ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՍԻՐԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Վերլուծություն
Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, իհարկե, լիովին համապատասխանում է ցեղասպանություն ասվածի չափանիշներին: Այն է` մարդկանց սպանում են ազգային եւ կրոնական պատկանելիությունից ելնելով: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ հաշված օրերի ընթացքում սպանվել է ամենահամեստ հաշվարկներով 10 հազարից ավել մարդ, հիմնականում խաղաղ քաղաքացիներ՝ կանայք, երեխաներ, ծերեր: Բայց հարցի այս իրավական կողմից զատ, կա նաեւ քաղաքականը, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքականը. ուր է տանում այս ամենը:
ԻՍԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՎ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ
Իհարկե, պարզ տեսանելի է նաեւ, թե ով է այս ամենի թիկունքին կանգնած: Օրերս ի հայտ եկան հստակ ապացույցներ, որ Լաթաքիայում ալավիների զանգվածային սպանություններին մի շարք դեպքերում առնվազն ներկա են եղել, օրինակ, այսպես կոչված «Սուլեյման շահ» գումարտակի զինյալները: Սա հիմնականում թուրքամաններից կազմված ստորաբաժանում է, որը գտնվում է թուրքական հետախուզության բացահայտ ղեկավարության տակ: Անգամ այդ գումարտակի ստորաբաժանումներին կցված են թուրք կուրատորներ: Ասենք միայն այն, որ Սիրիան զավթած ահաբեկչական խմբավորումը, որին հիմա սիրիական իշխանություն են անվանում, գործում է Թուրքիայի բացահայտ հովանավորությամբ, արդեն ամեն ինչ ասում է: Խոշոր հաշվով Էրդողանն է, որ «Ալ Քաիդայի»` քանիցս անվանափոխված այդ խմբավորման ղեկավարի հետ պաշտոնական պայմանագրեր է կնքում, նրան ողջունելու վազեցին եվրոպական տարբեր առաջնորդներ: Այսինքն, որեւէ տարակուսանք չի հարուցում, թե Սիրիայում ցեղասպանություն իրականացնող այս կառույցի անմիջական թիկունքին ով է, եւ ում «ականջներն են ցցված» այդ թիկունքի հետեւում:
Հաջորդ իրողությունն այն ռեակցիան է, որը ցուցաբերեց «ժողովրդավարական» Եվրոպան՝ Սիրիայում տեղի ունեցող այս սարսափելի իրադարձությունների հետ կապված: Այն է՝ ԵՄ-ն խստորեն դատապարտում է Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի վրա ասադամետ ուժերի կողմից իրականացված վերջին հարձակումները և խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները: Պա՞րզ է. ըստ ԵՄ-ի, ոչ թե ահաբեկչական խմբավորումներն են ամեն քայլի մորթում ալավիներին եւ քրիստոնյաներին, այլ մի բան էլ՝ դրանք «ասադամետ ուժեր» են, որոնք հարձակվել են «կառավարական ուժերի» վրա ու «ձեռքի հետ» էլ մորթում են ում պատահի: Միայն թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ասադամետ ուժերը» մորթում են սեփական հայրենակից ալավիներին, դա եվրալիդերները չեն էլ փորձում բացատրել: Դե, երեւի, թուրքական զորքերն էլ, ըստ ԵՄ-ի, մտել են Սիրիա՝ «խեղճ» իշխանական զորքերին «գազան ասադամետ ուժերից» պաշտպանելու համար: Ու վստան ենք, որ եվրոպական այս «հանճարեղությունը» դեռ նոր զարգացումներ կստանա, «կպարզեն», որ Ասադն է իր սիրիական «կողմնակիցներին» դրդել ապստամբության: Իսկ Ասադին, իհարկե, «կպարզվի», որ ռուսներն են «հանձնարարել»:
