ԹՐԱՄՓԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼ
Վերլուծություն
Ավելի նման է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված նորից խաղարկվում է ալիեւանիկոլյան «հին ու բարի» «պասերով խաղը» (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308158&l=am): Բաքվի կողմից ճնշման իմիտացիա, որը ներհայաստանյան հարթակում հասցնում են հիսթերիայի մակարդակի, եւ դրանից հետո Ալիեւը հերթական նվերն է ստանում: Թեեւ մյուս կողմից էլ տարածաշրջանում լարվածությունն իրոք էական սրացումների է հասել, եւ լիովին բացառել, որ այստեղ այլ բնույթի խաղերի հետ գործ ունենք, իհարկե, սխալ կլիներ:
Հիմնական փաստն այս պահին այն է, որ նկատելիորեն աճել են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ սրացումները: Ճիշտ է` դեռ հիմնականում հուսիթներին հասցվող ամերիկյան հարվածների տեսքով: Սակայն իրողությունը, որ Իսրայելը շարունակում է հրահրել թրամփյան ԱՄՆ-ի մեծ բախում Իրանի հետ, դա էլ չի կարելի աչքաթող անել:
Այսպես, գնալով միայն ակտիվանում են եմենցի հուսիթների հետ ամերիկյան բախումները: Ընդ որում, Վաշինգտոնն արդեն բացահայտ է խոսում, որ ի դեմս հուսիթների, կռիվն իրականում Իրանի դեմ է: Օրինակ, պետքարտուղար Ռուբիոյի խոսքով. «Իրանը ստեղծեց այս սարսափելի հրեշին (հուսիթների «Անսար Ալլահին»- Հեղ.), եւ այժմ նա պետք է պատասխան տա դրա համար»: Ու ահա այս ֆոնին, Իսրայելը նոր մասշտաբային հարձակում սկսեց Գազայում: Իմաստը կարելի է կռահել. հուսիթները, ինչպես մշտապես խոստացել են, վերականգնում են Իսրայելին ուղղված հարվածները, որն էլ ամերիկյան ուժերին պահում է նույն հուսիթների հետ բախումների մեջ:
Եվ սրան զուգահեռ, Իսրայելը մեկ այլ ճակատ եւս բացեց: Այսպես, սիրիական ահաբեկիչ «իշխանությունները», որոնք որքան էլ որ ներկայանան թուրքական կամակատարների տեսքով, բայց իրականում հիմնական ֆինանսավորումը ստանում են իսրայելյան խողովակներով: Եվ ահա, վերջին օրերին այդ ահաբեկչական ուժերը ակտիվորեն փորձում են ներխուժել Լիբանան: Իսկ այն, որ Իսրայելն իր հերթին Լիբանանում սկսեց բացահայտ հարվածների շարքը, իր հերթին գալիս է հստակեցնելու, թե սիրիական ահաբեկչական ուժերն իրականում ում խաղի մեջ են: Արդյունքում, բախումների մեջ է սկսել ներքաշվել «Հեզբոլլահը», որին էլ հետեւեց Թրամփի այն հայտարարությունը, թե կհարվածի անխտիր այն բոլոր ուժերին, որոնք, իր պատկերացմամբ, որեւէ վտանգ են սպառնում Իսրայելի համար:
Այսպիսով, շատ նման է, որ ԱՄՆ-ն արագորեն Մերձավոր Արեւելքում ներքաշվում է ընդհանուր պատերազմի մեջ, թեեւ սա կարող է լրջագույն խնդիր դառնալ Թրամփի վարչակազմի համար: Այսինքն, մի կողմից այն հիմնական հիմնախնդիրներն են, որոնց հետ նա ստիպված է բախվել: Այն է՝ ներամերիկյան եւ եվրոպական հարթակում մահացու պայքարը լիբերալների հետ, ուկրաինական դեռ չլուծված հակամարտությունը, Չինաստանի հետ հարցերը, ԱՄՆ-ի ֆինանսական ծանր վիճակը եւ այդպես շարունակ: Եվ դրան էլ սկսում է գումարվել Մերձավոր Արեւելքի նկարագրված վիճակը: Ամեն դեպքում, անգամ Թրամփին մոտ կանգնած համեմատաբար չեզոք աղբյուրներն այս իրավիճակից լավ հոտ չեն առնում: Օրինակ, Թակեր Կառլսոնի գնահատմամբ. «Հարկ է նշել, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը գրեթե անկասկած կհանգեցնի հազարավոր ամերիկացիների