ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՓԱՇԻՆՅԱ´Ն
Վերլուծություն
Հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները հետաքրքիր լուրեր են հայտնում վերջին ամիսներին տիրող մտահոգությունների մասին: Ամեն ինչ գալիս է նրանից, որ Նիկոլի մերձակա շրջապատում եւս էն գլխից են քաջ գիտակցում, որ այն փոփոխությունները, որոնք ընթանում են աշխարհում եւ սկսեցին իրենց առավելագույնս դրսեւորել գործնականում Թրամփի ինագուրացիայի պահից, չեն կարող շրջանցել նաեւ Հայաստանը:
ԵՎՐՈՊԱ
Ինչ կուրս է պետք որդեգրել, ահա դա է, ըստ աղբյուրի, նիկոլյան շրջապատի հիմնական մտահոգությունը: Իհարկե, դա մի շարք պաշտոնյաների գործնականում չի վերաբերում. նրանք չափազանց սերտ «գաղափարական կապեր» ունեն բրիտանացիների հետ, այստեղ բան չի փոխվել, եւ այդ պաշտոնյաները եւս առանձնապես մտածելու բան չունեն: Իսկ ահա հատկապես Նիկոլի համար իրավիճակն այլ է. նա է ամեն ինչի համար թիվ 1 պատասխանատուն, եթե հիմնական ուժային կենտրոններից հարվածներ գան, դրանք առաջնային կերպով իրեն են ուղղված լինելու, այլ ոչ թե երկրորդ պլանում «քողարկված» պաշտոնյաներին: Եվ, բնական է, անկախ նրանից, թե նաեւ այս պահին ինչ կապեր կան ԱՄՆ-ում իշխանությունը կորցրած գլոբալիստների հետ, որոնց կենտրոնակայանն է դարձել Լոնդոնը, մեկ է, մյուս ուժային կենտրոնների հետ, որոնք, ի դեպ, այս պահին ավելի ուժեղ դիրքեր ունեն, չես կարող հաշվի չնստել: Թեկուզեւ աչքի առաջ ունենալով Զելենսկու պատմությունը:
Եվ ահա, ինչպես պատմեց մեր աղբյուրը, ակտիվ փնտրտուքներ են ընթանում, թե գլոբալ ուժերից ում հետ եւ ինչպես պետք է հետայսու աշխատել, բայց արդյունքները մխիթարական չեն: Անգամ եվրոպական գլոբալիստների հետ շատ լուրջ հարցեր կան: Մի քանի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, գործադրվել են անգամ «ընկերական» հարաբերությունները, սակայն եվրոպացիները խելքը գլխին բան այդպես էլ չեն ասում: «Ընկերական» մակարդակով էլ հուշել են, որ ներկայումս անգամ իրենք որեւէ ռեալ պատկերացում չունեն ապագայի հետ կապված, էլ ուր մնաց, թե Նիկոլին ինչ-որ հուշումներ տան:
Երկու հիմնական սցենար այս պահին եվրոպացիները տեսնում են, եւ երկուսն էլ գոնե Նիկոլի համար բանի պետք չէ: Նախ, որ կարող են հարմարվել նոր ամերիկյան իրողություններին եւ փորձել Թրամփի հետ լեզու գտնել: Սակայն դա վտանգավոր են համարում այնքանով, որ այդ դեպքում Թրամփը կգնա Եվրոպայում համատարած իշխանափոխության ճանապարհով: Իսկ այդ դեպքում Եվրոպայում իշխանության կգան այն ուժերը, որոնք գլոբալիստների հետ «աչքով աչք» չունեն: Նաեւ Նիկոլի հանդեպ նրանց վերաբերմունքը լավագույն դեպքում անտարբերությունը կլինի, վատագույն դեպքում կհամարեն լիբերալների կամակատար՝ հասկանալի հետեւանքներով հանդերձ:
Երկրորդ տարբերակով էլ Եվրոպայում գլոբալիստները կփորձեն Հին աշխարհը դարձնել ԱՄՆ-ից անկախ ուժային կենտրոն: Սակայն այս դեպքում խնդիրներին թիվ չկա: Սկսած, որ երկարաժամկետ հատվածում ունենալու են անվտանգային լրջագույն խնդիր: Լուծելու համար մեծ փողեր են պետք, որը, սակայն, ԵՄ-ն չունի: Եթե անգամ լուծեն ֆինանսավորման հարցը, սեփական ռազմական տեխնոլոգիաների հարցում ԵՄ-ն այսօր այնքան է հետ մնացել ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Չինաստանից, որ ամենաբարեհաջող զարգացումների դեպքում