Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դեմ մահափորձի կազմակերպիչ, «շիզոֆրենիա» ախտորոշում ունեցող Իվան Կիսլովը հատուկ հիվանդանոցից դուրս գալուց հետո աշխատել է Խաբարովսկի երկրամասի մանկապարտեզում որպես դռնապան։ Ճակատագրի հեգնանքով հենց այդպես էր տղամարդը ներկայացել 1993թ., երբ նրան բռնեցին դանակը ձեռքին եւ բերման ենթարկեցին Ստարայա հրապարակում գտնվող պետության ղեկավարի վարչակազմի շենքի տանիքից: SHOT-ին հայտնի է դարձել, որ Կիսլովի գտնվելու վայրը ներկայում անհայտ է։
Telegram-ալիքը հիշեցրել է, որ 1993-ի սկզբին Կիսլովը Մոսկվա է եկել Խաբարովսկից, որտեղ նա ծրագրում էր մահափորձ կազմակերպել Բորիս Ելցինի դեմ՝ «ԽՍՀՄ փլուզման վրեժ լուծելու համար»։ Դրա համար նա երկու ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել կապարե գնդիկներով, սակայն ինքնաշեն պայթուցիկները թրջվել են, եւ դրանք պայթեցնելն անհնար է դարձել։ Այնուհետեւ Կիսլովը որոշել է մահափորձ իրականացնել գրենական դանակով։ Ահաբեկիչը մի քանի օր փնտրել է մայրաքաղաքի կառավարական շենքերը, իսկ հետո պարզել, թե որտեղ է ապրում նախագահը։
Հունվարի 27-ին Կիսլովը բարձրացել է կառավարական շենքերից մեկի ձեղնահարկ եւ դարան մտել։ Սակայն նա ապարդյուն է սպասել. այդ պահին Բորիս Ելցինը աշխատանքային այցով Հնդկաստանում էր։ Շուտով «դռնապանին» հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները։ Նա փորձել է ներկայանալ որպես տեղացի բանվոր, սակայն նրան չեն հավատացել։ Քանի որ Կիսլովն իր հետ ունեցել է զինգրքույկ, նրան տեղափոխել են զինդատախազություն։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ծրագրել է մահափորձը, եւ նրան ուղարկել են Խաբարովսկի հատուկ հիվանդանոց, որտեղ տղամարդն անցկացրել է 12 տարի։ 2006թ. ԽՍՀՄ աջակիցն ազատ է արձակվել։
SHOT-ին հայտնի է դարձել, որ 2020թ. Խաբարովսկի թիվ 184 մանկապարտեզում մարդ է աշխատանքի ընդունվել որպես դռնապան՝ ամսական վեց հազար ռուբլի եկամուտով։ Սակայն հաստատությունից հայտնել են, որ այդ անձը ներկայում իրենց մոտ չի աշխատում։ Միաժամանակ, 2023թ. շիզոֆրենիկը բանկերից մեկում հաշիվ է բացել՝ թոշակը հավաքելու համար, ու հետքերը կորել են։ Նրան շարունակում են հսկել հոգեբուժարանում, սակայն 66-ամյա Իվան Կիսլովի բնակության վայրը հայտնի չէ։