ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող փոփոխությունները ենթադրում են ինչպես ռիսկեր, այնպես էլ` հնարավորություններ. Բիկով
Ներքաղաքական
Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Եվրամիություն կապերը շարունակում եմ մնալ ակտիվ քննարկումների օրակարգում: Ավելին` այս մասին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ-ում, հետեւապես՝ երկիրը պետք է ընտրություն կատարի: Նա նաեւ վկայակոչել էր ռուսական կողմի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել», իսկ ընտրությունը, ըստ դեսպանի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Ժամանակակից Կենտրոնական Ասիայի լաբորատորիայի վարիչ ԱՆԴՐԵՅ ԲԻԿՈՎԻ հետ, որն օրերս գտնվում էր Երեւանում:
— Ինչպես գիտենք, առաջին անգամ չէ, որ Դուք այցելում եք Հայաստան: Այս անգամ Ձեր այցի նպատակը ո՞րն էր, եւ ինչպիսի՞ հարցեր էին Ձեր օրակարգում, որոնք նպատակ ունեիք այդ օրերին դարձնել քննարկման առարկա:
— Այո, ինչպես նշեցիք՝ առաջին անգամը չէ, որ ես գտնվում եմ Հայաստանում: Արդեն չորրորդ անգամ եմ այստեղ. երկու անգամ եկել եմ կոնկրետ նպատակներով, իսկ այժմ՝ գիտական։ Լինելով այս երկրում՝ շատ լավ հասկանում եմ մեր հանդիպման նպատակը եւ խնդիրները։ Պետք է նշեմ, որ այս անգամ ինչ քննարկման համար այստեղ եկել էինք, կարեւոր եւ անհրաժեշտ թեմաներ էին, որոնք պետք էր բարձրաձայնել: Ասեմ ավելին` մեր օրակարգում ներառվել էին նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես` տնտեսական համատեքստում: Ես նաեւ տեսնում եմ, թե ինչպես է մեծանում այս հարցում հետաքրքրությունը։ Ինչ խոսք, այս ընթացքում Ռուսաստանում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես յուրաքանչյուր երկրում եւս ամեն քայլափոխի դա տեղի է ունենում:
— Եթե մի փոքր բացենք փակագծերը՝ կնշե՞ք, թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը:
— Ես պետք է Ձեր ուշադրությունը սեւեռեմ մի քանի կարեւորագույն ցուցանիշների ուղղությամբ: Իմ կարծիքով՝ ամեն փոքր դետալի անգամ պետք է ուշադրություն դարձնել: Հասարակ օրինակ` եթե մենք այցելում ենք ինչ-որ մի երկիր, ապա առաջինը մուտք ենք գործում հենց տվյալ երկրի օդանավակայան: Ես ինքս էլ, երբ Երեւանի օդանավակայանից քաղաք հասնելու ճանապարհին էի, տաքսիստի հետ զրույց ունեցա։ Պետք է նշեմ, որ այդ զրույցը միշտ ինձ համար կարեւոր է, քանի որ այն էլ մյուս կողմից է ցույց տալիս ռուս-հայկական հարաբերությունների ընկալման փոփոխությունները։ Այս անգամ զրույցը չէր սկսվել անմիջապես, քանի որ սպասում էինք նաեւ մեր խմբի մյուս անդամներին, բայց տաքսիստները, սովորության համաձայն, շարունակում էին հայտնել իրենց մտքերն ու կարծիքները։ Նախկինում միշտ զրույցը սկսում էր հարցով՝ որտե՞ղ կարելի է գնալ Երեւանում, ի՞նչ կոնյակ ընտրել, ինչպե՞ս են սիրում Պուտինին ու Ռուսաստանը, ինչպե՞ս են վերաբերվում ռուսներին եւ այլն, եւ այլն։ Թեմաները բազմազան էին, հաճախ` շատ կարեւոր։ Սակայն այս անգամ, զրույցը հիմնականում կենտրոնացած էր շատ ավելի այլ ուղղությամբ, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ նրանց համար կարեւոր թեմայի ուղղությամբ։
Վարորդը պատմեց, որ ձյան ժամանակ վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան եւ, ըստ նրա, այդ պատահարը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ցույց տրվեր, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը հոգում ռուսական դիվանագետների անվտանգության մասին։ Իհարկե, ես չեմ պնդում, որ սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, բայց այս օրինակը եւս որոշ չափով ցույց է տալիս հայ բնակչության ընկալման փոփոխությունները ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ընկալումները փոխվում, ինչպես են ընդունվում կամ այն, որ գործընկերներից մեկը կարող է դիտավորյալ միջոցներ ձեռնարկել՝ ներկայացնելու մյուս կողմին բացասական լույսի ներքո։
