Շատ նման է, որ ռուսները սպասում եւ պատրաստվում են Սիրիայի մասնատմանը
Վերլուծություն
Թեեւ Էրդողանն արդեն մոտ 1500-ի չափ ընդդիմադիրներ է բռնել, սակայն ներթուրքական կրքերն այդպես էլ չեն դադարում թուլանալ: Ավելին, ընդդիմության գործելաոճը գնալով միայն ավելի բացահայտ է վերածվում «գունավոր հեղափոխության»՝ դրա բոլոր բաղկացուցիչ տարրերով հանդերձ: Իսկ դա նշանակում է, որ կա արտաքին ամուր թիկունք, դրսից ֆինանսավորվող ներթուրքական մի քանի «շարասյուն», այդ թվում՝ իշխանական օղակներում, լրատվական դաշտում եւ այլն:
ԷՐԴՈՂԱՆԻ ՓԱԿՈՒՂԻՆ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Այն, որ Էրդողանն իրավիճակը լուրջ է համարում, գալիս է հուշելու թեկուզեւ այն փաստը, որ նա որոշեց խաղի մեջ ներքաշել նաեւ վահաբիստական խմբավորումներին՝ որպես իրեն աջակցող ժողովուրդ: Բայց սա վտանգավոր քայլ է եւ նշանակում է, որ միայն ոստիկանության վրա արդեն հույսեր չի դնում: Այսինքն, ինչպես մեկնաբանում է միանգամայն տեղեկացված իրանական աղբյուրը. «Այս արմատականների համար տարբերություն չկա, թե ով է իրենց առջեւում՝ սուննի, ալեւի, շիա, թե քրիստոնյա: Փողի համար նրանք պատրաստ են դավաճանել անգամ սեփական մայրերին»: Այսինքն, չկա որեւէ երաշխիք, որ «սեփական մայրերին» դավաճանելու պատրաստ այս խմբավորումները նաեւ ամենավճռական պահին Էրդողանին չեն դավաճանի, եթե միայն ավելի շատ փող տվող լինի: Իսկ նման արտաքին ուժեր հաստատ կգտնվեն:
Գումարած դրան, հասունանում են այն կարգի արտաքին խնդիրներ, որոնք, անկախ այն բանից՝ Էրդողանին կհաջողվի՞ ճնշել այս «հեղափոխությունը», թե՝ ոչ, նրա համար նաեւ հեռանկարային առումով են շատ լուրջ խնդիրներ առաջացնում: Բայց այդ պատկերն ավելի հստակ տեսնելու համար, նախ նայենք, թե ինչպես են երկու առանցքային խաղացող՝ Ռուսաստանն ու Իրանը, գնահատում ներթուրքական իրավիճակը: Ռուս հայտնի փիլիսոփա, ազգայնական թեւի ներկայացուցիչ Ալեքսանդր Դյուջինի գնահատմամբ՝ Էրդողանը մի քանի խորը քաղաքական սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքում էլ հայտնվել է այս վիճակում: «Ամենակարեւորը, Էրդողանը մի քանի խորը քաղաքական սխալներ է թույլ տվել. «Ամենակարեւորը նա աջակցեց Դամասկոսում իշխանության զավթմանը ալ-Ջուլանիի զինյալների կողմից: Սա ճակատագրական սխալ է, քանի որ դրանով Էրդողանը լուրջ, հնարավոր է՝ անուղղելի հարված է հասցրել ռուս-թուրքական եւ իրանա-թուրքական հարաբերություններին։ Էրդողանին օգնության չեն գա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը…»: Թե ինչու Էրդողանը գնաց նման քայլի, Դուգինը բացատրում է. «Այս ձախողումները՝ սիրիական եւ տնտեսական, ԵՄ-ի եւ գլոբալիստների հետ Էրդողանի մերձեցումը, նրա շփումները MI6-ի հետ՝ այս ամենը Էրդողանին մղում է ծուղակը»: Ահա այս սխալներից հետո է, որ՝ «Էրդողանը որոշեց, որ ամեն ինչ վատ է իր համար, եւ որ պետք է բանտարկել իր ամենաակտիվ հակառակորդ Իմամօղլուին, որը Սորոսի մարդն է, որին աջակցում են գլոբալիստները»:
Այսպիսով, ըստ Դուգինի. « Էրդողանը մնացել է առանց ընկերների, քանի որ ինքն էլ բազմիցս դավաճանել է բոլորին»: Դավաճանեց ԱՄՆ-ին՝ գլոբալիստների հետ խաղի մեջ մտնելով: Ապա դավաճանեց նաեւ գլոբալիստներին՝ «Սորոսի մարդուն» բանտ ուղարկելով: Դավաճանեց Իրանին ու Ռուսաստանին, ու թեեւ նրա դեմ այս պահին պայքարողները կարող են ավելի վտանգավոր լինել, մեկ է. «Մենք չենք կարող աջակցել նրան»,- ընդգծում է Դուգինը:
Նույն կարգի մոտեցում եկավ նաեւ Իրանից: Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսված զանգվածային ցույցերը, ասել է. «Մենք մտադիր չենք միջամտել մեր հարեւանների ներքին գործերին»: Նույն բանը կրկնեց արտգործնախարար Արախչին՝ թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում: Ըստ իրանական որոշ աղբյուրների, Ֆիդանը զանգահարել էր՝ քաղաքական աջակցության խնդրանքով, եւ, բնական է, ստացավ մերժում:
Այս պատկերը եւս մեկ հաստատումն է այն բանի, որ «երկու աթոռի վրա» խաղալու Էրդողանի սովորությունը նրան պարզապես հասցրել է աշխարհաքաղաքական փակուղու: Ու եթե հույս ուներ, որ կարող է դրանից դուրս գալ՝ իր ծառայություններն առաջարկելով «հավատարիմ դաշնակից» ներկայացող գլոբալիստներին, բայց ահա, «Սորոսի մարդուն» բռնելով, նա նաեւ այդ ուղին փակեց: Ամեն դեպքում, գլոբալիստական բարձրաստիճան կատարածու, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բաերբոքը նախօրեին միանգամայն պարզ մեսիջ հղեց Էրդողանին. «ԵՄ-ին միանալու Թուրքիայի ջանքերը հատկապես ապարդյուն են թվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ մյուսների ձերբակալության լույսի ներքո»:
Չնայած Ֆիդանը մեկնել է Վաշինգտոն, փորձելու է կազմակերպել Էրդողանի հետ Թրամփի հանդիպումը: Անկարան հնարավորություն ունի՞ Թրամփին խոստանալ մի բան, որից նա չի կարող հրաժարվել, դա եւս կարեւոր հարց է:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Իհարկե, շատ հավանական է, որ Էրդողանը կկարողանա ուժային մեթոդներով ճնշել ներքին ընդդիմությանը: Ամեն դեպքում, երեկ նա մինչեւ իսկ սրճարան էր այցելել՝ ցույց տալու համար, թե որեւէ մտահոգություն չունի: Ընդդիմությունն էլ որոշել է անցնել «պայքարի այլ մեթոդների»: Սակայն այն գլոբալ փակուղին, որին այս պահին բախվել է, հեռանկարային իմաստով նրան բարդ ժամանակներ են խոստանում:
Առավել եւս, որ մինչ թուրքական իշխանությունները կենտրոնացել են ներքին խնդիրների եւ դրանցից ելք որոնելու վրա, ընթանում են մի շարք խոշոր գործընթացներ, որոնք ամենամոտ ժամանակներս կարող են ռեալ փաստի առաջ կանգնեցնել: Նախ, կարծես թե ձախողվեց Սիրիայի հետ կապված ծրագրերից մեկը՝ թուրքական խոշոր բազա տեղակայել երկրի կենտրոնական հատվածներում՝ Պալմիրայի գոտում: Սրանով Անկարան ծրագրում էր կտրուկ ավելացնել ռազմական վերահսկողությունը Սիրիայի հարավային եւ արեւելյան ուղղություններով՝ Իսրայելի հետ սերտ համագործակցող դրուզների եւ քրդերի ուղղությամբ: Բայց ահա, իսրայելյան ավիացիան նախօրեին բառացիորեն ոչնչացրեց այդ երկու ռազմաբազաները, որտեղ թուրքերը պատրաստվում էին տեղակայվել: Իհարկե, խնդիրն այստեղ շենք-շինությունները չեն, այլ բուն փաստը. Թել Ավիվը պարզապես ցույց տվեց, որ կգնա ցանկացած քայլի, եթե թուրքական ուժերը մտնեն այդ գոտի: Սրանից զատ, ինչպես տեղեկացնում են իսրայելական որոշակի աղբյուրներ, վերջին օրերին Նեթանյահուն ռազմական