ՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄ
Վերլուծություն
Աշխարհում տիրող այս խառը օրերին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307748&l=am) Նիկոլը շարունակում է իրեն, մեղմ ասած, «տարօրինակ» պահել: Դրա դրվագներից մեկն էլ կարելի է համարել թուրքական լրատվամիջոցներին տված աղմուկ հանած հարցազրույցը:
Թե ինչ է Նիկոլը փորձում քարոզել թուրքական հարթակում, այն էլ՝ հայաստանյան հարկատուների հաշվին մեր երկիր բերելով թուրք լրագրողներին, կարելի է կռահել: Վերջին ժամանակներս նա մի գլուխ փորձում է Ալիեւին համոզել, թե պետք է բացել Ադրբեջանի հետ երկաթուղին՝ փորձելով շահագրգռել, թե դա կդառնա նաեւ Ադրբեջանից Թուրքիա հասնող ուղի: Եվ նման է, որ դրանից հետո մեկ այլ «հանճարեղ» մտքի է եկել՝ փորձել այդ գաղափարը քարոզել թուրքական հարթակում, թերեւս հուսալով, որ Էրդողանը կկարողանա ազդել Հեյդարովիչի վրա:
Ամեն դեպքում, նույն ոճի մեջ էր նաեւ թուրքական ուղղությամբ Նիկոլի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը, ով թուրքական «NTV»-ի հետ հարցազրույցում հասել էր լացակումածության աստիճանի, թե՝ «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում», «Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում», «առանց որեւէ նախապայմանի», միայն թե «Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա»: Այսինքն, եթե այդքան խնդրում-աղաչում են, իսկ Թուրքիան տեղից էլ չի շարժվում, նշանակում է մեկ բան՝ «Թուրքիան այդ կամքը» չունի:
Վերջապես, հնդկական WION-ին տված հարցազրույցում նույն մտքերն է համառորեն առաջ տանում Միրզոյան Արոն: Բնականաբար, խոսքը նրա այդքան սիրելի «Խաղաղության խաչմերուկի» մասին է, որից նա, չնայած Ալիեւի բացահայտ ծաղրին, այդպես էլ չի կարողանում հրաժարվել: Հա, նաեւ համոզում է. «Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին»: Նաեւ, թե շարունակվում են բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման եւ մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ:
Ու մեկ է, ո´չ Ադրբեջանից եւ ո´չ էլ Թուրքիայից այդպես էլ հուսադրող պատասխան չկա ու չկա: Եվ ասել, թե թուրք լրագրողներ Հայաստան բերելով եւ նույն մտքերն ավելորդ անգամ քարոզելով, կարող են ինչ-որ արդյունքի հասնել, երեւի արդեն իմաստ էլ չունի: Այսինքն, Նիկոլն ու իր թիմն այդպես էլ ի զորու չեն մեկ պարզ փաստ գիտակցել՝ իրենց խնդրել-աղաչելով չէ, որ Ալիեւը կամ Էրդողանը կարող են նման քաղաքական որոշում կայացնել: Ավելին, քանիցս ասելու առիթներ ունեցել ենք, որ Հայաստանով անցնող երկաթուղու, այն է՝ «Թյուրքական միջանցքի» ծրագիրը եղել եւ մնում է թուրք-ազերիական տանդեմի երազանքների գագաթնակետը, եւ եթե համարեն, որ կարող են այդ ուղին բացել եւ մարսել, ապա Նիկոլի այդ խնդրանքներին էլ չէին նայի՝ կբացեին եւ վերջ:
Չնայած, այս տարիներին Նիկոլը գոնե պետք է կռահեր, որ եթե Ալիեւ-Էրդողանը, ասենք նաեւ բրիտանացի Ռիչարդ Մուրն այդքան երազում են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ երկաթուղու եւ այլ միջոցներով կտրել ՌԴ-ի եւ Իրանը կապը, բայց այդպես էլ դրան դեռ չեն կարողանում հասնել, ապա պատճառը շատ ավելի խորքային է, քան Նիկոլի ուզել-չուզելը: Ու այդքանից հետո, երբ շարունակում է թուրք-ազերիներին արդեն այսքան բացահայտ հրավիրել Հայաստան, ապա ավելի նման է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, անգամ հաշվի չառնելով այն հերթական ցեղասպանությունը, որը Թուրքիան սարքեց սիրիական ալավիների գլխին, Նիկոլը սկսել է գնալով ավելի ու ավելի հակվել այն մտքին, թե կարող է Էրդողանի հետ, այսպես ասենք, գործ բռնել:
Թե ինչու, թերեւս նորից մեծապես կախված է ներկա իրողություններից: Մասնավորապես, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերն աչքի առաջ աճում է, դա միայն ամենավերջին «կույրը» չի տեսնում: Նաեւ, որ սարերի հետեւում չէ ուկրաինական պատերազմի ավարտը, որից հետո Մոսկվայի հիմնական ուշադրությունն ուղղվելու է դեպի հարավ: Էլի շատ պարզ պատճառով. Եվրոպայի հետ ներկա հակամարտությունը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար կշարունակվի, եւ հարավային ուղղությունը Ռուսաստանի համար դառնում է հիմնական: Ու, ինչպես նաեւ «չար լեզուներն» են համառորեն շշնջում, Մոսկվայի հետ «լեզու գտնելու» հարցում Նիկոլը մի շարք լուրջ խնդիրների է բախվել: Այդ թվում՝ լոնդոնյան ծագման, մոսկովյան ծագման, թեհրանյան ծագման եւ այլն: Ու երեւի հասել է այն մտքին, թե Էրդողանը կարող է այդ խնդիրների լուծման բանալի լինել:
Բայց էլի «մոռանում» են գոնե իրենք իրենց նույն հարցը տալ՝ իսկ Էրդողանը, այն էլ ներկա իրավիճակում, պատրա՞ստ է Ռուսաստանի հետ ուղիղ բախման գնալ, ինչքան էլ որ դա նրա ընկերոջ՝ Մուրի երազանքների թվում է… Եվ այն, որ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչն արձագանքեց, թե Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան», իսկական ապտակ էր Նիկոլին` այս վերջին ազգադավության հետ կապված։
Ի դեպ, նաեւ Զելենսկին համառորեն չի ուզում աթոռը կորցնել: Բայց ի՞նչ կարող է անել…
Եվ Նիկոլը որոշեց զանգել Մոսկվա, թե` երազում է Կարմիր հրապարակի շքերթին մասնակցել: Բայց մինչ այդ դեռ այլ հարցեր պետք է լուծի` գոնե Ասադի հարեւան սենյակի հավակնելու համար:
https://iravunk.com/sim/?p=307749&l=am/