մահվան Մերձավոր Արեւելքի բազաներում եւ Միացյալ Նահանգներին տասնյակ միլիարդավոր դոլարներ կարժենա: Ամերիկյան հողի վրա ապագա ահաբեկչական գործողությունների արժեքը կարող է էլ ավելի բարձր լինել։ Սա ենթադրություն չէ: Սրանք Պենտագոնի սեփական գնահատականներն են: Իրանի դեմ ռմբակոծությունը պատերազմ կսկսի, եւ դա կլինի Ամերիկայի պատերազմը»,- նկարագրում է նա՝ դիմելով Թրամփին. «Թույլ մի տվեք, որ քարոզիչները ձեզ ստեն»: Եվ դա միանգամայն տրամաբանական կոչ է, հաշվի առնելով, որ խաղաղության քարոզների հիման վրա իշխանության վերադարձած Թրամփի համար թե ինչ կնշանակի «հազարավոր մահացած ամերիկացիների» դիերն ԱՄՆ հասցնելը, միանգամայն հասկանալի է: Հիշեցնենք, ներամերիկյան հիշատակված ծանր պայքարը հաշվի առնելով:
Ընդ որում, այսքանից հետո ասել, թե ԱՄՆ-ն երաշխավորված կերպով կարող է գլուխն ազատել ուկրաինական խնդրից՝ Մերձավոր Արեւելքի վրա կենտրոնանալու համար, դա էլ տեղին չէ: Չնայած ԱՄՆ-ից եկող լավատեսական հայտարարություններին՝ ուկրաինական պատերազմը «առաջիկա շաբաթներին» վերջացնելու մասին, չնայած Պուտինի հետ Թրամփի ունեցած հերթական կապին եւ ռուս-ամերիկյան բանակցություններին, իրականում ուկրաինական խաղատախտակին իրավիճակը շարունակում է միայն թեժանալ: Նախ, Կիեւը երեկ փորձեց ցույց տալ, թե դեռ իր հարձակողական ընդունակությունները չի կորցրել՝ հարձակում սկսելով Բրյանսկի մարզի հատվածում՝ Կուրսկի ռազմական գոտուց մի փոքր հարավ: Ճիշտ է, անհաջող, սակայն դա եւս խոսում է Կիեւում առկա տրամադրությունների մասին:
Իսկ ահա ռուսական կողմը ուրվագծում է մի շարք մասշտաբային օպերացիաներ, ավելին, դրանց նախնական փուլն արդեն ընթացքի մեջ է: Նախ, Կուրսկի իրավիճակից հետո ռուսները սպառնում են Սումի մարզ մասշտաբային ներխուժմամբ, եւ արդեն իսկ սկսել են ուրվագծվել «Կաթսաների» տանող որոշ ուղղությունները: Ուկրաինական կողմը, որ առանց այդ էլ իր մի շարք լավագույն ստորաբաժանումներ թողեց Կուրսկի «մսաղացում», այս պահին արագորեն դատարկում է ճակատային այլ հատվածները՝ Սումը պաշտպանելու համար: Արդյունքում, ռուսները կտրուկ ակտիվացել են ընդհանուր ռազմաճակատի հակառակ հատվածում՝ Զապորոժիեում, որտեղ բավականին հաջող հարձակում է զարգանում: Կրկին ակտիվացել են կենտրոնական Դոնբասում՝ Պոկրովսկի հատվածում, որտեղ ուկրաինական կողմը մոտ մեկ ամսվա չափ հակահարձակման փորձեր էր ձեռնարկում եւ շատ լուրջ կորուստներ ունեցավ: Ռուսները միանգամայն հեռանկարային հարձակում են սկսել նաեւ հյուսիսային Դոնբասում՝ Կրամատորսկ-Սլավյանսկի հանգուցային ուղղությամբ, որը միաժամանակ սպառնում է շրջապատել Սեւերսկի ողջ ճակատը: Այս ամենը միաժամանակ է արվում, եւ մեծ կասկածներ կան, որ ուկրաինական ռեզերվները կբավարարեն:
Իհարկե, դեռ հասկանալ է պետք, թե ինչ արդյունավետություն ունեցավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, կա՞ն որոշակի վերջնական պայմանավորվածություններ: Բայց մեկ էական բանակցային առավելություն Պուտինը ստացավ. եթե ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արեւելքում աջուձախ հարվածներ հասցնել, ապա ինչո՞ւ է Մոսկվայից պահանջում՝ կանգնեցնել այդքան հաջող հարձակումները: Իսկ եթե պետք է պայմանավորվել, ուրեմն դա կարող է լինել միայն կոմպլեքս տեսքով:
https://iravunk.com/sim/?p=308159&l=am/