ուղղվածության մի քանի հատուկ նիստեր է գումարել, որտեղ քննարկվել են անհրաժեշտության դեպքում թուրքական ուղղությամբ սրացումների գնալու հարցը: Այդ տենդենցները զգացվում են նաեւ իսրայելյան լրատվական դաշտում: Օրինակ, «Աբերի 12» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ»: Այսինքն, որ՝ Ասադի ռեժիմի հեռացումից հետո Անկարան կդառնա Թել Ավիվի գլխավոր խնդիրը: Վերջապես, որ. «Սիրիայում Թուրքիային չեզոքացնելու» մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանում է:
Եվ եթե նորից հիշենք, որ այս ամենի վերջնանպատակը Քուրդիստանի ստեղծումն է, ապա այս պատկերը սկսում է խոսել այն մասին, որ Սիրիայի մասնատման գործընթացի մեկնարկը գործնականում տրված է: Թերեւս հաշվի առնելով, որ այն կասեցնելու՝ Թուրքիայի հնարավորություններն այս պահին հնարավորինս նվազագույնին են հասցված:
Ահա այս ֆոնին, այլ միանգամայն ուշագրավ փաստեր եւս ի հայտ եկան, որոնք եւս պետք է որ Էրդողանին մտածելու լուրջ առիթ տան: Այն է՝ Ասադի տապալումից ի վեր առաջին անգամ ռուսական զորքերը սկսել են բացազատվել Սիրիայի ափամերձ Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայի շրջակայքում գտնվող քաղաքներում: Լուրը հաստատելով, իրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է. «Ռուսական բանակը մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ: Բախումների ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա նահանգի Խմեյմիմ ավիաբազայի մերձակայքում գտնվող Խիրբեթ ալ-Աշար, Ալ-Քուբայիսիա եւ Բահդարմու բնակավայրերը: Մեծ հավանականությամբ, այս պատկերը կարող է կրկնվել նաեւ Տարտուսում: Պաշտոնապես, այս գործողությունների պատճառը ալավիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունն է: Կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ռուսական ուժերի գործողությունը կարող է ընդլայնվել»: Աղբյուրը նաեւ պնդում է, որ Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարությունը պատրաստակամություն է հայտնել «պաշտպանել ահաբեկիչների վայրագություններից փախչող խաղաղ բնակիչներին, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն հակաքայլեր, այդ թվում՝ ռազմական պատասխան»: Իսկ ահա այլ աղբյուրներ ակնարկում են, որ Մոսկվայից լուրջ նախազգուշացում է հղվել սիրիական ներկա ահաբեկչական «իշխանություններին»՝ չփորձեք հակազդել, քանի որ կլինի միանգամայն ծանր պատասխան: Հաշվի առնելով նաեւ ռուսական նավատորմի ներկայությունը, դա միանգամայն իրատեսական է:
Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ ռուսական ուժերը որոշեցին ինչ-որ ֆունկցիա ստանձնել տեղի բնակչության հանդեպ, ինչը ռուսական ռազմաբազաների գործառույթների մեջ չի մտնում: Պատասխանը, թերեւս, աչքի առաջ է. սա, ըստ էության, հայտ է, թե մենք այստեղ ենք եւ հեռանալ չենք պատրաստվում: Ավելին, այս տիրույթը վերցնում ենք վերահսկողության տակ: Թե դա ինչ ընթացք եւ հետեւանքներ կարող է ունենալ, դեռ կհասնենք: Սակայն բուն փաստը եւս մեկ մարտահրավեր է Էրդողանին: Ավելի ճիշտ, եւս մեկ ազդակ, որ ռուսները եւս սպասում են եւ պատրաստվում Սիրիայի մասնատմանը:
https://iravunk.com/sim/?p=308815&l=am/