը, դա էն գլխից էր հասկանալի: Ու այս ամենը նորից գալիս է նույն պարզ հարցին՝ իսկ ո՞րն է Հեյդարովիչի ուզածը:
Ալիեւի իրական պահանջը, իհարկե, նույն բանի մասին է՝ «Զանգեզուրի միջանցքի»: Կարող է պարադոքս թվալ, բայց Նիկոլին էլ քանիցս առաջարկել է բացել այդ ճանապարհը եւ, վերջին անգամ Ալիեւին հրապուրելով ընդհուպ՝ Թուրքիա անարգել անցման հնարավորության խոստումներով: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Ալիեւը չի համաձայնվում այդ առաջարկներին, դրանից ավել ի՞նչ է ուզածը:
Իհարկե, կա այն բացատրությունը, թե Բաքուն ցանկացել եւ ցանկանում է ռազմական ինտերվենցիան Սյունիքում: Սակայն դա ամենեւին էլ կապ չունի՝ Նիկոլի հետ ինչ-որ թուղթ կստորագրի՞, թե՝ ոչ: Սա ռեալ հնարավորության հարց է՝ կարողացավ, լինի ստորագրված թուղթ, թե՝ չլինի, կգնա նման քայլի: Ասենք, նիկոլականները եւս դա խոստովանում են՝ քանիցս տարբեր մակարդակներով հայտարարելով, թե անգամ «խաղաղության պայմանագիրը» իրական խաղաղության հարցում վերջնական երաշխիք չի տալիս: Այսինքն, որ Ալիեւը նման ինտերվենցիա չի փորձում, ապա բացատրությունն աչքի առաջ է՝ դրա ռեալ հնարավորություն չի տեսնում, եւ դա, միանշանակ, կապված է այն բազմակի մեսիջներից հետո, որոնք քանիցս եկել են ինչպես Թեհրանից, այնպես էլ՝ Մոսկվայից: Ընդ որում, Ալիեւի դիրքորոշման վրա ազդող գործոն չէ անգամ այն, թե Նիկոլն ինչ տրամադրվածություն ունի եւ դեպի ուր է տանում Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները: Այսինքն, հասկանում է, որ ռուս-իրանական այդ մեսիջները եւս Նիկոլի դիրքորոշումը հաշվի չեն առնում. նման ինտերվենցիա թույլ չեն տա` անկախ Նիկոլի ասածներից կամ արածներից: Իմաստային առումով՝ այս նկատառումով. ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանը Ադրբեջան-Սյունիք-Թուրքիա գիծը համարում են Ռուսաստանին Իրանից բաժանող պատնեշ, ռազմավարական, ավելին՝ անվտանգային ծանր հարված, ու անկախ ամեն ինչից, դրա դեմը կառնեն:
Ընդ որում, Ալիեւի սպասելիքները, թե ռուս-իրանական գործոնը կարող է հանկարծ թուլանալ, որը նրա համար կդառնա շանս, նման է, որ չի աշխատում: Իհարկե, Բաքվին նաեւ հազիվ թե ռեալ հույսեր ներշնչեն այն հրապարակային սրացումները, որոնք նկատվում են Իրան-ԱՄՆ հարաբերություններում: Անգամ այն դեպքում, երբ Թրամփը մի գլուխ Իրանին սպառնում է «նախադեպը չունեցող ռմբակոծություններով», Թեհրանն էլ արձագանքում է տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները հողին հավասարեցնելու մասին խոստումներով: Չնայած դրան, հիմնականում լուրջ փորձագիտական աղբյուրները շարունակում են չնչին համարել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմը, եւ անգամ ռուսական գործոնը հաշվի չառնելով: Մինչդեռ ռուսական գործոնն էլ իրականում կա, եւ այն ներկա պահին երկու կողմերի համար առավել քան լուրջ է, որին դեռ կհասնենք:
Ահա այս իրավիճակում ասել, թե Ալիեւն այն միամիտն է, ով կարող է չափազանց մեծ հույսեր կապել հակաիրանական ուղղվածության՝ Ադրբեջան-Իսրայել-ԱՄՆ դաշնության մասին խոստումների հետ, իհարկե, քիչ հավանական է: Առավել եւս, հաշվի առնելով նաեւ մյուս դաշնակցի մոտ՝ Թուրքիայում առկա իրավիճակը: Փաստը, որ միայն Ստամբուլում այս կիրակի Էրդողանի դեմ մոտ 2,2 միլիոն մարդ դուրս եկավ, իհարկե, հերթական վկայությունն է, որ ներթուրքական իրավիճակը շարժվում է դեպի գերսրացում: Առավել եւս, որ այդ հաջողության հիման վրա ներթուրքական ընդդիմությունը սկսել է Էրդողանի հրաժարականի եւ նոր ընտրությունների պահանջով միանգամայն տպավորիչ գործընթաց: Կհաջողվի՞, թե՝ ոչ, այս պահին անգամ դա չէ ամբողջ խնդիրը: Այլ այն, որ ամեն դեպքում դա ներթուրքական հարթակում շարունակական ցնցումային գործընթաց է ենթադրում, որը, անկախ մյուս բոլոր գործոններից, իր հերթին է սահմանափակում Ալիեւին պետք եղած դեպքում օգնության հասնելու Էրդողանի հնարավորությունները:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ահա այս իրավիճակում Ալիեւի համար «Զանգեզուրի միջանցք» ասվածը, իհարկե, դառնում է էլ ավելի մշուշոտ երազանք: Բայց նաեւ, այն սխեման, որը Նիկոլն առաջարկում է, իր հերթին է Ալիեւի համար մնում անցանկալի: Այն իմաստով, որ առանց ռուսական մասնակցության այդ ծրագիրը չի ստացվում, իսկ Նիկոլի առաջարկում ռուսական մասնակցությունը մնում է անտեսված: Կարճ ասած, եթե հնարավոր չէ «Զանգեզուրի միջանցք»՝ այդ տերմինի ալիեւյան պատկերացմամբ, ապա դրա միակ այլընտրանքը Բաքվի համար միանշանակ նոյեմբերի 9-ի սխեման է: Ու քանի դեռ Նիկոլը չի վերադարձել այդ ուղղություն, Ալիեւի ճնշումները, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելու մասով, ինչպես քանիցս ենթադրել ենք, շարունակվելու են՝ Նիկոլին տանելով ավելի ու ավելի խորացող փակուղի:
Մյուս կողմից էլ, իհարկե, պատահական չէ, որ տարբեր արտաքին ուժեր, այդ թվում՝ ռուսներն ուշադրությամբ հետեւում էին Գյումրու ընտրություններին, որքան էլ որ այն համայնքային էր: Այստեղ երկու փաստ ֆիքսվեց. այն իրական արեւմտամետությունը, որը կա Հայաստանում եւ Նիկոլի վարկանիշը: Երկու փաստն էլ Նիկոլին դարձնում են շատ ավելի խոցելի՝ էլ ավելի սահմանափակ քայլերի հնարավորություններով, թեեւ առանց այդ էլ լուրջ փակուղային վիճակում էր: Իսկ առջեւում՝ մայիսի 9-ին, չմոռանանք, մոսկովյան այց կա:
https://iravunk.com/sim/?p=309390&l=am/