ԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԻՑ, ԱՅՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Վերլուծություն
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կալանքի որոշումից հետո Թուրքիայում իրավիճակն էլ ավելի բուռն սրացումների գնաց: Այսինքն, մինչ այդ որոշումը դեռ հարցական կար՝ Էրդողանը կանցնի՞ այդ կարմիր գիծը: Անցավ: Ու արդեն ընդդիմադիր ուժերի կողմնորոշվելու հերթն էր՝ կա´մ պետք է մինչեւ վերջ գնալ՝ փորձելով արդեն այս պահին հասնել իշխանափոխության: Կա´մ, եթե նահանջեն, գալիք ընտրություններին Էրդողանն ուղղակի կամ միջնորդավորված կվերարտադրվի, ու այդ ընթացքում մինչեւ վերջ կոչնչացնի ցանկացած ընդդիմություն:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Այսպիսով, մեկ բան այս պահին հաստատ է՝ ներթուրքական պայքարը մտավ մի փուլ, որտեղ արդյունքը մեկն է՝ կողմերից մեկի ամբողջական հաղթանակը եւ մյուսի ոչնչացումը: Այն է՝ թուրքական ընդդիմությունը, անկախ բազում այլ, այդ թվում՝ արտաքին գործոններից, պարզապես ստիպված էր ընդունել մարտահրավերը, որն էլ տեսանելի դարձավ Իմամօղլուի կալանքի որոշմանը հաջորդած սրացումների տեսքով: Առավել եւս, որ Իմամօղլուն եւս կոչ արեց իր կողմնակիցներին՝ համատարած «պայքարել իրենց իրավունքների համար» եւ դուրս գալ բողոքի ակցիայի. «Սա այն օրն է, երբ մենք պետք է պատասխանատվություն կրենք ազգի կամքը գողացողների համար եւ մասնակցենք իրավունքների համար պայքարին»: Արդյունքում, կտրուկ սրվել են ցուցարարների եւ իրավապահների բախումները, փողոց դուրս եկող մարդկանց քանակությունը, անգամ մի շարք դեպքերում պետական հաստատություններ սկսել են աջակցել ընդդիմադիրներին: Բայց այս ամենը, իհարկե, դեռ բավարար չէ Էրդողանին «թախտից գցելու» համար, ով պարզ հասկացնել է տալիս, որ պատրաստ է անգամ բանակը գործադրել՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելու համար:
Սակայն, իհարկե, կան նաեւ այլ գործոններ, որոնք էլ անկանխատեսելի են դարձում, թե ինչ հետագա ընթացք կունենա թուրքական այս «հեղափոխությունը»: Նախ, տնտեսական իրողություններն ակտիվ փլուզման ուղղությամբ են զարգանում: Իմամօղլուի կալանքից հետո եւս մեկ ծանր հարված ստացավ թուրքական լիրան՝ գերազանցելով իր պատմական նվազագույնը: Կտրուկ անկումը շարունակվում է նաեւ ֆոնդային համակարգում: Հաջորդը, թուրքական իրողությունների վրա կարող է էական ազդեցություն թողնել երկրում բավականին մեծ տարածվածություն ունեցող ահաբեկչական համակարգը, որը, որքան էլ սերտ է Էրդողանի ռեժիմի հետ, բայց նաեւ շատ դեպքերում ունի արտաքին ֆինանսավորում, եւ մեծ հարց է, թե ինչ ուղղությամբ կաշխուժանա:
Վերջապես, ինչպես իրեն հարգող ամեն մի «հեղափոխության» դեպքում, այստեղ եւս ամենակարեւորներից մեկն արտաքին գործոնն է: Եվ ահա այստեղ է, որ որոշակի հետաքրքիր նյուանսներ նկատվում են: Այսպես, Իմամօղլուի կալանավորման ֆոնին Թրամփի` Մերձավոր Արեւելքի բանագնաց եւ Իսրայելի հետ բարեկամ Սթիվ Ուիտկոֆն ասել է, որ ինքը «հիանալի հանդիպում» է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եւ որ «լավ նորություններ են գալիս Թուրքիայից»: Միաժամանակ Իլոն Մասկը փակել է մի շարք թուրք ընդդիմադիր էջերն X սոցիալական