Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում
Մշակութային
60 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի ամուսինը: Նրա անժամանակ մահը մեծ կորուստ է թե՛ թատրոնի, թե՛ ընդհանրապես՝ հայ մշակույթի համար։
«ՓՆՏՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆ, ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴ… ՄԵՆՔ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԵՑԻՆՔ»
Արա Դեղտրիկյանն իր ստեղծագործական ավելի քան 4 տասնյակ տարիների ընթացքում անմոռանալի հետք է թողել հայկական թատրոնում ու կինոյում՝ իր փայլուն խաղով, անսահման էներգիայով, հուզական խորությամբ ու բարձրարվեստ վարպետությամբ: Նրա կերտած կերպարները՝ Պաղդասարը, Մարգարը, Արշակը, Ժեւակին, Միշան, Վարդգեսը, Մակբեթը, Հայրոն, Թորգոմը, Բրունոն, Հեռմանը, Բռիլիանտովը, Պինյոնը, Ազատը եւ այլք, դեռ երկար կմնան հայ հանդիսատեսի հուշերում եւ հավերժ կապրեն հայ թատրոնի պատմության էջերում:
«Արայիկը մեր այսօրվա հերոսն է, նա այն բացառիկ դերասաններից է, ով առաջինը խաղաց Անդրանիկ Զորավարի դերը, որին հետեւեցին մի շարք այլ դերեր: Այնուհետեւ բանակ, ինստիտուտ ու կրկին թատրոն, որտեղ մենք ճակատագրով կապվեցինք: Նա փնտրված դերասան է, կարգին մարդ: Շատ եմ ուզում, որ նրա հետ երկար աշխատենք, քանի որ նա թատրոնում դեռ շատ անելիքներ ունի»,- ուղիղ 10-ը տարի առաջ այս խոսքերով նրա 50-ամյակը շնորհավորեց ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:
«ԴԱՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ ԵՄ, ՈՐՏԵՂ ԿԱ ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ...»
Խոստացել էր. «Եթե ողջ լինեմ, մասնակցելու եմ «Իրավունք»-ի 100-ամյակին»: «Իրավունք» թերթի էջերում հաճախ կարելի էր գտնել Արա Դեղտրիկյանի հարցազրույցները, թեպետ վերջին տարիներին հրաժարվում էր խոսել… Երկրին պատուհասած ավերի ու կորուստների ցավով տապակված արվեստագետն այլեւս սիրտ չուներ խոսելու մշակույթից…
«Ապրում ենք մի սարսափելի պատմական ժամանակահատված: Այնպիսի ազգային միասնություն, ինչպես այսօր է մեզ պետք, երեւի, չենք ունեցել ոչ մի ժամանակ: Պիտի միանան նույնիսկ նրանք, որոնք քաղաքական ինչ-ինչ հայացքներ են ունեցել, մոլորված ու թյուրիմացության մեջ են եղել, որպեսզի կարողանանք լուծել մեր առջեւ չոքած բազմաթիվ խնդիրներ: Եվ առաջին հերթին պետք է զբաղվել մեր գերիների վերադարձավ: Պետք է սթափվե՛լ, ուշքի՛ գալ», - 44 օրյա պատերազմից հետո՝ կոչ էր անում Դեղտրիկյանը:
Իսկ պատերազմից առաջ նրա հետ մեր զրույցները մշակույթի մասին էին: Դեղտրիկյանն «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծորեն ասում էր, որ շատ անգամ առանձնապես չի հիանում թատերական նորարություններով. «Ինչ-որ ծուռ ներկայացումներ են ցուցադրում, արդեն այդ բոլոր նորարարություններից հոգնել ենք: Հասկանում եմ` նոր շունչ էլ է պետք, բայց եթե այդ ամենը շատ արդարացված է: Ի վերջո, ես դասական թատրոնի կողմնակիցն եմ, որտեղ կա դերասան, որտեղ զգում ես բեմադրիչի ձեռագիր, որտեղ կա սիրտ ու հոգի...»:
Նս մի վառ օրինակ էր, թե ինչպիսի անկեղծություն ու նվիրում կարելի է ունենալ արվեստի մեջ, ինչպես կարող է դերասանը ոչ միայն խաղալ, այլեւ ապրել իր ազնիվ կերպարով։
«Երկար տարիներ ծառայել եմ հայ թատրոնում եւ միշտ փորձել եմ ինձ բաժին հասած դերը պատվով կատարել: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի հանդիսատեսին, չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը եւ ջերմ ծափահարությունները»,- ասում էր Դեղտրիկյանը:
«ԱՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԺՊԻՏ ՈՒՆԵՐ՝ ՃԻՇՏ ԱՐԵՎԻ ՊԵՍ…»
Օրինակելի ամուսին էր, սիրասուն հայր եւ բացառիկ պապիկ: Քաղաքականությունում եւ մշակույթում Արա Դեղտրիկյան եւ Կարինե Աճեմյան ներդաշնակ զույգին շատերն էին նախանձում: Կյանքի հարվածներն ու դժվարությունները հաղթահարեցին միասին՝ ունենալով ամուր ընտանիք պահելու իրենց բանաձեւը:
«Շատ մեծ քաղցրություն են մեզ համար թոռնիկները: Ճիշտ է, մեզնից հեռու են բնակվում, բայց մեր օրը սկսվում է Արեգով: Սկայպը փրկում է, ամենաքաղցր ժամանակահատվածն է, որ ուզում ես գրկել, սիրել: Երջանկություն են նրանք մեր` իմ, կնոջս, աղջկաս կյանքում», - առանձնակի ոգեւորությամբ էր խոսում Դեղտրիկյան պապիկը՝ թոռների մասին:
«Մեծ ցավով ընդունեցի համակուրսեցուս`ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի մահվան լուրը։ Բացառիկ տաղանդավոր արտիստ, անփոխարինելի ընկեր, լուսավոր մարդ, արվեստի մեծ նվիրյալ … Խոր վշտով ցավակցում եմ նրա տիկնոջն ու դստերը՝ իմ հարազատներ՝ Կարինե Աճեմյանին ու Մանանին… Ափսոս… Ամենաներդաշնակ, սիրառատ ու ջերմ ընտանիքներից մեկը… Աստծով մխիթարվեք… Թող Արայի նվիրած սերն ու ջերմությունը որպես լույս ապրի ձեր սրտերում… Արան բացառիկ ժպիտ ուներ՝ ճիշտ արեւի պես, ու երբ ժպտում էր լուսափայլ ջերմություն էր սփռում… Աստծո փառահեղ արքայության մեջ ապրի հոգին… Արա Դեղտրիկյան արտիստի անփոխարինելի տեսակը միշտ վառ կմնա նրա խաղընկերների եւ հանդիսատեսի սրտերում…», - գրում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին՝ ժամը 11:00-13:00-ն, նույն վայրից:
«Իրավունք»-ը խորին ցավակցություն է հայտնում տիկին Աճեմյանին, դստերը՝ Մանանին եւ Դեղտրիկյանի բոլոր հարազատներին, խաղընկերներին, Պարոնյան թատրոնի ողջ անձնակազմին՝ այս ցավալի կորստի կապակցությամբ։ Արա Դեղտրիկյանի անունը, նրա արվեստը, նրա ներդրումը հայկական թատրոնում չի մոռացվի երբեք։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=308168&l=am/