ՆԱՏՕ-ի երկրները սկսել են զգուշանալ միմյանց հետախուզական տվյալներ փոխանակելուց․ Politico
Միջազգային
Անվստահությունը ցնցում է ՆԱՏՕ-ի «միջուկը». դաշինքի անդամների շրջանում աճում է մտահոգությունը հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի վերաբերյալ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը սաստկացրել են Վաշինգտոնի հետ նման համագործակցության թերահավատությունը: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ մեջբերելով անվտանգության ծառայություններում և ռազմական բլոկի կառույցներում աշխատող նախկին պաշտոնյաների արտահայտությունները։
Պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ-ում հետախուզական տվյալների փոխանակումը վաղուց բարդացել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այն երկրների նկատմամբ դաշինքի ավանդական մասնակիցների անվստահության պատճառով, որոնք դրան միացել են ԽՍՀՄ փլուզումից հետո:
«Անվստահությունն ուժեղացավ Հատուկ ռազմական գործողությaն մեկնարկից հետո՝ Հունգարիայի և Սլովակիայի ռուսամետ դիրքորոշումների պատճառով։ Թրամփի կողմից Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորելու փորձերը ցնցում են դաշինքի առանցքը՝ ստիպելով երկրներին մտածել Վաշինգտոնի հետ հետախուզական տվյալների փոխանակման ռիսկերի մասին», - նշում Է Politico-ն:
«ՆԱՏՕ-ի կառույցներում շատ են բամբասանքները դաշինքում հետախուզական տվյալների փոխանակման ապագայի մասին», - պարբերականին հայտնել է դաշինքին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլի Սմիթը:
Նա հաստատել է, որ դաշնակից երկրների որոշ ներկայացուցիչներից լսել է, որ նրանք վախենում են Վաշինգտոնի կողմից տվյալների փոխանակման դադարեցումից: Ընդ որում, ՆԱՏՕ-ի անանուն գործող պաշտոնյան կոչ է արել չչափազանցել նման սպառնալիքները։ Նա խոստովանել է, որ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի լեզվակռվից հետո «բնականաբար, շատ հարցեր կան»։
«Բայց անձնակազմը հանգստություն է պահպանում և շարունակում է աշխատել։ Իհարկե, որոշակի կոռոզիա կա ուկրաինական հարցի նկատմամբ առկա մոտեցման պատճառով, բայց մենք այն կարծիքին ենք, որ Թրամփը ՆԱՏՕ-ի հետ իրական խնդիրներ չունի, բացի ծախսերի հարցից։ Այնպես որ, դա արդեն ինչ-որ բան է», — ընդգծել է նա ։
Մեկ այլ գործող պաշտոնյա նաեւ անանունության պայմանով ճշտել է, որ միջազգային ասպարեզում վերջին իրադարձությունները չեն ազդել դաշինքում հետախուզական տվյալների փոխանակման վրա:
«Մենք դրանում ոչ մի նվազում չենք տեսել», - պնդում է պարբերականի զրուցակիցը:
https://iravunk.com/sim/?p=307112&l=am/