անգամ տասնամյակներ են պետք բացը լրացնելու համար: Ընդ որում, գոնե ԱՄՆ-ն ամեն կերպ դրան կխոչընդոտի: Իսկ դրա տարբերակներից մեկն էլ այն է, որ ԵՄ շատ անդամներ, առավել եւս, եթե ՆԱՏՕՆ-ն գնա փլուզման ուղղությամբ, մեծ հարց է, թե ո՞ւր ուժային կենտրոնի հետ կկապեն իրենց ապագան: Անորոշ ապագայով եվրոպականի՞, որն ամեն մի մասնակից պետության համար մեծ ծախսեր է պահանջելու: Դրանից խուսափելու համար՝ ԱՄՆ-ի՞, կամ միգուցե ավելի մոտ հարեւան Ռուսաստանի՞: Հաշվի առնելով նաեւ, որ մի շարք արեւելաեվրոպական երկրներ հենց ԱՄՆ-ին մոտ գտնվելու համար է, որ մտել են ԵՄ եւ ՆԱՏՕ: Սա նշանակում է, որ եվրոպական ամեն մի երկրի ուղղությամբ մյուս ուժային կետրոններից ամենալուրջ ճնշումներն են գալու: Առավել եւս, այդ ճնշումները, այն էլ՝ բազմապատկված, կուղղվեն նրանց, ովքեր ԵՄ-ում չեն, բայց կհանդգնեն այդ ուղղությամբ գնալու մասին անգամ ակնարկել: Եվ, բնական է, որ խոսքն այս դեպքում նաեւ Հայաստանի մասին է:
Ահա այս բոլոր «ընկերական» հուշումներից հետո, ինչպես նաեւ աղբյուրն է հաստատում, նիկոլյան թիմում թեեւ ի հայտ են եկել որոշակի ներքին հակասություններ, բայց այն հիմնական միտքն է պտտվում, որ եվրոպական ուղղության հետ կապված ստիպված են լինել ծայրահեղ զգուշավոր, գոնե մինչեւ պարզ կլինի, թե իրենք` եվրոպացիներն ինչ են անելու: Բայց դա խնդրի ընդամենը մեկ մասն է:
ԱՄՆ
Էլ ավելի լուրջ է, որ չնայած բազում փորձերին, Թրամփի վարչակազմի մոտ եւս Հայաստանի հանդեպ քիչ թե շատ լուրջ հետաքրքրություն այդպես էլ առաջացնելու տարբերակ չեն գտնում: Բանը հասել է նրան, որ, ինչպես օրերս էինք տեղեկացրել, անգամ ամերիկյան դեսպանն է «ընդհատակ» անցել, ինչքան էլ որ ժամանակին փորձում էր կառավարման պուլսը ձեռքից բաց չթողնել: Ավելին, կան խոսակցություններ, որ դեսպանը, ով, հիշեցնենք, Հայաստան եկավ Ուկրաինայից, որտեղ դեսպանի պարտականությունն էր կատարում պատերազմից առաջ եւ դրա առաջին ամիսներին, հիմա ամենաշատը մտածում է, թե ինչպես անի, որ Թրամփի թիմում այդ մասին հանկարծ «չհիշեն»: Հաշվի առնելով, որ Թրամփը պատերազմ սկսվելու մեջ ամենաուղիղ ձեւով հենց Բայդենին է մեղադրում, պետքարտուղար Ռուբինոն արդեն խոսում է, թե ԱՄՆ-ին ներքաշել են ՌԴ-ի հետ պրոքսի պատերազմի մեջ: Իսկ որ դրանում չէր կարող որոշակի դեր չունենալ այն ժամանակ ԱՄՆ-ի ուկրաինական դեսպանը, հասկանում են բոլորը, եւ դա մեր ներկա ամերիկյան դեսպանին, իհարկե, չի կարող լրջորեն չմտահոգել: Զրոյական դիրքեր եւ հնարավորություններ ունի նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան կոչվող նիկոլյան պաշտոնյան, այսինքն՝ անգամ պաշտոնական խողովակներով Թրամփի թիմի «վրա դուրս գալու» տարբերակը չի աշխատում: Նիկոլը, հիշեցնենք, փորձեց անձամբ գործել՝ մեծ ջանքերով արժանանալ փոխնախագահ Վենսի ընդունելությանը: Բայց այդ հանդիպումը կարելի էր համարել Զելենսկու ընդունելության մինի տարբերակը՝ զրո հետաքրքրություն:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բայց ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս ամենամեծ խնդիրը: Պատկերացումը, թե նման իրավիճակում Նիկոլը կարող է հանգիստ վերադառնալ ռուսական ուղղություն, որքան էլ տարօրինակ հնչի, բայց իր հերթին չի աշխատում. Մոսկվան իր հերթին է լիակատար անտարբերություն սկսել ցուցադրել Հայաստանի նկատմամբ: Մոտավորապես այսպես՝ ինչ ուզում եք, կարող եք անել: Իրականում, իհարկե, ինչպես մեր աղբյուրն էլ ակնարկեց, այդպես չէ: Այսինքն, Մոսկվայից տարբեր խողովակներով մի քանի հստակ պայման են ներկայացրել՝ եթե ուզում եք վերադառնալ հարաբերությունների երբեմնի ձեւաչափին, պետք է անել սա-սա: Ու այստեղ առաջնային պայմանը, որն անսպասելի չէր, ՀԱՊԿ-ի թեման է: Այսինքն, Նիկոլը պետք է պաշտոնապես հայտնի, որ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ չկան, եւ Հայաստանը վերականգնում է լիարժեք մասնակցությունն այդ կառույցին: Ընդ որում, կարող են անգամ նրա «դեմքը փրկելու» մեխանիզմներ ներառվել, ասենք՝ քննարկեցինք համատեղ խնդիրները, դրանց լուծումներ գտանք, եւ հիմա Հայաստանը այդ ամենը համարում է բավարար: Բազում այլ թեմաներ եւս կան, ասենք՝ կոմունիկացիաների հայտնի խնդիրը, Մոսկվայի դեմ քննադատական արշավը եւ այդպես շարունակ: Բայց գլխավորը, ինչը նաեւ ռուսական որոշակի աղբյուրներ են հաստատում, ՀԱՊԿ-ի թեման է, որից հետո մնացած հարցերը լուծելը շատ դժվար չէ:
Բայց ավելի շատ նման է, որ Նիկոլը փորձում է ռուսական ուղղությունը «զարգացնել» երկրորդական թեմաներով՝ գալ-գնալ, իշխանավորներն իրենց հայտարարություններում զուսպ կլինեն: Անգամ, ԵՄ-ին անդամակցության թեման են ցուցադրաբար «աչքաթող անում»՝ «տակից» տարածելով խոսակցություններ, թե, ոչինչ, օրակարգից կհանենք: Միայն թե այն տպավորությունն է, որ անգամ ԵՄ-ի այդ պատմությունը Կրեմլին հետաքրքիր չէ. ինքնուրույն երկիր եք, ում հետ ուզեք, կարող եք համագործակցել, ձեր գործն է, միայն թե ամեն քայլից բխող հետեւանքներ կլինեն:
Նկատելի է, որ նաեւ այս ուղղություններով են ինչ-ինչ փորձարկումներ արվում: Օրինակ, Միրզոյան Արոն օրերս ուսումնասիրում էր չինական ուղղությունը, եղան որոշ գեղեցիկ հայտարարություններ, սակայն իրականում «տակը ոչինչ չկա». Պեկինն առանց Մոսկվայի համաձայնության չի մտնում ռուսական ավանդական ուղղություններ: Առավել եւս, այս պահին, երբ Մոսկվան բանակցում է Վաշինգտոնի հետ, որը կարող է էապես թուլացնել Չինաստանից վերջին երեք տարիների կախվածությունը: Նիկոլի հարցազրույցն իրանական հեռուստատեսությանը եկավ հուշելու, որ այս ուղղությամբ «ճեղքման գնալու» փորձեր կարող են լինել: Բայց այս դեպքում էլ չպետք է մոռանալ, որ Իրանն իր հերթին է շատ հաշվարկներ կապել Մոսկվայի հետ եւ էլի ավելորդ խաղերի մեջ չի մտնի: Փորձարկվեց նաեւ թուրք-ազերիական ուղղությունը: Նիկոլը, չմոռանանք, օրերս պատրաստակամություն հայտնեց Բաքվի եւ Անկարայի տնօրինության տակ դնել հայաստանյան երկաթուղային համակարգը: Բայց նորից որեւէ ռեալ ռեակցիա, ինչպես եւ ենթադրում էինք, չկա:
Կարճ ասած, սա լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացում է, որտեղից միակ ելքը ռուսական ուղղությունն է: Բայց անգամ, թող տարօրինակ չթվա, Բատկայի միջոցով միջնորդավորված բանակցություններն արդյունք չեն տալիս. սկզբում ՀԱՊԿ, հետո կխոսենք: Այս ֆոնին, ի դեպ, որոշ աղբյուրներ չեն բացառում, որ մոտ ժամանակներս Լավրովի ծրագրված այցը Հայաստան, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Բայց եւս մեկ անգամ փորձելու՝ իրավիճակը տանել նորմալացման ուղղությամբ, այդ թվում, դա կարող է առիթ դառնալ ՀԱՊԿ-ի թեման «քննարկել-լուծումներ գտնելու» համար:
https://iravunk.com/sim/?p=307188&l=am/