ցանցում: Այսինքն, կարող է տպավորություն ստեղծվել, որ Թրամփից Էրդողանի ուղղությամբ աջակցության մեսիջներ են գալիս: Եվ դա կարող է որոշակի տրամաբանություն ունենալ, հաշվի առնելով, որ հակաէրդողանական այս շարժման թիկունքին կարելի է նաեւ նկատել եվրոպական լիբերալների շունչը. խոշոր հաշվով, դեռ Բայդենի ժամանակներց սկսած, թուրքական ընդդիմությունը լիբերալների հետ ամենասերտ գործակցությունն ուներ: Եվ այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, կարող է նման աջակցության մասին ակնարկ լինել: Հաշվի առնելով, որ, ինչպես գնահատել է տեղյակ աղբյուրներից մեկը, բրիտանական այդ ցույցերն ընթացան «ոստիկանության բարեհաճ հայացքի ներքո»:
Բայց, իհարկե, սա նախնական տպավորությունն է, որը պարտադիր չէ, որ «անվերապահ ճշմարտություն» լինի: Նախ, Էրդողանը եւս ոչ պակաս սերտ կապերի մեջ է Լոնդոնի հետ, այդ թվում՝ բրիտանական հետախուզության: Ավելին, այն բոլոր գործընթացները, որոնք նկատվեցին եւ նկատվում են Սիրիայում, իրենց հերթին են խոսում այդ կապերի առկայության եւ ակտիվության մասին:
Եվ մյուս կողմից էլ, շատ ավելի տրամաբանական տեսք կունենար, որ Թրամփը հայտնվեր հակաէրդողանական դիրքերում, թեեւ նա եւս մշտապես խոսել է Թուրքիայի նախագահի հետ «լավ հարաբերությունների» մասին: Այսինքն այն, որ այս պահին Թուրքիայում ընթացող ցնցումներն առաջին հերթին միանգամայն ձեռնտու են Իսրայելին, որը, ի դեպ, նաեւ այդ ամենը կազմակերպելու բոլոր հնարավորություններն ունի, նկատել են բազում հեղինակավոր փորձագետներ: Շատ պարզ պատճառով. Իսրայելի համար ակնհայտորեն շարունակում է առաջնային մնալ Սիրիայի հիմքի վրա Քուրդիստանի ստեղծումը, որի դեպքում տարածաշրջանային ընդհանուր բալանսը կտրուկ փոխվում է Թել Ավիվի օգտին: Եվ, ընդհակառակը, դա Թուրքիան մասնատելու միանգամայն տեսանելի ու շոշափելի հեռանկար է առաջացնում: Այն, որ էրդողանական Թուրքիան եղել եւ մնում է Քուրդիստանի ստեղծման թիվ 1 եւ գործնականում անհաղթահարելի խոչընդոտը, դա եւս փաստ է: Հաջորդը. հասկանալի է, որ այս պահին կա Քուրդիստանի ստեղծման հարցում «բաց պատուհան», որը կարող է շատ արագ փակվել եւ միգուցե երկար տասնամյակներով այն պահին, երբ Մոսկվան, Վաշինգտոնը եւ Պեկինը գլոբալ պայմանավորվածությունների կգան: Կարճ ասած, հենց հիմա է պահը: Իսկ ներթուրքական ցնցումները, եթե անգամ չտապալեն Էրդողանին, կարող են գոնե այնպիսի բուռն ցնցումների (այդ թվում՝ տնտեսական) հիմք դառնալ, որ սիրիական հարթակում Թուրքիայի դիմադրողականությունն էապես կնվազի:
Իսկ այն, որ Թրամփն իր բոլոր քայլերով կանգնած է բացառապես Իսրայելի պաշտպանության դիրքերում եւ անգամ խոսում է Մեծ Իսրայել ստեղծելու ծրագրերից, գալիս է ավելորդ անգամ հուշելու, թե Էրդողանի հետ հակամարտությունում Վաշինգտոնի նախասիրությունները որոնք են լինելու:
ԱՄՆ-ԻՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
Իսկ ահա պաշտոնական Մոսկվան եւ Թեհրանը հանգիստ սպասում են հետագա զարգացումներին:
Մոսկվայի այդ լռությունը, Թուրքիայի եւ Սիրիայի հետ կապված, իհարկե, պատահական չէ: Ընթանում է ԱՄՆ-ի հետ բուռն բանակցային գործընթաց, որի ժամանակ Վաշինգտոնից մի շարք հարցերում զիջումների հասնելու սպասելիքներ կան Մոսկվայում: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան էլ իր հերթին պետք է զիջումներ անի այլ ուղղություններում, որտեղ առանձնապես սպասելիքներ չունի: Ավելին, եթե խորը նայենք, Քուրդիստանի ստեղծումը, այն էլ՝ Թուրքիայի թուլացման հաշվին, նաեւ Մոսկվայի համար կարող է ապագայի հաշվարկով բավականին ձեռնտու լինել:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս, իհարկե, այս պահին շատ ավելի կենտրոնացած է սեփական խնդիրների վրա, քան տարածաշրջանային ընդհանուր զարգացումներն են: Նախ, լրջորեն սրվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ օրակարգային դարձնելով ռազմական ուղիղ բախման հավանականության հարցը: Ավելին, պրոիրանական ուժերը, այդ թվում՝ եմենական հուսիթներն արդեն իսկ բախվում են ամերիկացիների հետ: ԱՄՆ-ն տարածաշրջան է բերել երկրորդ ավիակիրը, որը, ըստ պտտվող հիմնական վարկածի, Իրանի վրա ճնշումն ավելացնելու միջոց է:
Բայց այստեղ մեկ մեծ հարցական կա, թե իրանա-ամերիկյան բախումը որքանո՞վ է ռեալ, եւ ամերիկյան այդ ավիակրային երկու նավախմբերն իրականում Իրանի դե՞մ են ուղղված: Նախ, Թեհրանը գնաց այնպիսի կտրուկ քայլերի, ինչպիսիք են Մեծ Թունբ, Փոքր Թունբ եւ Աբու Մուսա կղզիներում ժամանակակից զենքեր եւ հեռահար հրթիռներ տեղակայելն է, որը, փաստացի, նշանակում է նշանառության տակ վերցնել Օրմուզի նեղուցը՝ սպառնալով պետք եղած պահին փակել նավթի փոխադրման համաշխարհային այդ առանցքային ուղին: Եվ այն գլոբալ տնտեսական հետեւանքները, որ դրանից կարող է առաջանալ, հազիվ թե ԱՄՆ-ին պետք է: Բացի այդ, Իրանի կարգի պետության հետ ընդամենը երկու ավիակրային նավախմբով պատերազմ չես սկսի: Ճիշտ է, տարածաշրջանում կան նաեւ այլ ամերիկյան ուժեր, կա նաեւ Իսրայելի աջակցությունը: Սակայն առանց հսկայական ցամաքային ուժերի Իրանի դեմ պատերազմելը պարզապես իրատեսական չէ: Առավել եւս, որ Իրանն ի ցույց է դրել զինատեսակներ, որոնք ի զորու են ծանր վնասներ հասցնել ամերիկյան նավախմբերին եւ տարածաշրջանի ցանկացած կետում: Առավել եւս, որ անգամ բրիտանական MI6-ի նախկին ղեկավար Ջոն Սեյրեսն անգամ այն մտքին է, որ. «Ամերիկայի հզորությունն այն չէ, ինչ նախկինում էր, եւ միաբեւեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է»:
Այսքանից զատ, Իրանի դեմ պատերազմը հաստատ կզրոյացնի այն բոլոր հարաբերությունները, որոնք Թրամփը փորձում է ձեւավորել Մոսկվայի հետ: Հաշվի առնելով այն կարեւոր նշանակությունը, որն Իրանը եւ, խոշոր հաշվով, հարավային ուղղությունը ձեռք է բերել Ռուսաստանի համար:
ՈՒՄ ԴԵՄ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԸ
Կարճ ասած, եղել եւ շատ փոքր է մնում հավանականությունը, որ Թրամփն Իրանի դեմ պատերազմ կսկսի: Այդ դեպքում կա այն հարցը, թե ամեն ինչ ֆինանսական հաշվարկի տանող Թրամփն ինչո՞ւ է երկրորդ ավիակիրը տարել-հասցրել Կարմիր ծով:
Բայց հարցին այս կողմից կարելի է մոտենալ. իսկ ամերիկյան բանակն ինչո՞վ է զբաղված այս պահին տարածաշրջանում: Պատասխանն աչքի առաջ է՝ Իսրայելի պաշտպանությամբ: Իսկ Իսրայելի թիվ 1 խնդիրն այս պահին մնում է Սիրիա-քրդեր ուղղությունը, այն է՝ Թուրքիան, այլ ոչ թե Իրանի հետ կործանարար ուղիղ բախումը:
https://iravunk.com/sim/?p=308694&l=am/