«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս վերջին)
Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am, https://iravunk.com/?p=305728&l=am, https://iravunk.com/?p=305812&l=am, https://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=am, https://iravunk.com/?p=306343&l=am, https://iravunk.com/?p=306455&l=am, https://iravunk.com/?p=306620&l=am)
2001թ. հունիսին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւում նախատեսված հերթական հոնդիպումը, որում, ինչպես այն օրերին սպասվում էր, պետք է փաստաթղթային տեսք ստանար Քի Ուեսթի պայմանավորվածությունները, հետաձգվեց անորոշ ժամանակով: Պաշտոնապես դրա պատճառները չներկայացվեցին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների պարզաբանումները հիմնականում իրար էին հակասում: Հայաստանի եւ Ադրբեջանի կցկտուր բացատրությունները եւս գրեթե չփոխեցին այդ անորոշությունը: Մի առիթով Հեյդար Ալիեւը նույնիսկ ենթադրություն հայտնեց, թե հետաձգումը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն է: ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն էլ մեկնաբանում էր, թե. ՙՄենք հանդիպումը հետաձգելու խնդրանք չենք ներկայացրել: Դա միջնորդների որոշումն է եղել: Մենք պատրաստ էինք գնալու՚...
Շատ չանցած Քոչարյան-Ալիեւ հանդիպումներ, ճիշտ է, էլի տեղի ունեցան, սակայն, փաստն այն է, որ 1999-2001թթ. բանակցային գործընթացում քննարկված տարբերակներն այլեւս կենսունակ չէին:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ «Գոբլի պլան», «Մեղրիի տարբերակ», «Փարիզյան սկզբունքներ» «Քի Ուեսթի պայմանավորվածություններ» ու տարբեր այլ անուններով, տեխնիկական մանրամասներով իրարից տարբերվող, սակայն գաղափարական տեսանկյունից նույն իմաստն ունեցող ծրագիրը պետք է վերջնականապես թաղված համարել: Ելնելով հետեւյալից` այն, որ 1993թ.-ից «Գոբլի պլան» անվանումը ստացած գաղափարը, պաշտոնապես համարվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր, իրականում դեռ 1990-ականների սկզբներից, այսինքն` անմիջապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ դեռ մինչ Ղարադաղում թեժ պատերազմի սկսվելը, կիրառման մեջ դրվեց հարավկովկասյան տարածաշրջանը վերջնականապես ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու եւ այն դեպի կասպյան եւ Կենտրոնական Ասիային էներգետիկ շտեմարանը տանող կամուրջի վերածելու համար, հազիվ թե, որեւէ լուրջ մասնագետ այսօր կասկածի տակ առնի: Հաստատված փաստ է նաեւ այն, որ այս գաղափարախոսության ուղղությամբ ի սկզբանե ավելի շատ մտորում էին Թուրքիայում, որին, բացի էներգակիրներից, առաջնորդում էին Պանթյուրքական վաղեմի ծրագրերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերակենդանացնելու այդ անսպասելի շանսը:
Բայց, արդյոք հիմնավո՞ր է «Գոբլի պլան», «Մեղրիի տարբերակը», «Փարիզյան սկզբունքներ» կոչվածն ինչ-որ կերպ կապել Պանթուրքիզմի հետ: Այս առումով նախ նկատենք, որ Հայաստանի հարավով Թուրքիա-Ադրբեջան միջանցք ձեւավորելու գաղափարի սկիզբը, որը «Գոբլի պլանի» հիմնական իմաստն է, սխալ է վերագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, կամ դրա սկիզբը համարել ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ի հայտ եկած թուրքական որոշակի նկրտումները: Բանն այն է, որ Զանգեզուրով Թուրքիան, Նախիջեւանը ու Ադրբեջանը իրար կապելու ծրագրերը նույնքան գործնական տեսք ուներ նաեւ անցած (20-իդ դարի- Հեղ.) դարասկզբներին, երբ ինչպես հետագայում ԽՍՀՄ-ը, փլուզվեց Ռուսական կայսրությունը, եւ ռուսական զորքը դուրս եկավ Հարավային Կովկասից: Այդ ժամանակներում էլ Թուրքիայի արձագանքը կայծակնային էր: Ճիշտ է` ծրագրերը կիսատ մնացին, քանի որ երեք-չորս տարի անց ռուսական բանակը վերադարձավ տարածաշրջան, իսկ մինչ այդ հայկական առաջին հանրապետությունը կարողացավ մի որոշ ժամանակ կանգնեցնել Առաջին համաշխարհային պատերազմում էականորեն թուլացած Թուրքիայի շարժը դեպի Արեւելք:
Սակայն փաստ է, որ թուրքերին հաջողվեց որոշակի խնդիրներ այդ պահին լուծել: Ամենաէականը` ձեւավորվեց Ադրբեջանը` որպես պետություն: Դրանից հետո արդեն կարելի է տեսնել Թուրքիայի դեպի արեւելք տեղաշարժվելու երկու ուղղություն: Առաջինի համար հիմք հանդիսացավ 1878թ.-ից Ռուսական կայսրությանը մաս կազմող Կարսի մարզը (այս հատվածի աշխարհաքաղաքական արտակարգ նշանակության մասին խոսում է այն փաստը, որ Թուրքիան եւ Անգլիան ռազմավարական առումով Կարսը համեմատում էին Սեւ ծովի նեղուցների եւ Ղրիմի հետ: Ուստիեւ, պատահականություն չէ, որ 19-րդ դարում Ռուսաստանը ստիպված եղավ չորս անգամ գրավել Կարսը` 1807, 1828, 1855 եւ 1877 թվականներին, որից հետո միայն համաշխարհային իրողությունները թույլ տվեցին այն կցել կայսրությանը): Եվ, ահա, բոլշեւիկյան հեղափոխությունից հետո Կարսը վերստին անցավ Թուրքիայի ենթակայության տակ, ինչն արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմք հանդիսացավ նաեւ Վրաստանի ուղղությամբ Թուրքիայի դեպի Ադրբեջան տեղաշարժի համար:
Երկրորդը` Նախիջեւանի ուղղությունն էր, որն Ադրբեջանին ենթարկեցնելու հարցը նույնպես Թուրքիային հաջողվեց լուծել 1920-ականների սկզբներին: Որից հետո ներաստեղծ Ադրբեջանը կարողացավ արդեն խորհրդային Ռուսաստանից կերոսինային սպառնալիքով պոկել նաեւ տեւական ժամանակահատված կռվախնձորի վերածված Ղարաբաղը: Այն, որ այս ամբողջ գործընթացն ուներ ծրագրված բնույթ, վկայում են, ասենք, հարավկովկասյան տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը գնահատող 1920թ.-ին ֆրանսիական զինված ուժերի գլխավոր շտաբի փաստաթղթերից մեկում ընդգրկված այն միտքը, որ մուսավատիստական կառավարությունը մտածում է Թուրքիայի հետ կապվել. «Հայաստանի տարածքների հաշվին` Ղարաբաղի, Զանգեզուրի միջոցով մինչեւ Նախիջեւան` Ջուլֆա, այսինքն` «Միջին Արաքսի միջանցքով»» (Այս տերմինին` «Միջին միջանցքին» դեռ կհասնենք-Հեղ.):
