ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերլուծություն
Այն, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալային պատմությունը առավել քան Մոսկվայի օգտին էր եւ նկատելիորեն բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական դիրքերը, հասկանում են բոլորը: Թե դա կոնկրետ ինչ էֆեկտ կունենա ուկրաինական խաղատախտակին, ժամանակը ցույց կտա, թեեւ նախնական գնահատումներով՝ էֆեկտը լինելու է առավել քան ծանրակշիռ: Սակայն մեզ համար ավելի կարեւոր դետալ կա՝ իսկ այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա:
Բավականին ուշագրավ ազդակ են հաղորդում Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահի պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու՝ ռուսների աջակցությունն ունեցող Բադր Գունբան եւ թուրք-բրիտանական հովանավորյալ համարվող Ադգուր Արձինբան: Որ երկրորդ փուլում հիմնական շանսերը Գունբայի օգտին էին, տեսնում էին բոլորը: Բայց կար այն հիմնական մտավախությունը, որ Անկարայի եւ Լոնդոնի ազդեցությամբ պարտվելու դեպքում Արձինբան կարող էր գնալ ուժային գործողությունների, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի, որն այս պահին լուրջ խնդիր կդառնար Մոսկվայի համար:
Եվ ահա, ընտրությունների արդյունքում իրոք հաղթեց Գունբան: Սակայն կանխատեսվող երկրորդ դրվագը՝ Արձինբայի ուժային գործողությունները դրան չհաջորդեցին. գոնե այս պահին, եւ միգուցե դեռ փորձեր կլինեն: Սակայն այս ընթացքում տեղի ունեցան որոշ դետալներ, որոնք էլ, թերեւս, գումարվելով գլոբալ իրողություններին, սկսեցին արգելակել Աբխազիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու ծրագրերը: Նախ, Արձինբան կանխավ զգուշացվեց, որ եթե փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել՝ շահարկելով փաստը, որ աբխազահայերը հիմնականում քվեարկել են Գունբայի օգտին, ապա կարող է «տակից դուրս չգալ»: Դա կդիտարկվի հարձակում նաեւ հիմնականում երկրորդ՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց վրա, եւ Մոսկվան չի վարանի միջամտել: Ավելին, ընտրատեղամասերի վրա հարձակման որոշ դեպքեր եղան, եւ դրանք կանխվեցին ռուս-աբխազական համատեղ ուժերի կողմից: Վերջապես, Արձինբայի մի շարք կողմնակիցներ շտապեցին հեռանալ Աբխազիայից՝ մասամբ՝ Թուրքիա, մասամբ՝ Վրաստան, դրանով եւս հաստատելով, թե իրականում խաղը որտեղից էր գալիս: Նաեւ, որ իրավիճակը զարգանում է ոչ իրենց օգտին:
Առավել եւս, որ Թուրքիայից, անգամ քարոզչական մակարդակով քիչ թե շատ լուրջ աջակցություն այս ուժերը չստացան, որը, թերեւս, խոսում է Անկարայում տրամադրությունների որոշակի փոփոխությունների մասին: Էրդողանը, իհարկե, շատերից լավ եւ արագ է հասկանում, թե իրավիճակը որ հունով է զարգանում: Այսինքն, թեեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, կրկնենք, որոշակիորեն ամրացնում են Մոսկվայի դիրքերը, բայց այնպես չէ, որ այդ դիրքերը մինչ այդ էլ թույլ էին: Նախ, ուկրաինական ճակատում հաղթական դիրքերն արդեն իսկ իրավիճակին հետեւող ուժերին ստիպում են եւս մեկ անգամ մտածել ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին: Առավել եւս, որ Թրամփը, այն է՝ ԱՄՆ-ն եւս գնում է այդ ուղղությամբ, եւ ուկրաինական նոր զարգացումներն էլ կարող են միայն արագացնել այդ ընթացքը:
Մյուս կողմից, այն իրավիճակում, երբ հիմնական պայքարը տեղափոխվում է ԱՄՆ-գլոբալիստներ պայքարի դաշտ, եւ դրանով եւս որոշակիորեն ազատվում են ռուսների ձեռքերը, Էրդողանը երկու փաստ պետք է հաշվի առնի: Նախ՝ ռուսների ամրացող գործոնը: Երկրորդը՝ Բրիտանիայի լիբերաստների հետ չափազանց սերտ համագործակցությունը կարող է միանգամայն լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Եվ դա այն պահին, երբ Վաշինգտոնի հետ հակամարտության հիմքեր առանց այդ էլ կան, եւ հետագա սրացումները կարող են անկանխատեսելի հետեւանքների տանել: Նկատի ունենք իրավիճակը, որն այս պահին ստեղծվել է Սիրիայում:
Սիրիական նոր իրողություններին դեռ անդրադառնալու առիթներ կունենանք: Բայց հիմա վերադառնանք Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունների հարցին: Նկարագրված ընդհանրական իրավիճակը, թերեւս, Անկարայի համար երկու տարբերակ է թողնում: Նախ, կարող է Բրիտանիայի հորդորներով գնալ ռուսների դեմ կտրուկ սրացումների, այդ թվում՝ ինչպես աբխազական, այնպես էլ, ընդհանուր առմամբ, հարավկովկասյան ուղղությամբ: Այն շարժառիթով, որ Պուտին-Թրամփ վերջնական պայմանավորվածությունների դեպքում, առավել եւս, եթե այն վերածվի Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ նոր «Պոտսդամի», ապա Թուրքիայի համար երկարաժամկետ հեռանկարով կփակվի Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա ուղղությունը: Մոտավորապես այնպես, ինչը կար ԽՍՀՄ-ի ժամանակներում, գումարած դրա էապես աճած իրանական գործոնը, որը նույնպես գործում է այդ գծին կտրուկ դեմ: Այսինքն, եթե խառը իրողություններ են, ապա Անկարայի համար դա կարող է մի վերջին փորձի առիթ դառնալ:
Միայն թե այն հարցն է, թե կարո՞ղ է այդ բեռին դիմանալ, երբ նման քայլով գործնականում պետք է դեմ գնալ միաժամանակ Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին: Քիչ հավանական է, որ Էրդողանը նման ռիսկի կգնա, որից, ի դեպ, խուսափում էր նաեւ այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում Բայդենն էր:
Երկրորդ տարբերակն իրողությունների հետ հաշտվելն է՝ փորձելով առկա իրավիճակից առավելագույնը ստանալ: Նաեւ, որ Մոսկվան կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել, եթե սիրիական հարթակում, այսպես ասենք, բանը բանից անցնի:
Այն, որ Աբխազիայում իրավիճակը գոնե այս պահին չի գնում «գունավոր հեղափոխության» դասական սցենարով, դա որոշակի ազդակ է, որ Էրդողանի համար նախընտրելի է երկրորդ տարբերակը: Առավել եւս, որ վերջերս Լավրովի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքում նման ազդակներ արդեն իսկ տեսանելի էին: Մյուս կողմից, կարելի է նկատել նաեւ, որ նույն զգուշավոր-սպասողական դրությունը կա նաեւ Ալիեւի մոտ. աշխարհը հիմքից փոխվում է, եւ շատ հեշտ է «ճզմիչի» տակ մնալը:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա կարծես թե պատրաստ է անգամ Ուկրաինա` եվրոպացիների հետ «խաղաղապահներ» ուղարկել: Վերջում, իհարկե, չի ուղարկի, բայց, ինչպես միշտ, «երկու աթոռի վրա խաղալու» այս փորձերը եւս մեկ հարված են Հայաստանին:
https://iravunk.com/sim/?p=306937&l=am/