Մեկ այլ դեպք, որը տեղի ունեցավ օրերս, առաջին հայացքից նույնպես առնչություն չուներ քաղաքականությանը։ Մենք մտանք խանութ, որտեղ ես ուզում էի գնել շապիկ։ Ինձ հետաքրքրում էր, թե որտեղ է մոտակա գումարի փոխանակման կետը (չենջը), բայց խանութում նույնիսկ տեղեկատվություն չէր նշվում այդ մասին։ Երբ հարցրի դրա մասին, դրամարկղում կանգնած աղջիկը պատասխանեց, որ նրանք ընդունում են ռուսական քարտեր։ Սա եւս մի պահ է, որը, կարծես, մաս է կազմում ավելի լայն փոփոխությունների, որոնք վերաբերում են ոչ միայն առօրյա կյանքին, այլ նաեւ միջպետական հարաբերություններին։ Վերջին հաշվով, նման փոքրիկ դեպքերը ձեւավորում են երկրի ընկալումը այցելուների մոտ, եւ այդ ընկալումը կարող է ազդել որոշումների ընդունման վրա տարբեր մակարդակներում։
— Եթե մի փոքր անդրադառնանք առավել գլոբալ հարցերի, ի՞նչ կնշեք, պարոն Բիկով:
— Եթե վերադառնանք ավելի գլոբալ հարցերին, ապա իհարկե պետք է ընդունենք, որ միջազգային հարաբերություններն իսկապես ենթարկվում են կարեւոր փոփոխությունների։ Աշխարհը փոխվում է, եւ դա չի կարող չազդել ամբողջ արտաքին քաղաքականության համատեքստի վրա, ներառյալ ռուս-հայկական հարաբերությունները։
Մենք այժմ կանգնած ենք գլոբալ քաղաքական եւ տնտեսական փոփոխությունների առաջ՝ միաբեւեռ աշխարհից դեպի բազմաբեւեռ կամ նույնիսկ երկբեւեռ աշխարհ։ Շատ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, նոր գործընկերներ եւ դաշնակիցներ գտնելը դարձել է անհրաժեշտություն։
— Իսկ գործընկերներ գտնելու հարցում ինչպիսի՞ խնդիրներ են հաճախ լինում:
— Խնդիրն այստեղ այն չէ, թե ով եւ երբ է որոշել փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, այլ այն, որ այս ընկալումը փոխվում է, եւ դա գիտակցվում է բոլոր կողմերի տեսանկյունից։ Հայաստանը փնտրում է նոր ուղիներ եւ նոր հնարավորություններ՝ իր արտաքին քաղաքականությունը ձեւավորելու համար։ Սա, անշուշտ, կապված է այն բանի հետ, որ հայկական կողմը տեսնում է, թե ինչպես է փոխվում Ռուսաստանի դերը միջազգային ասպարեզում։ Եվ, իհարկե, կա օբյեկտիվ անհրաժեշտություն` վերանայելու հարաբերությունները, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը անվտանգության, քաղաքականության եւ տնտեսության մասին է։ Հայաստանի ռազմական-քաղաքական եւ տնտեսական վեկտորների բաժանումը հեշտ ընտրություն չէ, բայց, այնուամենայնիվ, նրանք զգում են, որ սա անհրաժեշտ քայլ է։
— Իսկ հայ-ռուսական երկխոսություններն այժմ ինչպիսի՞ փուլում են , եւ դրանք որքանո՞վ են երկուստեք կարեւոր:
— Ռուսաստանը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Համոզմունքի կորուստը, հատկապես նրա արտաքին քաղաքականության համատեքստում, կարող է անդրադառնալ երկրի իմիջի վրա, ինչպես նաեւ նրա հնարավորություններին՝ կատարելու իր միջազգային պարտավորությունները։ Ավելին` Ռուսաստանի դիրքերի թուլացումն այս տարածաշրջանում կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հարավային Կովկասի տարբեր երկրներում։ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է վատթարացնել այս գործընթացը, եւ հատկապես կարեւոր է այն, որ այս փոփոխությունները կարող են վտանգել անդամ երկրներից յուրաքանչյուրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը։ Այդ թվում` Ռուսաստանը ենթարկվում է նաեւ տնտեսական սպառնալիքների։
Ավելին ասեմ, անգամ գործընկերոջ կորուստը կարող է ազդել ընթացիկ առեւտրային եւ տնտեսական կապերի վրա, ինչպես նաեւ զուգահեռ ստեղծել նոր մարտահրավերների ներմուծման համար, ինչից էլ, որ երկիրն այժմ կախված է։ Բայց այստեղ պետք է նաեւ նշել, որ Հայաստանը միայն ռուսական շուկայի միակ ուղին չէ, եւ այս համատեքստում կարելի է սպասել լոգիստիկ փոփոխությունների՝ այլ երկրների միջոցով, ինչպես Ղրղզստանի, որը շատ նեղ հարաբերություններ ունի նման գործընթացների հետ։ Հետեւաբար, միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, տեղի ունեցող այս փոփոխությունները ենթադրում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Այս գործոնները կարեւոր են, եւ դրանք որոշում են ոչ միայն այս երկու երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի ապագան։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=307455&l=am/