Նկատենք, որ այդ` «Միջին Արաքսի միջանցք» կոչվածը գործնականում նույն բանն է, ինչ «Մեղրիի միջանցք» կամ «Գոբլի պլան» ասվածը, որոնց բոլորի արդյունքում էլ իմաստային առումով հենց նույն տերիտորիալ պատկերն էր ձեւավորվում:
Իհարկե, ժամանակի ընթացքում տարբեր աշխարհաքաղաքական գործոններ են նպաստել կամ խանգարել այդ գլոբալ գաղափարը կյանքի կոչելուն: Եթե 1920-ականներին այստեղ հիմնական խաղացողներն էին նոր խորհրդայնացած Ռուսաստանն ու խորհրդայնացման «ուղին բռնած» քեմալիստական Թուրքիան, ապա 90 տարի անց նոր գլոբալ մասնակիցներ են մտնում խաղի մեջ` ԱՄն, Եվրոպա (նկատի չունենք Բրիտանիան, որն էլ, ի վերջո, նույն պայթյուրքիստական գաղափարախոսության կնքահայրերից է) եւ այլն: Շահերի որոշակի փոփոխություններ էլ կան: Բայց, մեկ է, հիմնական որոշ առանցքային գործոններ նույնն են մնացել:
Դրանցից ամենաէականը, թերեւս, խաչմերուկի գործոնն է, այսինքն` Զանգեզուրը կամ մեր օրերում արդեն դրա թեկուզեւ մի մասնիկը` Մեղրին, կդառնա արեւելք-արեւմո՞ւտք, թե` հյուսիս-հարավ ուղղությունը ամբողջականացնող հանգուցային օղակ: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե այդ աշխարհաքաղաքական առանցքների առումով` որ պետություններն ինչ կոնկրետ, ժամանակին համահունչ շահերով են առաջնորդվում: Չնայած, որ այդ տարաբնույթ շահերի հորձանուտում մեկ էական գործոն մշտապես նկատվում է` պանթյուրքիստական գաղափարախոսությունը: Ընդ որում` այն, պարզ է, որ իրատեսական է միայն Մեղրին կամ ժամանակին ամբողջ Զանգեզուրը արեւելք-արեւմուտք առանցքի օղակ դարձնելու պարագայում…
Այս հակիրճ պատմական համեմատությունները կատարեցինք ընդգծելու համար մեկ շատ պարզ փաստ. Հայաստանի հաշվին Ադրբեջանից մինչեւ Չինաստանի հյուսիս-արեւմտյան հատվածներ հասնող թուրքական ծագման աշխարհի հետ անարգել կապ ունենալու Թուրքիայի ծրագրերը դարերի պատմություն ունեն, եւ առնվազն միամտություն կլիներ` հավատալ, որ 21-րդ դարում դրանք այլեւս անցյալում են: Ընդհակառակը. ոչ միայն «Մեղրիի միջանցքի» այս ամբողջ դրամատիկ անցուդարձը, այլ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած ավելի քան երկու տասնամյակի պատմության ընթացքում նկատված բազում այլ փաստեր, միանշանակ վկայում են, որ թուրքական այդ ծրագրերը կարող են անմիջապես գործնական հուն մտնել, եթե նույնիսկ չնչին հնարավորություն է առաջանում: Ամեն անգամ, իրավիճակից ելնելով, նոր խաղացողներով, նոր հարակից շահերով, բայց միշտ նույն էությամբ:
Իրականում «Մեղրիի տարբերակը» 1991-2001 թվականենրին հանդիսացե՞լ է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի հիմնական մոտեցումը, դա առնչություն ունի՞ «Հոկտենբերի 27» կոչված սպանդի հետ: Թերեւս, մեր այս ուսումնասիրության ընթացքում ներկայացված փաստերից շատերն են ուղղակիորեն վկայում այդ մասին, իսկ ամբողջ իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է շատ ավելի խորը ուսումնասիրություն, այն էլ` պետական եւ մասնավոր դեռ գաղտնագրված արխիվային նյութերի ներգրավմամբ: Սակայն, ամենակարեւորը ոչ թե դա է, այլ այն, որ գոնե այդ գործընթացն օգնի հատկապես մեր համապատասխան պետական ատյաններին, միգուցեեւ, ավելորդ անգամ հիշել, որ թուրքական այդ բոլոր ծրագրերը Հայաստանի համար մահացու վտանգ են պարունակում:
Եվ, վերջապես, որ դրանք անցած հարյուր տարում առնվազն երկու անգամ ձախողվել են: Երկու դեպքում էլ, այսպես ասենք, հայաստանյան ծագման արգելակող գործոններ եղել են: Անցած դարի քսանականներին նախ Սարդարապատը մի որոշ ժամանակ կանգնեցրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միացման գործընթացը, ապա` ձեւավորված հայկական հանրապետությունը եւ վերջում էլ` Նժդեհի կազմակերպած զանգեզուրյան հերոսամարտը: Արդեն մեր ժամանակներում եւ հատկապես «Հոկտեմբերի 27»-ի ժամանակահատվածում կրկին հայկական բանակն է, որ հնարավորություն չտվեց Մեղրիի հանձնումն Ադրբեջանին: Սակայն այս գլոբալ հարցում հայաստանյան ներքին ռեզերվները, մեղմ ասած, սահմանափակ են: Եվ, վերջին հաշվով, երկու դեպքում էլ թուրքական այդ ծրագրերը ձախողվեցին ռուսական զորքի ժամանակին տարածաշրջան վերադառնալու արդյունքում:
Եվ ամբողջ խնդիրն այն է, որ հաջորդ անգամ ռուսական բանակը կարող է եւ ժամանակին չվերադառնա: Իսկ որ այդ հաջորդ անգամն անպայման լինելու է, հուշում է այն հանգամանքը, որ ճակատագրի բերմամբ` Հայաստանը, ավելի կոնկրետ` հարավային սահման Մեղրին, միաժամանակ հարավային սահման է նաեւ ԱՊՀ տարածաշրջանի: Ավելին` սա նաեւ եվրասիական տարածաշրջանում քրիստոնեական աշխարհի ամենահարավային կետն է, որտեղից մինչեւ իսլամական աշխարհի հատնի մայրաքաղաքներ ու հիմնական էներգետիկ ուղիներ մի քանի հարյուր կիլոմետր է բաժանում. բավարար տարածք` ժամանակակից միջին հեռահարության հրթիռների համար: Կարելի է այս ցանկը դեռ շարունակել, եւ այս փաստերից յուրաքանչյուրն արդեն իսկ բավարար է` հասկանալու համար այս կետի աշխարհաքաղաքական նշանակությունն ու այդ փաստից բխող Հայաստանին սպառնացող բոլոր վտանգները:
ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Եվ, իհարկե, սխալ կլիներ ավարտել այս պատմությունը միայն այն պատկերոցումներով, որոնք կային «Մեղրիի տարբերակի» մասին 2012թ.-ին: Գանք մեր ժամանակները:
Նախ, վերջերս արդեն ամերիկյան հին փաստաթղթերն ապացուցեցին այն, ինչի մասին խոսում էինք ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Այն է` «Գոբլի պլանից» մինչեւ «Քի Ուեսթ քննարկվել է նույն բանը` Մեղրիով դեպի Թուրքիա միջանցք բացելու հարցը, ինչի մասին ժամանակին համառորեն խոսում էինք եւ որը հետեւողականորեն փորձում էին այն ժամանակների իշխանությունները քողարկել:
Հաջորդը, ինչպես եւ ենթադրում էինք, Զանգեզուր-Արցախով թյուրքական միջանցք ստեղծելու բրիտանա-հրեական ծրագրերը ոչ միայն չդադարեցին, այլ ավելի կենսունակ դարձան: Այն, որ Հայաստանում հաջողվեց իշխանության բերել այնպիսի ուժերի, որոնց թեթեւ ձեռքով հնարավոր դարձավ Արցախը, այն էլ` լիովին հայաթափված վիճակով հանձնել Ադրբեջանին` դա «ռսի ջեբը» գցելով, ինչ խոսք, բրիտանացիների մեծագույն հաջողությունն էր (չենք մոռանում MI6, Էրդողան, Ալիեւ, Իսրայել անթաքույց դարձած կապերի մասին):