Այսպիսով, կարելի է ֆիքսել, թե ովքեր են բարիկադների այս մի թեւում. ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիա, Եվրոպա, որտեղ հիմնական վերահսկող է դարձել Բրիտանիան՝ Էրդողանի հետ ունեցած հին կապերով հանդերձ:
Բարիկադների մյուս թեւում պատկերը հետեւյալն է: Նախ, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ փակ լսումներ հրավիրվեց: Կան նաեւ լուրեր, որ համատեղ ներկայացրել են ԱԽ-ի կոշտ բանաձեւի նախագիծ: Ինքնին, սա արդեն իսկ ուշագրավ դետալ է՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նույն թեւում: Թեեւ, դա ներկա ընդհանուր ֆոնին համահունչ է:
Ինչ վերաբերում է կողմերից յուրաքանչյուրին, ապա այն տպավորությունն է, որ ռուսները հնարավորինս օգնելով ալավիներին, այդ թվում՝ իրենց ռազմաբազաներում պատսպարելով, սակայն առանձնապես չեն մտնում այս պատմության մեջ: Ասենք, նաեւ Իրանը. հիմնականում դատապարտող հայտարարություններ են եւ սպասողական վիճակ: Նման է, որ Մոսկվան եւ Թեհրանն այստեղ շատ ավելի գլոբալ, ողբերգական, բայց սարքված խաղ են տեսնում եւ դեռ փորձում են կողմնորոշվել: Թեեւ այն, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ միասին ՄԱԿ ԱԽ-ում որոշակի նախաձեռնողականությամբ հանդես եկավ, դա եւս որոշակի մտորումներ առաջացնում է:
Իսկ ահա ԱՄՆ-ն, ի դեմս պետքարտուղար Մարկո Ռուբինոյի, նախօրեին հստակեցրեց իր դիրքորոշումը. «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին մարդկանց սպանել են արևմտյան Սիրիայում։ Միացյալ Նահանգները կանգնած է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կողքին, այդ թվում՝ քրիստոնյա, դրուզի, ալավիական և քրդական համայնքների… Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների այս ջարդերը»:
Ով-ով, բայց Ռուբինոն բոլորից լավ գիտի, թե ովքեր են ջարդեր իրականացնողները եւ ինչ կապերի մեջ են «Սիրիայի ժամանակավոր իշխանությունների» հետ: Այսինքն, երբ պահանջում են ոհմակի լիդերներին՝ պատժել նույն ոհմակի շարքային անդամներին, դա, իհարկե, առնվազն տարօրինակ է: Նաեւ, որ այս պահին ցեղասպանվող ալավիների եւ քրիստոնյաների, դրուզների եւ քրդերի միջեւ դրանով հավասարության նշան է դրվում: Դրուզներին պաշտպանում է Իսրայելը, նրանց մոտ ոչ մի կոտորած չկա: Քրդերը խոշոր ուժ են, նրանց ոչ միայն այս պահին չեն կոտորում, այլ մի բան էլ՝ քրդական ուժերն են այս օրերին հարձակում սկսել Հալեպում:
Այսպիսով, կարելի է ֆիքսել նաեւ բարիկադների մյուս թեւը: Այստեղ են ՌԴ-ն եւ Իրանը, բայց դեռ պասիվ դիրքերով: Այստեղ է ԱՄՆ-ն, որի դիրքորոշումը դեռ հասկանալու տեղ ունի: Վերջապես, եթե դեռ աչքի չի ընկնում, բայց այստեղ է նաեւ Իսրայելը, եւ շատ նման է, որ ողջ խաղը հենց նրա շուրջ էլ զարգանում է:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՍԻՐԻԱՆ
Այսպես, ի սկզբանե Իսրայելից պաշտոնապես օգնություն են խնդրել Սիրիայի հարավային ցեղախմբերը՝ դրուզները: Հենց այս պահին էլ իսրայելյան ուժերն աստիճանաբար ծավալվում են դրուզների տիրույթներով՝ Սիրիայի հարավային սահմանի երկայնքով դեպի Եփրատ: Ի դեպ, իրենց ծրագրերի մասին Իսրայելում արդեն բացահայտ են խոսում: Մասնավորապես, Քնեսեթի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Բոազ Բիսմութը նախօրեին հայտարարեց.
