«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ
Վերլուծություն
Մի խոսքով, որ Թուրքիան կանգնած է բուռն իրադարձությունների շեմին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308694&l=am), որոնցից դժվար է ասել, թե Էրդողանն ինչպես է դուրս գալու, դա հաստատ է: Ամեն դեպքում, այն ցնցումները, որոնք այս պահին կան, նաեւ «փոքր եղբոր»՝ Ադրբեջանի համար պետք է որ իրեն ավելի հանգիստ պահելու ազդակ դառնա: Եվ այն, որ թուրքական այս զարգացումների հետ մեկտեղ, սահմանային կրակոցների մասին Բաքվից եկող հայտարարությունները սկսեցին պակասել, կարելի է հասկանալ:
Ալիեւին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, նաեւ Նիկոլի դիրքերն է պետք հասկանալ: Այսպես, համառորեն մի կողմից՝ «խաղաղության պայմանագրից» է խոսում, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ սահման բացելուց: Բայց, չնայած ներքին խառը վիճակին, Թուրքիայից՝ Էրդողանի հասարակության հետ կապերի վարչությունից հարկ համարեցին եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել՝ ոչ մի հայ–թուրքական սահմանի բացում: Կարելի է հասկանալ. թեեւ Անկարայի համար «Զանգեզուրի միջանցք» ունենալը հրապուրիչ է, բայց, ինչպես քանիցս ենք նկատել, եթե դա տանելու է Մոսկվայի հետ ուղիղ հակամարտության, ավելի լավ է այդ մասին չմտածել: Առավել եւս, այս խառը ժամանակներում, երբ չգիտես էլ, թե գլխիդ ինչ կարող է գալ: Արդյունքում, եթե անգամ Նիկոլի մոտ հույսեր դեռ մնացել էին, սակայն ներկա իրավիճակում թուրքական ուղղության հետ կապված հաշվարկները կարելի է անորոշ ժամանակով փակված համարել:
Նույնքան անորոշ է մնում նաեւ ադրբեջանական ուղղությունը: Որքան էլ որ Ալիեւը «խաղաղության համաձայնագիր» կոչվածը համարեց ավարտված, սակայն Սահմանադրության մասին նախապայմանն օրակարգում է: Իսկ Սահմանադրություն փոխել Նիկոլն այս պահին պարզապես չի կարող՝ ցանկացած նման հանրաքվե վերածվելու է իր հանդեպ վստահության հանրաքվեի, եւ ներկա` «պլինտուսից ցածր» վարկանիշը նման քայլի գնալու որեւէ շանս չի տալիս: Արդյունքում, նա հայտարարեց Սահմանադրությունը 2027թ.-ին փոխելու ծրագրերի մասին, որը, ըստ էության, նշանակում է այդ գաղափարից հրաժարվել: Այսինքն, մինչեւ 2027թ.- ը նախ Նիկոլը կետք է կարողանա վերարտադրվել, եւ այստեղ մեծ հարցականներ կան: Էլ չասած, որ աշխարհում այն վիճակն է, որ մինչեւ 2027թ.-ը հաստատ շատ բան կարող է գլխիվայր շրջվել:
Բայց վերադառնանք Ալիեւին: Նրան այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածն առհասարակ պե՞տք է. բացարձակ: Ավելին, իմաստային առումով, նման փաստաթուղթը ոչ մի դեր չունի: Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ չեն եղել, որ մի հատ էլ՝ «խաղաղության պայմանագիր» կնքեն: Իհարկե, կան միջպետական հարաբերությունների հետ կապված որոշակի հարցեր, ասենք՝ սահմանազատում, դեսպանատներ, հաղորդակցության ուղիներ եւ այլն: Բայց դրանք որեւէ կապ չունեն «խաղաղության պայմանագրի»` լինել-չլինելու հետ: Ու չմոռանանք, որ անգամ նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդած փաստաթղթերը որեւէ «խաղաղության պայմանագիր» չէին նախատեսում, այլ սահմանում էին ընդամենը կոնկրետ պայմանագրերով նշված միջպետական հարցերի լուծում:
Ըստ այդմ, ի սկզբանե «խաղաղության պայմանագիր» կոչվածը որեւէ նշանակություն չուներ նաեւ Մոսկվայի համար: Նա պարզապես մտավ այդ արհեստական խաղի մեջ՝ օրակարգ բերելով իր տարբերակը՝ ի հակակշիռ արեւմտյան տարբերակի: Սակայն այդ արեւմտյան կամ «Բրյուսելի ձեւաչափի» մասին վաղուցվանից խոսք անգամ չկա, վերջին պաշտոնյան, ով փորձում էր նման պայմանագիր կնքել տալ, Բլինքենն էր, ով եւս արդեն արենայում չէ: Թրամփի վարչակազմից էլ միայն ընդհանրական բնույթի մտքեր են հնչել կովկասյան տարածաշրջանում «խաղաղության անհրաժեշտության» մասին, բայց թե ինչ պայմանագրով, ու այնտեղ ինչ կլինի գրված, ոչ մի բառ:
Եվ Մոսկվան էլ, բնական է, այլեւս էական հետաքրքրություն չի ցուցաբերում Ալիեւի ու Նիկոլի երկկողմ «խաղաղության պայմանագրի» հանդեպ: Ավելին, եթե դա որոշակի հանգուցալուծումներ է սահմանում հարավկովկասյան տիրույթում, ապա այս պահին նման փաստաթուղթը Մոսկվայի համար անգամ անցանկալի է: Այս պահին ընթանում է աշխարհաքաղաքական գոտիների վերահսկողության վերաբաժանման գործընթաց, եւ եթե հարավկովկասյան ուղղությունը ամերիկացիներն այդ պայմանավորվածությունների արդյունքում զիջեն Մոսկվային, ապա վերջինիս համար ավելի ցանկալի կլինի «մաքուր էջից» գրել այն ամբողջական կառուցվածքը, որը նպատակահարմար կգտնի այս տարածաշրջանում:
Այն տպավորությունն է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածն այս պահին պետք է միայն Նիկոլին: Նա է, որ արդեն որերորդ տարին է, որ քաղաքական գոյությունը «բացատրում» է «խաղաղության պայմանագիր» կոչված իրականում անպետք թղթով, եւ անգամ դա ձեռքին չունենալով, դժվար է ասել, թե ինչպես է գնալու արդեն գործնականում աչքի առաջ գտնվող հերթական ընտրություններին: Ու երբ խոսում է միայն 2027թ.-ին հանրաքվե անելու մասին, ապա դա եւս ակնարկ է, որ արդեն նույնիսկ Նիկոլն այդ «խաղաղության պայմանագրի» հետ կապված հույսեր չունի:
Իհարկե, Նիկոլը դեռ շարունակում է Եվրոպա խաղալը, թեեւ արդեն նրա ԱԳՆ-ն է խոստովանում, որ անգամ վիզաների ազատականացման հարցով որեւէ ռեալ տեղաշարժ չկա: Եվ այն, որ մնում է միայն Մոսկվայում «խաղաղության պայմանագիր» կնքելու տարբերակը, բայց նաեւ՝ ոչ այն մեկը, որը համաձայնեցրել են, թերեւս, արդեն անգամ նիկոլյան թիմն է սկսել պարզ հասկանալ:
https://iravunk.com/sim/?p=308696&l=am/