Բայց վերադառնանք «Միջին միջանցք» խոսույթին, որը մեր օրերում եւս միանշանակ տեսանելի է, ավելին` պաշտոնական քննարկման օբյեկտ, որին ցուցադրաբար հավանություն են տալիս ներկայիս նիկոլական իշխանությունները: Չնայած, դա, ըստ էության, նույն իմաստն ունի, ինչ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքը», որը երբեմնի «Գոբլի պլանի», «Մեղրիի միջանցքի», «Փարիզի սկզբունքների» «Քի Ուեսթի պայմանավորվածությունների» ժամանակակից տարբերակն է:
Այո, Արցախն ազերիններին տալով եւ երբեմնի հաղթական Հայոց բանակը ներկա խղճուկ վիճակին հասցնելով, ռուսական դիրքերն այս հատվածում հնարավորինս չեզոքացվելով, այդ երբեմնի ծրագրերի համար առավելագույն հաջող իրավիճակ կարողացան ստեղծել:
Քոչարյանը, ի դեպ, ամերիկյան այդ բացահայտումներից հետո ստիպված էր խոստովանել, որ, այո, հենց «Մեղրիի միջանցքի» թեման էր այն ժամանակ դրված բանակցային օրակարգում: Ճիշտ է, բացատրելով, թե տարբերությունն այսօրվա «Զանգեզուրի միջանցքից» այն էր, որ այն ժամանակ Ղարաբազը մնում էր Հայաստանին: Բայց սա հերթական խաբկանքն է. այն, որ «Մեղրիի միջանցքի» ստեղծելու դեպքում, որին միանշանակ հաջորդելու էր ռուսական զորքերի դուրսբերումը հայաստանից, անկախ ձեւակերպումներից, ողջ Հայաստանն էր դառնում թուրքական վիլայեթ, հազիվ թե որեւէ ողջամիտ մեկն առարկի: Եվ, հիշեցնենք, Մեղրիի դիմաց Արցախը տալը հենց Հեյդար Ալիեւի գաղափարն էր:
Ներկա պահին քոչարյանական թիմը նաեւ արդարանում է` բայց փաստն այն է, որ ոչ մի Մեղրի էլ չենք տվել` «Կարող ենք գնալ Մեղրի եւ համոզվել»: Դա ճիշտ է: Բայց քննարկել են, չէ՞: Իսկ ո՞վ էր թույլ տալիս հաղթող Հայաստանի տարածքները թեկուզեւ տեսականորեն առեւտրի մեջ ներքաշել: Ավելին, բրիտանական ծագման առեւտրի: էլ ավելին, ժամանակ կորցնել` հնարավորություն տալով Ադրբեջանին` շարունակել փող հավաքել, զինվել` մի օր ռեւանշի հասնելու հույսով: Վերջապես, կրկնենք. այս ծրագիրը կանգ առավ այն պատճառով, որ մի շարք պատճառներով Հեյդար Ալիեւը չկարողացավ այն շարունակել:
Բայց գանք նիկոլյան իշխանություններին, որոնք փորձում են հիմա աղմկել, թե բա այն ժամանակ Մեղրի էին տալիս: Իսկ իրողությունն այն է, որ ոչ թե մեղրին, այլ ողջ Զանգեզուրը տալու «ամենալավ» նախապայմանները հենց ներկա իշխանություններն են ստեղծել:
Մեկ բան է խանգարում. ռուսները դեռ այստեղ են, եւ հիմա Իրանի հետ ամենասերտ գործակցությամբ:
Վերջին ժամանակներս եւս մեկ ծանրակշիռ փաստարկ եւս ավելացավ. ռուսների աշխարհաքաղաքական, ռազմական դիրքերը կտրուկ բարձրանում է: Իսկ ահա բրիտանացիները սկսել են բախվեն ամերիկացիների հետ:
Իսկ հանուն բրիտանա-թուրքական շահերի Արցախը հանձնողները, միանշանակ, պատասխան տալու են...
ՎԵՐՋ
https://iravunk.com/sim/?p=306719&l=am/