«Սիրիան պետք է ամբողջությամբ ենթարկվի մեզ, ինչպես Հորդանանը՝ առանց ռազմական հնարավորությունների։
Մենք թույլ չենք տա, որ Ասադի տապալումից հետո Սիրիայում ռազմական ուժ առաջանա.
Դամասկոսը պետք է ամբողջությամբ գտնվի Իսրայելի վերահսկողության տակ, և մենք կապահովենք, որ այն անցնի մեր վերահսկողության տակ։
Սիրիան մեր կամուրջն է դեպի Եփրատ, և ապագայում մենք կհասնենք Իրաք և Քուրդիստան»:
Այն, որ Լաթաքիայում սկսված «ապստամբությանը» արագորեն արձագանքեցին նաեւ դրուզները եւ քրդերը, թերեւս պարզ ակնարկ է, որ այս ամենը կազմակերպված է ընդհանուր կենտրոնի կողմից, ու շատ նման է, որ դա Իսրայելն է: Դրուզների դեմ սիրիական ներկա «իշխանությունները» եւ Թուրքիան ակնհայտորեն դեռ խուսափում են քայլեր կատարել. դա կնշանակի ուղիղ բախում Իսրայելի հետ, որին, հիշեցնենք, վերջին ժամանակներս ԱՄՆ-ն զինում է գերարագ տեմպերով: Արդյունքում, հարվածն ուղղվեց Լաթաքիային՝ ալավիներին: Իսկ դա, բացի ողբերգական արդյունքներից, նաեւ նման քաղաքական հեռանկարներ է առաջացնում: Այն է՝ այս պահին սիրիական նորի «իշխանություններն» ու նրանց թիկունքին գտնվողներն ընկալվում են` որպես ցեղասպան կողմ: Դա է փաստում Ռուբինոն՝ խոսելով ջարդերից: Արդյունքում, մի քիչ լավ քարոզչական արշավի դեպքում ի հայտ կգա այն գաղափարը, որ ազգային փոքրամասնությունները չեն կարող նման «իշխանությունների» հետ նույն երկրի կազմում մնալ: Քրդերը առանձին պետության ստեղծման հայտ կարող են ներկայացնել: Դրուզներն էլ՝ Իսրայելի կազմ մտնելու՝ դառնալով «դեպի Եփրատ, Իրաք և Քուրդիստան» ձգվող «կամուրջը»: Կդառնա՞ Լաթաքինան՝ ալավիներով հանդերձ ինքնուրույն, ներառելով Սիրիայի մնացած քրիստոնեական համայնքին եւս. թերեւս դա եւս ռեալ է:
Սիրիական «իշխանություններն» էլ այս ճնշումներից հետո սկսել են մի կողմից՝ սպանված ալավիների դիերը թաքցնել, մյուս կողմից հավաստիացնում են, թե հետաքննում են տեղի ունեցածը: Վերջապես, փորձում են պատրանք ստեղծել, թե բանակցում են քրդերի եւ դրուզների հետ, պայմանավորվել են երկրի միասնականությունը պահպանել: Երեւի սկսել են կռահել, որ, ինչպես նաեւ ռուս փիլիսոփա Դուգինն է ենթադրում, անգամ ռուս-ամերիկյան հատուկ ռազմական օպերացիան չի բացառվում՝ ահաբեկիչներին իշխանությունից հեռացնելու համար: Բայց այն, որ Սիրիայի մասնատման հիմքերը չափազանց խորքային են, եւ հիմա այդ ամենը ջրի երես են դուրս եկել, դա էլ է շատ բան նշանակում:
https://iravunk.com/sim/?p=307558&l=am/